Լրահոս
Օրվա լրահոսը

Հալեպի պատերազմը՝ հալեպահայ երեխաների աչքերով

Փետրվար 18,2015 18:37

Հալեպահայ երեխաները ականատեսի աչքերով պատկերել են Սիրիայում չդադարող պատերազմի աղետն ու բնակչության տագնապալի օրերը:

Նրանց աշխատանքներն այսօր ցուցադրվեցին Երևանի գեղագիտության ազգային կենտրոնում, սակայն առանց փոքրիկ հեղինակների:

Իրենց ապրումներն ու տպավորությունները թղթին հանձնած երեխաների աշխատանքները Երևան է տեղափոխել Հայկական բարեգործական ընդհանուր միության Հալեպի մասնաճյուղի Մարտիրոս Սարյանի անվան ակադեմիայի տնօրեն Հրազդան Թոքմաջյանը:

«Երբ Հալեպից պիտի գայի Հայաստան, աշակերտներս՝ 10-14 տարեկան երեխաներ, մոտեցան ինձ և ասացին. «Պարո´ն, Աստված Ձեզ հետ, անփորձանք տեղ հասնեք»… Աստված նախ իրենց հետ պիտի լինի, քանի որ փորձանքի մեջ են հայտնվել: Արևմտահայերի հինգերորդ սերունդն է, որ Ցեղասպանությունից հետո կրկին հայտնվել է արհավիրքի մեջ: Ես միշտ հիացումով եմ մտածում նրանց ծնողների մասին, որոնց ամենօրյա գերխնդիրը ոչ միայն իրենց երեխաներին հացով ու ջրով ապահովելն է, այլև հոգ տանելը, որ նրանք կոկիկ, մաքուր հագնված գան ակադեմիա և նկարչությամբ զբաղվեն: Մի օր պատերազմը կվերջանա, և Հալեպի տագնապալի օրերը պատկերող սիրիահայ երեխաները կլինեն նոր Սիրիայի կերտողները»,- ասաց Հ. Թոքմաջյանը:

2015-02-18-14.04

«Երբ պատմում էին, որ 1915 թ. Դեր Զորի անապատներում մեր մայրերը «Այբ, բեն, գիմ…» են սովորեցրել երեխաներին, դա անհավանական էր թվում: Սիրիայում պատերազմի արհավիրքների մեջ ապրող սիրիահայ երեխաների այս աշխատանքները գալիս են վկայելու մեր ազգի լինելիության և հավերժության մասին»,- ցուցահանդեսի բացման ժամանակ ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Հալեպ. տագնապալի օրեր» խորագիրը կրող եռօրյա ցուցահանդեսը, որը կազմակերպվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում, ներկայացնում է Հալեպի Մարտիրոս Սարյանի անվան ակադեմիայի սաների 32 աշխատանքները:

«Հոգիդ ալեկոծվում է այս նկարներին նայելիս, և երկու զգացում է առաջանում. առաջին՝ որ այս երեխաներն իրենց վրա ընկնող ռումբերի, կրակի և ցավի մեջ անգամ կարողանում են ստեղծագործել, նկարել և իրենց հոգու ճիչն ու ապրումներն արտահայտել, և երկրորդ, որ, իսկապես, մեզ հնարավոր չէ կտրել մեր արարող էությունից. հայը ինչպիսի պայմաններում էլ եղել է, միևնույն է, շարունակել է ստեղծել ու արարել»,- ասաց Հ. Հակոբյանը:

Եվ վերջում, գնահատելով Սիրիայի հայ համայնքի կյանքում և հայապահպանության գործում Հրազդան Թոքմաջյանի ներդրած ջանքերը, նախարարը նրան պարգևատրեց «Արշիլ Գորկի» հուշամեդալով, իսկ ակադեմիայի սաներին՝ նախարարության պատվոգրով:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728