Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանն ի՞նքն էր քաղաքականությամբ զբաղվում, թե՞ նա ընդամենը ֆասադ էր.«Հայկական ժամանակ»

Փետրվար 19,2015 11:08

Փետրվարի 12-ի տխրահռչակ ելույթում Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին համարում էր Հայաստանի երկրորդ քաղաքական ուժի ֆորմալ ղեկավար։ Այս դեպքում հարց է ծագում, եթե Ծաոուկյանը ֆորմալ ղեկավար է, ո՞վ է ԲՀԿ-ի իրական ղեկավարը կամ ո՞ւմ նկատի ունի Սարգսյանը որպես այդպիսին։ Ռոբերտ Քոչարյանի՞ն, Լեւոն Տեր-Պետրոսյանի՞ն, ուրիշ որեւէ մեկի՞։ Ով էլ լինի նա, ակնհայտորեն տանուլ է տվել այս պարտիան, եւ այս պարտության հետեւանքները չի կարողանալու հաղթահարել։

Եվ ընդհանրապես կարող ենք արձանագրել, որ այն շենքը, որտեղ տեղավորվել էին ոչ իշխանական եռյակի ներկայացուցիչները, փլուզվեց։ Որ այդ փլուզման ընթացքում եղել են բազմաթիվ քաղաքական զոհեր եւ վիրավորներ, միանշանակ է։ Սա մի ցնցում է, որի հետեւանքները քաղաքական դաշտը դեռ երկար պիտի հաղթահարի։

Բայց եւ հստակ պատասխանի կարիք է զգում հարցը. Գագիկ Ծառուկյանն ի՞նքն էր քաղաքականությամբ զբաղվում, թե՞ նա ընդամենը ֆասադ էր ինչ-որ մարդկանց համար, ընդամենը մարիոնետ, տիկնիկ մեծ մարմնով ու շատ փողով։

Իսկ ընդհանրապես այս կարճ, բայց չափազանց լարված պատմությունը ստիպում է լրջագույն հետեւություններ անել Հայաստանում ընդդիմադիր քաղաքական գործունեության կապակցությամբ։ Հայաստանում իշխանափոխության համար պայքարող ուժերը ունեցել են բոլոր հնարավոր տեսակի առաջնորդներ։ Ծառուկյանը՝ միլիոնատեր, օլիգարխ։ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հայրենադարձ սփյուռքահայ։ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ նախկին նախագահ եւ ինտելեկտուալ։ Ստեփան Դեմիրճյանը՝ հանգամանքների բերումով քաղաքականության մեջ հայտնված մարդ։ Կարեն Դեմիրճյանը՝ ուժեղ եւ խարիզմատիկ խորհրդային առաջնորդ։ Վազգեն Մանուկյանը՝ Ղարաբաղյան շարժման հզոր ներկայացուցիչ, Պարույր Հայրիկյանը՝ խորհրդային դիսիդենտ։ Բոլոր այս մարդիկ, իրարից տարբերվող մարդիկ իշխանափոխության համար պայքարում ունեցել են նույնանման արդյունքներ, ձախողում։

Սա նշանակում է, որ վաղուց հասունացել է ժամանակը, որ ընդդիմադիր քաղաքական ուժերն ու գործիչները դադարեն տրորված ճանապարհներով առաջ շարժվելու գործելակերպը։ Գլխից մեծ խոստումներ տան ժողովրդին եւ վճռական պահին նրան թողնեն անպաշտպան։ Սրա կարետրագույն պատճառն այն է, որ ընդդիմադիր առաջին դեմքերը, որպես կանոն, ունեն որոշումներ կայացնելու անսահմանափակ լիազորություններ եւ հնարավորություն, եւ ուրեմն վճռական պահին դառնում են խիստ կառավարելի եւ խոցելի՝ այսպիսով ձախողելով եւ խեղելով մի ամբողջ ժողովրդի եւ քաղաքական սերնդի ճակատագիր։ Ընթացիկ ժամանակաշրջանը, ըստ այդմ, պետք է դառնա նոր, ինստիտուցիոնալ ընդդիմության ձեւավորման շրջան, որը ունի ուժեղ լիդերներ, բայց այդ լիդերներին չի տրված միանձնյա որոշումներ կայացնելու եւ հազարավոր մարդկանց ճակատագրերը միանձնյա որոշելու հնարավորություն։ Քաղաքական լիդերներին պետք է փոխարինելու գա քաղաքական լիդերությունը, որտեղ բոլոր որոշումները, առանց բացառության, կայացնում են քաղաքական թիմերը, եւ լիդերությունը ոչ թե արտոնություն է, այլ ընդամենը դերակատարում։

Վերադառնալով ընթացիկ իրավիճակին՝ կարող ենք արձանագրել, որ երեկ տեղի ունեցածով ազդարարվում է ոչ միայն Գագիկ Ծաոուկյանի, այլեւ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական կարիերայի վերջը։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728