«Տեղի է ունեցել սոսկալի հանցագործություն, բայց կոչ ենք անում պատկան մարմիններին կատարել այդ հումանիստական ժեստը»,-Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս եք պատկերացնում գերիների վերադարձը, ինչպես հայտարարել եք, երբ խոսքը քրեական հանցագործության մասին է և կա նաև Սաֆարովի նախադեպը, լրագրողների հետ հանդիպմանը այսպես պատասխանեց Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Վիկտորյա Նուլանդը:
Հիշեցնենք, որ Վիկտորյա Նուլանդը տարածաշրջանային այցով այցելել է Ադրբեջան, Վրաստան և Հայաստան, և երեկ Ադրբեջանում նա հայտարարել էր, որ որպես մարդասիրական քայլ Հայաստանը պետք է վերադարձնի ադրբեջանցի գերիներ Շահբազ Գուլիեւին եւ Դիլհամ Ասկերովին:
Անդրադառնալով մեր մյուս հարցին՝ չե՞ք դատապարտում Ադրբեջանի կողմից շփման գծում հրադադարի ռեժիմի ինտենսիվ խախտումները, տիկին Նուլանդը պատասխանեց. «Մեզ համար շատ մտահոգիչ է շփման գծում բռնությունները: Ես դա իմ այցի ընթացքում նշել եմ, ուզում եմ, որ լինեն հանգիստ ժամանակներ ես դա կոչ եմ արել նախագահներ Ալիևի և Սարգսյանի հետ հանդիպումներում: Կոչ եմ արել նաև արյունահեղության դադարեցման մասին, որը ոչ մեկի օգուտ չի բերում»:
Նշենք, որ Վիկտորյա Նուլանդը ՀՀ-ում հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության և երիտասարդական խմբերի հետ, քննարկել Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական կապերը ամրապնդելու, ժողովուրդների միջև կապերը խորացնելու և ԼՂ հակամարտության արդարացի և տևական կարգավորմանն առնչվող հարցեր:
Կարդացեք նաև
Տեղեկացնենք նաև, որ լրագրողների հետ հանդիպմանը տիկին Նուլանդը եկավ ՀՀ նախագահի նստավայրից:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ