Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թուրքերը շահարկում են անմոռուկը

Փետրվար 19,2015 13:30

Եվ նշում, որ Հայաստանը Ցեղասպանության
հարցը «Եվրատեսիլ» է տեղափոխում

Թուրքական մամուլը սկսել է շահարկել «Եվրատեսիլ 2015»-ին Հայաստանի մասնակցությունը, ներկայացրած երգը, երգիչներին ու նրանց ծագումը: Մասնավորապես նշում են, թե Հայաստանը Ցեղասպանության հարցը «Եվրատեսիլ» է տեղափոխում, եւ որ «Եվրատեսիլ 2015»-ում Հայաստանը ներկայացնող արտիստները 1915 թվից հետո աշխարհի չորս կողմերը հեռացած հայերի ժառանգների ներկայացուցիչներ են, որոնք էլ երգի միջոցով ասելու են «Մի՛ ժխտիր»: Հիշեցնենք, որ Genealogy անվանումով խմբում ծագումով հայ 6 երգիչներ են, որոնք զուգակցվում են անմոռուկի 5 թերթիկների հետ, եւս մեկ հայաստանյան մասնակից համախմբում է թերթիկները: 6 արտիստները 6 ճակատագիր են, բայց մեկ պատմություն:

Երբ խոսք է գնում թուրքական, ադրբեջանական մամուլում տարածված «մեզ» վերաբերող տեղեկատվության մասին, մասնագետները նշում են, որ պետք չէ անդրադառնալ, տարածել կամ մեկնաբանել այն, սակայն այս դեպքում, ըստ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի, խնդիրը այլ է՝ տեղեկատվական քաղաքականությունը շատ կարեւոր է: Ըստ Հրանտ Մելիք-Շահնազարյանի՝ եթե թուրքական, ադրբեջանական մամուլում ի հայտ են գալիս քարոզչական նոր թեզեր, պետք է այն միանգամից բացահայտել, մերկացնել ու անցնել առաջ. «Իհարկե, ամեն մի հրապարակման պետք չէ արձագանքել, նման ռեսուրսներ, նյարդեր չկա, բայց քարոզչականին՝ անպայման պետք է անդրադառնալ ու թույլ չտալ, որ այն իրավիճակ փոխի»:

Ինչ վերաբերում է «Եվրատեսիլ» երգի մրցույթին առնչվող տարածված տեղեկատվությանը, ապա Հրանտ Մելիք-Շահնազարյանը գտնում է, ակնհայտ է, որ սա քարոզչական հնարք է ու պարզ է, որ նման տեղեկատվությանն առաջին հերթին պետք է արձագանքի հայկական տեղեկատվական դաշտը, որպեսզի աշխարհին ցույց տա, որ իրականում թուրքական քարոզչությունը փորձում է փոխել այն առաջնահերթությունները, որոնք այսօր առկա են Հայաստանում:

«Իհարկե, բոլորս էլ հասկանում ենք, որ ոչ միայն «Եվրատեսիլը», այլեւ ցանկացած նմանատիպ միջոցառում երբեք հայերի համար չի կարող ավելի կարեւոր ու առաջնային լինել, քան ցեղասպանության խնդիրն է, եւ ոչ միայն հարյուրամյա տարելիցի ժամանակ, այլեւ ցանկացած տարի: Հետեւաբար խոսել նման պնդման ճշմարտացիության մասին՝ իհարկե, ծիծաղելի է: Թե ինչու է Թուրքիան նման քայլեր անում, դա էլ է հասկանալի: Ընդ որում՝ նման ցեզեր ներկայացնելու խնդիր ունեն ոչ միայն սեփական բնակչությանը, այլեւ միջազգային հանրությանը, որովհետեւ, ինչպես հայտնի է, Թուրքիայում նույնպես առկա է բավականին ստվար զանգված, ովքեր պահանջում են Թուրքիայի իշխանություններից ճանաչել ցեղասպանությունը եւ կարգավորել հարաբերությունները հայ ժողովրդի հետ: Թուրքական մամուլը փաստացի փորձում է խաբել եւ ցույց տալ, թե հայերն այլ առաջնահերթություններ ունեն եւ իբր իրենց մտահոգությունները մեզ չեն հետաքրքրում: Սա մոլորեցնելու միջոց է եւ ոչինչ ավելին: Պարզապես պետք է նշել, որ սա եւս մերժողական քաղաքականության դրսեւորումներից է, եւ չպետք է կենտրոնանալ նման հերյուրանքների վրա»,- համոզված է Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Հավելենք, որ թուրքական լրատվամիջոցներն անդրադարձել են նաեւ մեր խորհրդանիշին՝ անմոռուկ ծաղկին ու գրել, որ նախագծի հիմնական նպատակը աշխարհի 5 մայրցամաքներում ցրված հայերի միացումն է։

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728