Մարդը կարող է արտաքին տվյալներով հաջող չլինել, բայց ներկայանա այնպես, որ չնկատվի նրա արտաքին անհամաչափությունները: Մարդու ամենամեծ հմայքը, ըստ հոգեբանների` ձայնն է, որը շատ կարեւոր է, քանի որ ձայնը ավելի շատ է տպավորվում: «Մոնոտոն խոսքը ինքնավստահության կորստի արդյունք է, բարձր խոսելը, անհարկի ծիծաղելը ցույց է տալիս, որ մարդ թերարժեք է, որն այդ վարքով ցանկանում է ինքնահաստատվել»,-«Առավոտի» հետ զրույցում ասաց հոգեբան Աննա Բադալյանը: Նա ասաց, որ ինքնավստահությունը, բայց ոչ ինքնահավանությունը, գեղեցիկ շարժ ու ձեւը, խոսքի հարալեզվակ միջոցները, ձայնի երանգավորումն ու նուրբ դիմախաղը, որի միասնականությունը ծնում է շարմ` ավելի հիշվող են, քան զուտ արտաքին տվյալները:
Ըստ մասնագետի` հաճոյություն ընդունել-չընդունելը եւս կարող է հանգեցնել արտաքին տեսքից դժգոհության ազդակ, քանի որ մեկ, երկու երբ հաճոյանում են եւ տվյալ անձը չի ընդունում, ապա շրջապատին ազդակ է տալիս, որ թերարժեք է, պետք չէ նկատել: «Առաջին քայլը` պետք է վերականգնել սեփական ինքնագնահատականը, փոխել սեփական վերաբերմունքը որոշակի խնդիրների նկատմամբ, դառնալ ավելի հանդուրժող, փորձել փոքրիկ իրերի մեջ տեսնել նորը, բազմազանությունը, հետաքրքրությունը: Մարդկային փոխհարաբերությունների մեջ ավելացնել ջերմությունը»,- նշեց հոգեբանը: Այս ամենը, երբ որ դառնում է վարքի ձեւ եւ մարդ այդ բոլորը կիրառում է կյանքում, այլ ոչ թե ձեւական` դառնում է մարդու իրական տեսակը:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
18.02.2015