Aravot.am-ն այսօր տեղեկացել էր, որ առավոտյան կառավարության շենքի մոտ նախատեսված նաիրիտցիների բողոքի ակցիան տեղի չունեցավ: Ընդ որում, «Նաիրիտի» արհմիության նախագահ Հրաչ Թադեւոսյանն այսօր առավոտյան Aravot.am-ին վստահեցրել էր, որ բողոքի ակցիաները դադարեցրել են մինչեւ ուրբաթ օրը՝ փետրվարի 20-ը, քանի որ կառավարության աշխատակազմը արձագանքել է ցուցարարների բողոքին եւ 10 օր ժամանակ պահանջել վերջնական պատասխան տալու համար:
Մենք քիչ առաջ տեղեկացանք, որ այնուամենայնիվ, ակցիան կայացել է.
«Նաիրիտ» գործարանի մամուլի ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանն ասաց, որ նաիրիտցիները կառավարության շենքի մոտ սկսել են հավաքվել կեսօրից հետո` 12.00-ից հետո: Եվ քանի որ, սովորաբար, նաիրիտցիները բողոքի ակցիաների օրերին առավոտյան ժամը 11.00-ին են հավաքվում, իսկ Հրաչ Թադեւոսյանն էլ վստահեցրել էր, այսօր ակցիա չի լինելու, մեր թղթակիցն էլ ժամը 11.45-ի դրությամբ ակցիայի որեւէ մասնակցի չի նկատել:
Գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանն ասաց, որ նաիրիտցիները միշտ միակամ են. «Նրանք, ովքեր ազատվել են աշխատանքից գնում են կառավարություն` բողոքի ակցիայի, ովքեր չեն ազատվել, չեն գնում ոչ այն պատճառով, որ չեն ուզում գնալ, կամ աշխատանք ունեն, այդ պատճառով չեն գնում: Պարզապես, արդեն 1700 մարդ է ազատվել աշխատանքից, հիմա արտադրամասերում մնում են 1-2 աշխատակիցները, իսկ այդ արտադրամասերն անընդհատ հսկողության տակ պիտի լինեն, ուստի ոչ բոլորն են միանում ցույցերին: Այս անգամ մոտ 200 մարդ էր հավաքվել, մենք աշխատում ենք գոնե ամենաքիչը 200 մարդ մշտապես մասնակցի ակցիաներին: Եվ հաջորդ ակցիաներին էլ բոլորը կմիանան, մարդիկ ազատվել են աշխատանքից ու աշխատավարձ չեն ստացել»:
Մեր դիտարկմանը, որ կառավարությունը խոստացել է վճարել 1 ամսվա աշխատավարձը, Անուշ Հարությունյանն ասաց. «Այո 1 ամսվա, բայց այս մարդիկ 18 ամիս է աշխատավարձ չեն ստացել»:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ