Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատուր Քոքոբելյանն անլուրջ է համարում Արմեն Աշոտյանի մոտեցումը

Փետրվար 18,2015 18:25

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը լուրջ չի վերաբերվում Եվրասիական տնտեսական համակարգում եվրոպական համակարգ ստեղծելու հեռանկարին, քանզի ինտեգրվելով մի համակարգի, որը թաթախված է կոռուպցիայի մեջ, հնարավոր չէ դրանից զերծ մնալ: Հիշեցնենք, այսօր նման դիտարկում էր արել իշխող ՀՀԿ-ի փոխնախագահ Արմեն Աշոտյանը` «ԵՄ-Հայաստան հարաբերություններ. նոր ուղիների ուրվագծում» թեմայով քննարկման ժամանակ:

Խաչատուր Քոքոբելյանը սրանից ենթադրում է, որ ձեւական ենք անդամագրվել ԵԱՏՄ-ին: «Ես համոզված եմ, որ ձեւական է, բայց պետական մոտեցումները այդպիսիք չպետք է լինեն»,- նկատեց նա:

ԵՄ-ի հետ հարաբերություններում, ըստ բանախոսի, ՀՀ-ն պետք է դառա նախաձեռնող: «Ես երբեք այն կարծիքին չեմ եղել, որ եթե ՀՀ-ն ԵԱՏՄ-ն չանդամակցեր, անվտանգության խնդիր կառաջանային: Ուկրաինայում, ինչ որ կատարվում է, դա ուկրաինացի ժողովրդի պայքարն է: Ուկրաինայում մեծ շահեր են բախվում, ՀՀ-ն չէր կարող դառնալ այդ հարթակը: Դա չի կարելի փաթաթել ժողովրդի վզին»,- կարծում է Խաչատուր Քոքոբելյանը:

Նա համաձայն չէ Արմեն Աշոտյանի մեկ այլ դիտարկման հետ էլ, որ ԵՄ-ի հետ քայլ կատարած երկրները չեն շահել: «Շահել են այն, որ այդ երկրներում ընթացող տնտեսական ու քաղաքական բարեփոխումները այդ երկրների քաղաքացիների շահերից են բխում»,- ասաց պատգամավորը`նկատելով, որ խոսքերից գործի պետք է անցնել, բայց այն, որ քննարկման երկրորդ մասին բոլոր տեսախցիկներն անհետացան, պատգամավորի համոզմամբ, խոսում է պետական քաղաքականության բացակայության մասին:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն էլ մտահոգություններ հնչեցրեց`ի՞նչ անենք, որ ՀՀ-ԵՄ հարաբերություններում իսկապես առաջընթաց ունենանք, ոչ թե սիրուն բառեր, որոնք սեպտեմբերի 3-ից հետո շատ ենք լսել, ո՞րն է Հայաստանի գործողությունների ծրագիրը: Նա տարակուսեց, որ մինչ այժմ գաղտնի է պահվում Ասոցացման համաձայնագրի բանակցված ու համաձայնեցված մասը եւ նախարարությունների դարակներից չի հանվում ու գործողության մեջ դրվում:

Թեւան Պողոսյան այս պահին էլ արդիական է համարում համաձայնագրի քաղաքական մասի ստորագրումը`մինչեւ մայիսին, Ռիգայում կայանալիք Արեւելյան գործընկերության հերթական գագաթաժողովը, իսկ դրանից հետո մանդատներ ստանալ`քննարկելու ու հաստատելու տնտեսական բաղադրիչների ծրագիրը: Նա դրական է համարում եվրոպական կողմի գիտակցումը`Արեւելյան գործընկերության տարբեր երկրների նկատմամբ տարբեր մոտեցումներ ունենալ: Նա մեղադրում է ՀՀ-ին, որ երկրի բյուջեում առանձին տողով նախատեսված չեն ամենօրյա այցելություններ Բրյուսել եւ սեփական շահերից ելնելով բանակցություններ վարել:

ՀՀ-ԵՄ հարաբերությունների հեռանկարի զարգացման առումով Թեւան Պողոսյանը նաեւ երկու կողմերից էլ քաղաքական ձգձգման խնդիր է տեսնում:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան էլ իր խոսքում ասաց, որ ԵՄ-ն հանձնառու է մնում Հայաստանի հետ հետագա հարաբերությունները զարգացնելուն`չնայած ԵԱՏՄ-ին անդամակցությանը: Դատաիրավական բարեփոխումներ, արդյունավետ կառավարում, մարդու իրավունքներ. Սրանք են այն ոլորտները, որտեղ ԵՄ-ն շարունակելու է համագործակցությունը: Նա ասաց նաեւ, որ համագործակցության նոր ծրագրի շուրջ քննարկումները ՀՀ իշխանությունների հետ դեռ շարունակվում են:

Նա ասաց, որ այս պահին առաջնային են դիտարկվում եւ քայլեր են արվում վիզաների դյուրացման գործընթացում եւ օդային փոխադրումների ոլորտում համագործակցության հնարավորությունները:

Հիշեցնենք, որ ԵՄ-ի եւ ՀՀ-ի միջեւ 170 միլիոն եվրոյի աջակցության ծրագիր կա հաստատված` 2014-2017 թվականների համար:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728