Երեկ կեսգիշերին մոտ Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» և ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» ու քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունների պատգամավորների միջև, որի արդյունքում առնվազն հինգ պատգամավորներ վիրավորվել են։
Թուրքական «Today’s Zaman»-ի փոխանցմամբ՝ ծեծկռտուքը տեղի է ունեցել իշխող կուսակցության ներկայացուցիչների կողմից առաջարկված՝ երկրի անվտանգությանը վերաբերող մի վիճահարույց օրինագծի քննարկման ժամանակ: Այդ օրինագծի համաձայն՝ մեծապես սահմանափակում է ցույցերի ու հավաքների իրավունքը։
Հաղորդվում է, որ խորհրդարանում թեժ մթնոլորտ է եղել քննարկումից դեռևս մի քանի ժամ առաջ, նույնիսկ տեղի է ունեցել լեզվակռիվ այն բանի շուրջ, թե երբ պետք է մատուցվի ընթրիքը։ Երբ խորհրդարանն իր դռները փակել է լրագրողների առջեւ, լարվածությունը կտրուկ աճել է:
Թուրք ընդդիմադիր պատգամավորները պահանջել են՝ խորհրդարանի նախագահից քննարկում հրավիրել ելույթների կարգի վերաբերյալ։ Վերջինս հրաժարվել է եւ խոսքը տրամադրել իշխող կուսակցության պատգամավորներին։ Քրդամետ ԺԴԿ կուսակցության կին պատգամավորներ Փերվին Բուլդանն ու Սեբահաթ Թունջելն ի նշան բողոքի կանգնել են ամբիոնի դիմաց։ Նրանց այնտեղից փորձել են հեռացնել ԱԶԿ պատգամավորները․ իրարանցմանը միջամտել են մյուս խորհրդարանականներն, ինչի հետևանքով էլ բռնկվել է ծեծկռտուքը։
Կարդացեք նաև
Ընդդիմադիր ԺՀԴ կուսակցության պատգամավորներ Այքուտ Էրդողլուն կրծքին հարված է ստացել խորհրդարանական մուրճով։ Մեկ այլ ընդդիմադիր պատգամավոր՝ Մուսա Չամը ծեծկռտուքի ժամանակ կորցրել է գիտակցությունն ու տեղափոխվել բուժկետ, իսկ ԺՀԴ պատգամավոր Ռեֆիկ Էրյըլմազի համար շտապ օգնություն է կանչվել։ Պատգամավոր Էրթուղրուլ Քյուրքչյուն, ում՝ վիրակապված գլխով լուսանկարները հայտնվել են համացանցում, հայտարարել է, որ «հարձակումը» կազմակերպել են իշխող կուսակցության պատգամավորները։
Չնայած ծեծկռտուքին եւ 5 վիրավորներին, օրենսդիր մարմինը շարունակել է իր աշխատանքները փակ դռների հետեւում:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ