Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյանը՝ ՀՀԿ-ի հետ կոալիցիա մտնելու եւ եռյակի տրոհման մասին

Փետրվար 18,2015 17:47

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հարցին՝ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հաշտեցումից հետո եռյակի տրոհում տեսնո՞ւմ եք, որ միակուսակցական խորհրդարան ունենանք՝ պատասխանեց. «Երբ որ եռյակ, քառյակը կար, մենք նույն բանն էինք ասում՝ եռյակ ու քառյակ են այնքանով, որքանով մի հարցի շուրջ համաձայնվում են: Սա աշխատող բանաձեւ է եղել: Դրան հանգել ենք՝ մեր անցած երկար փորձից ելնելով: Հայ ժողովրդի մեջ դժվար է երկու հոգի համաձայնվեն, ուր մնաց 4 հոգի, այն էլ՝ երկարատեւ: Այս ամեն ինչը պատկերացնելով՝ մենք այնպիսի բանաձեւ էինք առաջ քաշել, որն աշխատող էր: Հենց այդ բանաձեւը սկսեց խախտվել, սկսեցին տարաձայնությունները դառնալ գերակա: Երբ կոնկրետ եւ ճիշտ խնդիր ես դնում, եթե անգամ իշխանությունները դեմ են լինում, իրենք են խոցելի դառնում: Այդպես էր, որ քառյակը կենսունակ էր եւ ստիպում էր իշխանություններին գնալ գործողությունների: Հիմա այնպիսի վիճակ առաջացավ, որ ամեն ինչ, կամ ոչինչ տարբերակը սկսեց աշխատել այս մի քանի օրը, որը տանելու է առճակատման, արյունահեղության: Չարժի որեւէ զոհ տալ՝ հանուն այդ մաքսիմալիզմի»:

Խոսելով ՀՅԴ-ի՝ նորից ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու մասին՝ Արմեն Ռուստամյանը հայտարարեց. «Կոալիցիա երբ էլ ուզենանք, կարող ենք մտնել: Մենք կոալիցիայից ինքներս ենք դուրս եկել»:

Մեր հարցին՝ դուրս էիք եկել հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված, հիմա այն հետ է կանչվել, չե՞ք մտնելու նորից՝ նա պատասխանեց. «Իսկ եթե ինքնանպատակ լիներ կոալիցիայում մնալը, այդ պատճառով էլ դուրս չէինք գա, ի՞նչ տարբերոթյուն: Եթե մարդու մտքին մենակ պաշտոն ունենալն է, հազար պատճառ կբերի՝ այդ պաշտոնը պահելու համար: Ուրեմն ինչ-որ սկզբունք ունի, չէ՞, որ դուրս է գալիս: Նախ, դեռ խնդիրը չի վերացել: Մենք 7 կետ ենք հրապարակ բերել եւ ասել ենք, որ եթե այդ ուղղությամբ հստակ քայլեր արվեն, քաղաքական կամք տեսնենք, այո, մենք պատրաստ ենք մտնել, այդ գործընթացում մեր լուման բերել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728