Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրիխանյանը՝ ՀՀԿ-ականների երկրային ու երկնային պատժի, Ծառուկյանի խոսքի ու գործի տարբերության մասին

Փետրվար 18,2015 17:10

«Եթե մենք ուզում ենք ՀՀ դաշտում քաղաքական եւ արմատական փոփոխություններ, սպասել մեզանից ավելին, քան հնարավոր է իրականացնել քաղաքական զոհաբերությունների գնով, այլ ոչ թե մարդկանց կյանքի գնով, անարդարացի է: Եթե որեւէ մեկը մեզանից այլ բան է սպասում, դա իր խնդիրն է»,- ասաց ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ լրագրողների հետ զրույցում:

Aravot.am-ի հարցին՝ ճի՞շտ հասկացանք, որ շարունակելու եք քննադատել իշխանությանը, շարունակելու եք գործել ընդդիմության դաշտում եւ սպասելու եք այնքան, մինչեւ գան հաջորդ ընտրություննե՞րը՝ Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Իսկ ի՞նչն է ձեզ զարմացնում, այսինքն ինչո՞ւ պետք է այդպես չլիներ»:

Մենք պատմեցինք, թե ինչ էր խոստացել Գագիկ Ծառուկյանը, հայտարարել էր արտահերթ նախագահական ընտրությունների մասին՝ Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Իսկ ի՞նչն է ձեզ դրդել մտածելու, որ այլեւս պիտի փոփոխություն լինի մեր քաղաքական կուրսի մեջ: Տեղեկացնում եմ, որ դա չի կարող որպես պատճառ հանդիսանալ ներքաղաքական կուրսի փոփոխության»:

Նրանց մասին, ովքեր այս օրերին հալածել եւ ճնշել են ԲՀԿ անդամներին, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Եվ երկրային եւ երկնային պատիժ կա»:

Մեր հարցին՝ հաշվի առնելով, որ Գագիկ Ծառուկյանը բիզնեսներ ունի, նա ինչքանո՞վ էր հաշվարկել իշխանության ճնշումները, հնարավոր կորուստները՝ Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Ճիշտ կլինի Գագիկ Ծառուկյանի հետ կապված հատկապես անձնական բնույթի հարցերով դիմեք Իվետա Տոնոյանին, բայց այն, որ խոսում են մարդու կյանքի գնի, մարդու արյան գնի անգերազանցելիության մասին, դրանով պիտի փակվեն բոլոր խոսակցությունները: Չի կարող ոչ մի բիզնես, ոչ մի նյութական արժեք, ոչ մի ունեցվածք լինել ավելի թանկ, քան հայ մարդու արյան ու կյանքի գինը: Սրա մասին է խոսքը»:

Մենք հիշեցրինք՝ Գագիկ Ծառուկյանն ասում է, թե իր խոսքը գործ է, բայց ԲՀԿ խորհրդաժողովում պարզ ասում է՝ մեկ անզգույշ բառ եւ հարյուր հազարավոր մարդկանց դուրս կհանեմ փողոց, եւ հիմա Գագիկ Ծառուկյանը հանո՞ւմ է մարդկանց փողոց, խոսքը ո՞նց եղավ գործ՝ Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Իսկ դուք ինչ է, չե՞ք տեսել երբեւէ, որ ԲՀԿ-ն հարյուր հազարավոր մարդկանց հանի փողոց: Դուք, ինչ է, մտածում եք, որ էլ նման բան չի՞ լինելու»:

Մեր դիտարկմանը, որ հանրահավաքը չեղյալ հայտարարելն ի՞նչ էր նշանակում՝ նա պատասխանեց. «Ո՞վ է հանրահավաքները չեղյալ հայտարարել: ԲՀԿ-ն ամսի 20-ին չարտոնված հանրահավաքին սրացման չի գնալու, այդքանը»:

Հարցին՝ մտածում էիք, որ իշխանությունների հանրահավաքի արդյունքում կկրակեի՞ն, ինչպես Մարտի 1-ին՝ նա ասաց, որ միանշանակ պատասխան չունի, ցավոք:

Հարցին՝ ի՞նչ հոգեվիճակ է ԲՀԿ-ում՝ նա պատասխանեց. «Ճիշտ այնքան ժամանակ, ինչքան ՀՀ-ում ապրելը դժվար է, ճիշտ այնքան ժամանակ, ինչքան մարդիկ դժգոհում են եւ՛ կենցաղային մակարդակով իրենց վիճակից, եւ քաղաքական իրադրությունից, ԲՀԿ-ի հոգեվիճակի վրա դա արտաբերվելու է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728