Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Աբրահամը՝ Փոլ Սմիթին. «Փետրվարի 21-ին գալու է «Դատաստանի օրը»: Զգույշ եղիր»

Փետրվար 19,2015 13:00

Փետրվարի 21-ին Բեռլինում կայանալու է WBO վարկածով 2-րդ միջին քաշային կարգում Գերմանիան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի եւ բրիտանացի Փոլ Սմիթի ռեւանշ մենամարտը:

Մարտից առաջ «Արքա Արթուրը» Ring.tv-ի հետ հարցազրույցում խոսել է այդ իրադարձության եւ բռնցքամարտում իր ապագա ծրագրերի մասին:

– Ի՞նչ մտքեր ունես ռեւանշ մենամարտից առաջ:

– Առաջին մենամարտից հետո հրավիրված մամուլի ասուլիսում Փոլ Սմիթին ասացի, որ ես պատվի մարդ եմ եւ եթե նա ռեւանշ է ուզում, կկատարեմ նրա ցանկությունը: Վստահ եմ, որ այն մարտում ես հաղթել եմ ռաունդների առնվազն 8-4 հարաբերակցությամբ: Բայց ես դժգոհ եմ իմ մրցելույթից, քանի որ կարող եմ ավելի լավ մենամարտել: Փետրվարի 21-ին գալու է նոկաուտով հաղթելու ժամանակը:

– Առաջին մենամարտը կայացել է սեպտեմբերին եւ դու մրցավարների միաձայն որոշումով հաղթել ես մեծ առավելությամբ: Այն մենամարտի մասին ի՞նչ կասես:

– Վեց կամ յոթ ռաունդ ես վերահսկում էի տեմպը, արագությամբ գերազանցում էի նրան եւ հաղթել եմ դրանցից յուրաքանչյուրում: Հետո արդեն ձգտում էի մարտը ժամանակից շուտ ավարտել, փոխանակ շարունակեի այնպես, ինչպես դրանից առաջ:

– Սմիթի հետ ռինգում 12 ռաունդ անցկացնելուց հետո ի՞նչ կասես նրա ունակությունների մասին:

– Սմիթը ռինգ մտել էր հաղթելու նպատակով: Նա ուժեղ կամք եւ հարվածային լավ տեխնիկա ունի: Ես նախապես գիտեի նրա ուժեղ կողմերը: Սմիթը հանդես եկավ այնքան լավ, որքան կարող էր: Սակայն ես կարող եմ ավելի լավ հանդես գալ, քան սեպտեմբերին: Նա այս անգամ կկարողանա՞ կրկնել իր մրցելույթը, կտեսնենք փետրվարի 21-ին:

– Փոլն ավելի լավը չէ՞ր, քան դու մտածում էիր:

– Նա ցույց տվեց հենց այն, ինչ ես սպասում էի:

– Շուտով 35 տարեկան կդառնաս: Դեռ կարծում ես, որ հնարավորություններիդ գագաթի՞ն ես: Դեռ որքա՞ն ժամանակ կարող ես հանդես գալ բարձր մակարդակով:

– Կարծում եմ՝ եւս 2-3 տարի: Ես հաճույքով եմ բարձունքում ժամանակ անցկացնում եւ հեռանալու մասին մտածելու պատճառ չունեմ:

– Դու երկու քաշային կարգերում աշխարհի չեմպիոն ես, մենամարտել ես միջին եւ երկրորդ միջին քաշային կարգերի լավագույն բռնցքամարտիկների հետ: Բռնցքամարտում էլի ի՞նչ նպատակներ ունես:

– Ակնհայտ է՝ վերադարձնել Անդրե Ուորդից եւ Կարլ Ֆրոչից կրած պարտությունները: Բայց կան նաեւ Ռոբերտ Շտիգլիցի եւ Ֆելիքս Շտուրմի հետ մենամարտերը:

– Ռեւանշ մենամարտից առաջ Փոլ Սմիթին որեւէ ուղերձ ունե՞ս:

– Ցանկություններիդ հետ զգույշ եղիր: Փետրվարի 21-ին գալու է «Դատաստանի օրը»:

Պատրաստեց ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
18.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728