Հատված «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հետ հարցազրույցից:
– Պարոն Կարապետյան, երբ Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի, ընդհանրապես՝ իշխանությունների եւ «Բարգավաճ Հայաստանի» հակամարտությունը սրվեց եւ հասավ իր գագաթնակետին, տպավորություն ստեղծվեց, թե Գ. Ծառուկյանն իսկապես կարող է դառնալ ընդդիմության առաջնորդը եւ հասարակության ընդդիմադիր հատվածի աջակցությամբ գնալ իշխանափոխության։ Բայց շուտով Սարգսյանն ու Ծառուկյանը հանդիպեցին, եւ երեւացին հաշտեցման առաջին նշանները։ Երեկ ԲՀԿ-ն չեղյալ հայտարարեց փետրվարի 20-ին եռյակի հրավիրած համազգային հանրահավաքը, Գ.Ծառուկյանն էլ խոսնակի միջոցով հայտարարեց իշխանության դեմ «պատերազմը» դադարեցնելու մասին։ Ձեր կարծիքով, Ծառուկյանն իրո՞ք կարող էր դառնալ ընդդիմության առաջնորդ, թե՞ այս գործընթացները չէին կարող դուրս գալ ներօլիգարխիկ, ներհամակարգային բախման շրջանակներից։
– Շատ ճիշտ քաղաքագիտական հարց է։ Զուտ քաղաքագիտական տեսանկյունից՝ Գագիկ Ծառուկյանը երբեք չէր կարող դառնալ ընդդիմության լիդեր, որովհետեւ Հայաստանում ընդդիմության լիդեր լինելու համար այլ հատկանիշներ են անհրաժեշտ։ Փող ունենալը, ինչ-որ տեղ բարի մարդ լինելը, նույնիսկ լավ հայ լինելը ոչ միայն բավարար ու անհրաժեշտ չեն ընդդիմության լիդերի համար (ես խոսում եմ Ծառուկյան մարդու մասին), այլ նման հատկանիշներն ընդհանրապես չեն էլ քննարկվում։ Երբ Սահակաշվիլին դարձավ Վրաստանի ընդդիմության լիդեր, այդ հատկանիշներից որեւէ մեկին չէր տիրապետում, ոչ փող ուներ, ոչ ժողովրդի սերն էր վայելում։ Բայց դարձավ առաջնորդ, որովհետեւ ուներ այլ հատկանիշներ՝ համարձակություն, քաղաքական միտք, խոսելու, ժողովրդին համոզելու ունակություն, ստացած հրաշալի կրթություն, ամենակարեւորը՝ արտաքին աջակցություն եւ այլն։ Հայաստանը կովկասյան երկիր է, եւ այստեղ բնավորության այլ գծեր են պետք ընդդիմության լիդեր դառնալու համար։ Այդ առումով ինչ էլ անեին, լիդեր չէր կարող դառնալ։ Իսկ այդ բախումն իրական էր, կազմակերպված որեւէ բան չկար, հասկանալի էր։ Եվ պետք է ասեմ, որ այս փուլում ամեն ինչ սկսվեց Գ.Ծառուկյանի մոսկովյան այցից հետո։
– Այսինքն՝ դա՞ զայրացրեց Ս. Սարգսյանին։
Կարդացեք նաև
– Մոսկովյան այցելությունները ոչ թե զայրացնում են, այլ Մոսկվայում այցելությունների պրագմատիզմը շատ բարձր է։ Մոսկվայում քաղաքական վերնախավը պրագմատիկ է:։ Եթե հասկանում են, որ մարդը կարող է ինչ-որ բանի հասնել, այն ժամանակ այլ խոսակցություն է լինում։ Եթե տեսնում են, որ չի կարող հասնել սահմանված նշաձողին, այլ մոտեցում են ցուցաբերում։
– Ուրեմն ի՞նչ եզրակացության են եկել այնտեղ։
– Իմ անձնական եզրակացությունն այն է, որ Մոսկվայից հետո Ս. Սարգսյանի ձեռքերն արձակվեցին։
Արամ ՍԱՐԳՍՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում