Հայաստանի համայնքների միության (ՀՀՄ) նախաձեռնությամբ մեկնարկել է «Տեղական իշխանությունների ասոցիացիաների դերը» աշխատաժողովը, որի շրջանակում տրվել է Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար 2015-2017թթ. Գործողությունների ծրագրի մասը կազմող «Ինստիտուցիոնալ աջակցություն Հայաստանի համայնքների միությանը» ծրագրի մեկնարկը: Աշխատաժողովի բացմանը մասնակցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Եվրոպայի խորհրդի Տեղական ու տարածքային իշխանությունների Կոնգրեսի փոխնախագահ Ջուլիանա Հոջան, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, ինչպես նաև ՀՀ մի շարք համայնքների ղեկավարներ:
«Ինստիտուցիոնալ աջակցություն Հայաստանի համայնքների միությանը» ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից «Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավում» ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է ամրապնդել ՀՀՄ-ի ինստիտուցիոնալ կարողությունները, որի արդյունքում Միությունը կունենա ավելի հզոր ներքին կառավարման և ղեկավարման համակարգ, կբարելավի շահերի պաշտպանության ու հաղորդակցման կարողությունները, ինչպես նաև կմշակի ինստիտուցիոնալ զարգացման ռազմավարություն, որը հավանության կարժանանա իր անդամների կողմից:
Աշխատաժողովի շրջանակում կներկայացվի եվրոպական այլ պետությունների տեղական իշխանությունների ասոցիացիաների փորձը: Եվրոպական երկրների, տեղական իշխանությունների ասոցիացաների ներկայացուցիչները կմանրամասնեն անդամ համայնքներին իրենց կողմից մատուցված ծառայությունների մասին, իրենց անդամների շահերի պաշտպանության և ընդհանուր շահերի առաջմղմանն ուղղված լոբբիստական գործունեության ընթացքում կիրառվող գործիքներն ու արձանագրած հաջողությունները, ինչը կնպաստի ՀՀՄ-ի կողմից իր գործընկերների հաջողությամբ կիրառված մոդելներն ու մոտեցումները փոխառելուն:
Հայաստանի համայնքների միություն