Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ և փորձագիտական հանձնախումբ ստեղծելու մասին որոշման նախագիծը կառավարության նիստում ներկայացրեց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ նշելով, որ նախագիծն անցել է հանրային քննարկումներ: Կառավարությունը որոշումը հիմնավորել է այսպես. «Վերջին տասնամյակում կոռուպցիայի դեմ պայքարը դարձել է ՀՀ կառավարության գերակայություններից մեկը: Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնախնդրի լուծման համար, թերևս, կարևորագույն երաշխիքներից է հանդիսանում հակակոռուպցիոն ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող ինստիտուցիոնալ համակարգի ներդրումը, ինչը բխում է նաև Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների տրամաբանությունից: Այդ համակարգը, ըստ էության, պետք է միտված լինի հակակոռուպցիոն քաղաքականություն իրականացնող մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև կոռուպցիայի կանխարգելման և բացահայտման մարմինների միջև կայուն կառուցակարգված համագործակցության ապահովմանը»:
Հովհաննես Մանուկյանը հայտնեց, որ խորհուրդը ղեկավարելու է վարչապետը, ներգրաված են լինելու ֆինանսների նախարարը, կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարարը, ինչպես նաև պատգմավորներ: Պատգամավորներ ընդգրկելու համար կառավարությունը պետք է դիմի ԱԺ-ին:
ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն առաջարկեց անմիջապես դիմել ԱԺ խմբակցություններին՝ նշելով, որ պետք է դիմել ընդդիմադիր խմբակցություններին: Հովիկ Աբրահամյանը հակադարձեց, ասելով, թե ճիշտ կլինի դիմել ԱԺ նախագահին: Ըստ վարչապետի՝ «Որքանո՞վ է ճիշտ միանգամից դիմել խմբակցություններին»: Երբ Հրայր Թովմասյանը շարունակեց պնդել իրենը՝ բանավեճի բռնվելով արդարադատության նախարարի հետ, նրան նկատողություն արեց վարչապետը՝ «Լավ, թեման փակենք արդեն, պարոն Թովմասյան»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Հովիկ Աբրահամյանը ասել է փակեք թեման??? Մարդը չի ուզում իր դեմ պայքարի մասին լսել…..