«Դեսպան Միլլերը մեր լավագույն կադրերից մեկն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպումը այսպես սկսեց Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Վիկտորյա Նուլանդը: Նա նշեց, որ իրենք տարածաշրջանում են պատվիրակությունով, որում ընդգրկված են սպիտակ տնից, պետքարտուղարությունից ներկայացուցիչներ: Վիկտորյա Նուլանդը տեղեկացրեց, որ հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, Էդվարդ Նալբանդյանին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, այցելել Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Տիկին Նուլանդը նշեց, որ ԱՄՆ-ն մտահոգ է և կարևորում է ՀՀ-ին՝ որպես իր գործընկեր տնտեսական, ժողովրդավարության ապահովման հարցում, և ցանկանում են շարունակել համագործակցությունը: Վիկտորյա Նուլանդը նաև հպարտությամբ նշեց, որ ԱՄՆ-ում 2,2 միլիոն հայեր են ապրում: Նշենք, որ տիկին Նուլանդը ՀՀ-ում քննարկել է կոռուպցիայի կանխարգելման, անվտանգության և այլ հարցեր: Նա հայտնեց, որ ՀՀ կառավարության հետ իրականացվելու է նոր ծրագիր՝ հակակառուպցիոն աշխատանքների ուղղությամբ. օրինակ՝ կեղտոտ փողերի դեմ պայքար և այլն: Տիկին Նուլանդն իր խոսքում՝ որպես ՀՀ ուժեղ կողմ նշեց քաղաքացիական հասարակությանը:
Հարցին՝ երկու օր առաջ ՀՀ նախագահ Սարգսյանը հետ կանչեց հայ-թուրքական արձանագրությունները, ուստի կարո՞ղ ենք ասել, որ գործընթացը ավարտված է, թե՞ նոր խթաններ կարող են լինել, Վիկտորյա Նուլանդը պատասխանեց. «Մենք հավատացած ենք, որ Թուրքիայի և ՀՀ միջև հարաբերությունների կարգավորումը կշարունակվի և կմնա կարևոր երկու երկրների, տարածաշրջանային խաղաղության համար, և մենք խթանելու ենք դրան: ՀՀ-ն դուրս չի եկել գործընթացից»:
Լրագրողները Վիկտորյա Նուլանդից հետաքրքրվեցինք՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր իր այցը ինչպե՞ս կբնութագրի, մանավանդ, որ ԱՄՆ պետքարտուղարը իր այցը բնութագրել էր որպես մասնավոր այց, տիկին Նուլանդը պատասխանեց. «Հուզիչ պահ էր. հուշահամալիրում անձամբ առիթ չէի ունեցել լինելու, և դա իմ այսօրվա այցի կարևոր բաղադրիչն է»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ