Լրահոս
Օրվա լրահոսը

Վերին Կարմիրաղբյուրի բնակիչները նորից իրենց կհրկիզե՞ն

Փետրվար 18,2015 22:07

2014թ. օգոստոսի 7-ին սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուրի խաղողի եւ պտղատու այգիներում «Եղվարդշին» ԲԲԸ-ի կողմից իրականացված ոռոգման ջրագծի ապամոնտաժման աշխատանքների ժամանակ, անվտանգության կանոնները չպահպանելու հետեւանքով, եռակցման ապարատից թռած կայծից հրդեհ է բեռնվել, որը մեծ վնաս է պատճառել: Նախկինում խոսք էր գնում  48 ընտանիքներին պատկանող 12 հա այգիների , հետո՝ 37 ընտանիքին պատկանող 6.8 հա այգու մասին: Հրդեհի կապակցությամբ հարուցված քրեական գործը քննվում է Բերդի ոստիկանությունում:

«Եղվարդշինը» հրդեհի պատճառ դարձած աշխատանքները կատարել է առանց շինարարական թույլտվության, հրդեհից հետո Վ. Կարմիրաղբյուրի համայնքապետարանից ստացել է շինթույլտվություն: Վերին Կարմիրաղբյուր համայնքի ղեկավար Կամո Չոբանյանը հայտնեց, որ փետրվարի 14-ին իրենց համայնք է եկել «Եղվարդշին» ԲԲԸ տնօրեն Սամվել Վարդանյանը: Գյուղապետն ասաց, որ երբ Վարդանյանը հեռախոսազանգով հանդիպման առաջարկ է արել, ինքը նրան ասել է,որ կարող են հանդիպել կես ժամից, սակայն Վարդանյանը դրան չի համաձայնվել: Վերջինս հանդիպել է հրդեհց առավել վնասներ կրած Վերին Կարմիրաղբյուրի 5 բնակիչների հետ,զրույցի ընթացքում նրանց սպառնացել: Գյուղապետը հայտնեց, որ հրդեհի գործը դեռ դատարան չի ուղարկել: Կ. Չոբանյանն ասաց, որ գործն այնպես է տարվում, որ հրդեհի միակ մեղավոր համարվի եռակցման աշխատանքներ կատարած բանվորը:

Նրա խոսքերով՝ վերջինիս ունեցվածքն այս ընթացքում օտարվել է, նրա հաշվին ընդամենը մնացել է ընդամենը 1 հա հող: Նման ունեցվածքով եռակցողը, բնականաբար, չի կարող փոխհատուցել գյուղացիների այրված այգիների կորուստը: Կ. Չոբանյանը համարում է, որ «Եղվարդշինի» տնօրենը հովանավորներ ունի: Գյուղապետը կարծում է, որ երկրի նախագահը, վարչապետը չգիտեն այդ հրդեհի հետ կապված ճշմարտությունը:

Վերին Կարմիրաղբյուրի բնակիչ Վազգեն Մանուչարյանն ասաց. «Հրդեհից կորցրել եմ իմ ունեցվածքը: Մենք թուրքի առաջ չենք նահանջել, հիմա էլ չենք նահանջելու ներքին թուրքի առաջ: 5 անգամ երկրի նախագահի նստավայրն ենք գնացել, 4 անգամ՝ նամակ հանձնել, 2 անգամ ճանապարհ ենք փակել: Հունվարի 21-ին ՀՀ նախագահի նստավայրի առաջ 4 հոգով մեզ վրա բենզին լցրինք, որ հրկիզվենք, սակայն մեզ բռնեցին, կանխեցին: Մենք չենք նահանջելու: «Եղվարդշինի» տերը իր վաստակած փողերով արտասահմանում է հանգստանում, իսկ մենք առանց գոյության միջոցների ենք մնացել»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728