Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Բա դո՞ւք ուր էիք՝ որպես լրագրող, դուք էլ պետք է պատասխան տաք, այդ գաղջ օդը շնչել եք»

Փետրվար 19,2015 16:00

Գուրգեն Եղիազարյանը՝ ԲՀԿ-ի մեղքերի մասին

ԲՀԿ-ին անդամագրվելու հայտարարություն տարածած, բայց ԲՀԿ անդամ չդարձած Գուրգեն Եղիազարյանը երեկ լրագրողներին վստահեցնում էր, որ Գագիկ Ծառուկյանը ամեն ինչ մի կողմ դրած՝ եկել կանգնել է ժողովրդի կողքին, որ նրան շատ է գնահատում:
Մեզ հետ զրույցում հարցին՝ իսկ Դուք պատկերացնո՞ւմ եք Գագիկ Ծառուկյանին ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատվիրակների հարցերին պատասխանելիս, Գուրգեն Եղիազարյանն ասաց. «Ես տեսել եմ Սերժ Սարգսյանի պատասխանները, պատկերացնում եմ: Ես տեսել եւ լսել եմ: Գագիկ Ծառուկյանի դեպքում ամոթալի չէ: Գագիկ Ծառուկյանը երբեք հայ-թուրքական արձանագրությունների տակ չէր ստորագրի: Ավելի քան համոզված եմ»:

Գուրգեն Եղիազարյանը պահանջում է, որ Սերժ Սարգսյանը ներողություն խնդրի երկրի ներկայիս վիճակի համար: Մեր հարցին՝ այդ դեպքում ԲՀԿ-ից չե՞ք պահանջում նույնը, ԲՀԿ-ն մեղսակից է եղել շատ խնդիրների, ԲՀԿ-ի եւ Գագիկ Ծառուկյանի՝ ներողություն խնդրելու անհրաժեշտություն չկա՞, որ ասի՝ ժողովուրդ, կներեք, ես էլ իշխանության հետ ամեն ինչ արել եմ, նա պատասխանեց. «Մենք հիմա ինչի՞ մասին ենք խոսում, խոսում ենք, որ ՀՀ առաջին դեմքը՝ Սերժ Սարգսյանը, ելույթ է ունենում եւ բառացիորեն ասում է՝ մի հատ հետաքրքրվեք տեսեք՝ ինչպես է թաքցնում Գագիկ Ծառուկյանն իր հարկերը: Այդ Սերժ Սարգսյանը որտե՞ղ էր, չէ՞ր իմանում՝ ինչ է կատարվում, չէ՞ր իմանում, որ եթե հանցագործ է, պետք է պատժվի: Այսինքն՝ ես գիտեմ հանցագործության մասին, բայց ծպտուն չեմ հանում, հա՞: Ինչի՞ էր սպասում 5-6 տարի, հետո ասեր՝ մի հատ հլը զբաղվեք, ոնց են կոծկել: Այսինքն՝ եթե իմ հետ ես, ինչ ուզում ես՝ արա, իսկ եթե իմ հետ չես, հանցագործ ես, պետք է պարտադիր պատժվե՞ս: Բա դո՞ւք ով եք: Ասենք, հարձակվեցին, մարդ ծեծեցին, մարդ սպանեցին, մինչեւ ե՞րբ»:

Մեր հարցին՝ Գագիկ Ծառուկյանը 2008-ին է՞լ էր ժողովրդի կողքին, բարիկադների ո՞ր կողմում էր, նա պատասխանեց. «Երբ ամեն ինչ, այս կրքերը հանդարտվեն, երբ ունենանք օրինակարգ իշխանություն, ես խոստանում եմ, որ ձեզ հետ միասին այդ հարցը կբարձրացնեմ՝ ուղիղ դեմ դիմաց»: Մենք ճշտեցինք՝ այդ հարցը կբարձրացնեք երբ արդեն նախագա՞հ լինի Գագիկ Ծառուկյանը, Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Նախագահ, Աստված տա, որ լինի այն մարդը, ում ձայն կտա ՀՀ քաղաքացին, որովհետեւ այս հիմարագույն վիճակից ուզում եմ ազատվենք: 5000-անոցով, ալյուրով, կարագով, չգիտեմ ինչով գյուղացուն քցելով՝ նախագահ դառնալն ուզում եմ վերանա: Ունենանք մարդ, ում տվել է ՀՀ քաղաքացին իր ձայնը, այն ժամանակ էլ կխոսենք»:

Մենք հետաքրքրվեցինք՝ այդ նույն ընտրակեղծիքներին ԲՀԿ-ն մասնակից չի՞ եղել, նա պատասխանեց. «Այսինքն՝ մի բան ասեմ՝ քանի որ մենք բոլորս շնչել ենք այս գաղջ օդը, վաղը ես ձեզ էլ կհարցնեմ՝ բա դո՞ւք ուր էիք՝ որպես լրագրող, դուք էլ պետք է պատասխան տաք, այդ գաղջ օդը շնչել եք: Այնպես որ՝ հարվածի ուղղությունը չփոխենք: Ես չեմ փոխելու»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728