Այսօր «Մեդիա կենտրոնում» ներկայացվեցին ԱԺ 6-րդ նստաշրջանի գործունեության դիտարկման արդյունքները: Մոնիթորինգն իրականացվել է «ԱԺ օրենսդրական գործունեության մոնիթորինգ» ծրագրի շրջանակներում՝ «Մանդատ» հ/կ-ի կողմից:
Ըստ մոնիթորինգի, ողջ նստաշրջանի ընթացքում ընդունվել է 132 օրենք, որից 64-ը՝ արտահերթ նստաշրջանի արդյունքում: Ոչ իշխանական ուժերի կողմից հրավիրված արտահերթ 3 նիստերը չեն կայացել:
Ծրագրի փորձագետ Գոռ Աբրահամյանն ասաց, որ ողջ նստաշրջանի ընթացքում ԱԺ էթիկայի հանձնաժողովը փայլել է «ակտիվությամբ» եւ ընդամենը 1 դիմում է ստացել, որը մերժել է: Դիմումների քանակը ցույց է տալիս վստահության անկումն այդ հանձնաժողովի նկատմամբ:
Ըստ մոնիթորինգի, 5-րդ գումարման ԱԺ-ում ամենաշատ բացակայած պատգամավորը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է, ամենաշատը կողմ քվեարկել են ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Ռազմիկ Զոհրաբյանն ու Հովհաննես Սահակյանը: Ամենաշատ դեմ քվեարկած պատգամավորը Նիկոլ Փաշինյանն է, իսկ ամենաշատ հարցեր եւ ելույթներ հնչեցրել է ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Կարդացեք նաև
ԱԺ մոնիթորինգ ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանն ասաց, որ խորհրդարանն աշխատում է իր ներուժի 50 տոկոսի չափով: Դիտարկման արդյունքներով պարզ է դառնում, թե որ խմբակցությունն է քար լռություն կտրում՝ օրենքների քննարկման ժամանակ: 5-րդ գումարման ԱԺ-ի 6-րդ նստաշրջանում 131 պատգամավորներից 67-ը ընդհանրապես ոչ մի հարց չի տվել եւ ոչ մի ելույթ չի ունեցել: ՀՀԿ եւ ԲՀԿ խմբակցություններում «լուռ» պատգամավորները կեսից ավելին են. ՀՀԿ-ում 70-ից 40-ը լուռ է եղել, ԲՀԿ-ում՝ 36-ից 26-ը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ