Լրահոս
Օրվա լրահոսը

Կուտակային բաղադրիչի մասնակիցներին գործատուների միջոցով վերադարձվում է 2014թ. հունվար-հունիս ամիսների պարտադիր կուտակային վճարների մի մասը

Փետրվար 19,2015 10:47

Կուտակային բաղադրիչի մասնակիցներին վերադարձվում է 2014թ. հունվար-հունիս ամիսներին կատարված պարտադիր կուտակային վճարների այն մասը, որոնք չեն համադրվել հարկային մարմին ներկայացված հաշվետվությունների հետ և չեն փոխանցվել մասնակիցների կենսաթոշակային հաշիվներին:

Գումարների վերադարձը մասնակիցներին կատարվում է գործատուների միջոցով, որոնք այս օրերին ծանուցումներ են ստանում հարկային տեսչություններից` չմարված կամ մասնակի վճարված կուտակային վճարների պարտավորությունների վերահաշվարկման և զրոյացման արդյունքում գրանցված գերավճարների վերաբերյալ: Գործատուները պետք է համապատասխան հարկային տեսչություն ներկայացնեն այդ գերավճարների վերադարձի դիմում, ինչից հետո կկատարվի գումարների վերադարձը ֆիզիկական անձանց:

ՀՀ ֆինանսների նախարարի 2014թ. հոկտեմբերի 24-ի N733-Ն հրամանով սահմանվել է 2014թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կատարված կուտակային վճարների վերահաշվարկման կարգը: Ընդ որում` վերահաշվարկման ենթակա են միայն այն վճարները, որոնք վերը նշված կարգի 1-ին կետի համաձայն մարված չեն, այսինքն` պահվել են մասնակիցների աշխատավարձերից, փոխանցվել են գանձապետական կամուրջ հաշվին, սակայն ճշտված հաշվարկների ներկայացման և կուտակային վճարների մասնակի վճարման արդյունքում չեն փոխանցվել մասնակիցների ռեեստրը վարողին` ՀՀ Կենտրոնական դեպոզիտարիա մասնակիցների անհատական հաշիվներին:

Հրամանով սահմանված կարգով` այդ գումարների մասին ծանուցում է ուղարկվում բոլոր այն գործատուներին, որոնց կուտակային վճարների պարտավորությունների մարման արդյունքում գրանցվել են այդպիսի գերավճարներ: Գործատուները, ինչպես տեղեկացվում է ծանուցման մեջ, պետք է ներկայանան տարածքային հարկային տեսչություն և ներկայացնեն կուտակային վճարի գերավճարի վերադարձի մասին դիմում:

Գործատուի կողմից հիշյալ դիմումը հարկային մարմին ներկայացնելու օրվանից հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում, գերավճարը փոխանցվում է գործատուի ներկայացրած բանկային հաշվեհամարին  (բացառությամբ գերավճարի գումարը հիմնավոր չհամարվելու դեպքերի): Դրանից հետո գործատուն մասնակիցներից պահված գումարները պարտավոր է համապատասխանաբար վերադարձնել ֆիզիկական անձանց` կանխիկ կամ անկանխիկ եղանակով:

Այսպիսով, 2014 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կուտակային բաղադրիչի մասնակից հանդիսացող անձանց այն կուտակային հատկացումները, որոնք պահվել են աշխատավարձից և փոխանցվել գանձապետական կամուրջ հաշվին, սակայն տարբեր  պատճառներով (մասնավորապես` ճշտված հաշվարկների ներկայացման և կուտակային վճարների մասնակի վճարման դեպքերում) չեն փոխանցվել մասնակիցների անհատական կենսաթոշակային հաշիվներին, ամբողջությամբ ենթակա են վերադարձի քաղաքացիներին` գործատուների միջոցով:

Հիշյալ ծանուցումների և դրանցից բխող գործողությունների վերաբերյալ հարցեր ունենալու դեպքում քաղաքացիները կարող են դիմել 114 անվճար թեժ գծին:

 

ԿՀԻԿ հիմնադրամ,

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728