Լրահոս
Օրվա լրահոսը

Բացվեց սիրիահայ երեխաների աշխատանքների ՝ «Հալեպ. տագնապալի օրեր» խորագրով ցուցահանդեսը

Փետրվար 18,2015 17:01

Փետրվարի 18-ին Երևանի Գեղագիտության ազգային կենտրոնի մանկական ստեղծագործության թանգարանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում բացվեց ՀԲԸՄ Հալեպի Մարտիրոս Սարյանի անվան ակադեմիայի սաների աշխատանքների՝ «Հալեպ. տագնապալի օրեր» խորագրով եռօրյա ցուցահանդեսը՝  նվիրված ակադեմիայի հիմնադրման 60-ամյակին:

Ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀ սփյուռքի նախարարության, Հայկական բարեգործական ընդհանուր միության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության աջակցությամբ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ նշելով. «Մենք վկան ու ականատեսն ենք մի յուրօրինակ ցուցահանդեսի, որը խորապես հուզում է ինձ. առաջինն այն պատճառով, որ Հալեպի ռմբակոծման պայմաններում մեր երեխաները շարունակում են ստեղծագործել, նկարել և երկրորդ, որ մեզ՝ հայերիս հնարավոր չէ կտրել մեր ստեղծագործ էությունից: Եթե մեծ վարպետ Մարտիրոս Սարյանը ողջ լիներ, մեծ հրճվանքով պիտի դիտեր մեր երեխաների աշխատանքները, այս նկարների հեղինակ մեր մանուկների մեջ, վստահ եմ, վաղվա սարյաններն են: Ցավոք, այս ցուցահանդեսին հալեպահայ փոքրիկ նկարիչները ներկայացրել են ո՛չ թե իրենց անհոգ ու խաղաղ մանկությունը պատկերող ստեղծագործություններ, այլ ավեր ու ավար դարձած Հալեպի տեսարաններն արտացոլող գործեր, – ընդգծեց ՀՀ սփյուռքի նախարարը՝ հավելելով, – ուստի պատահական չէ, որ մեր նախարարությունը ցուցահանդեսին մասնակից ստեղծագործողներին շնորհել է ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրեր»:

Նախարարն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց ակադեմիայի ուսուցիչ Հրազդան Թոքմաջյանին, ով 20 տարի առաջ Հայաստանից մեկնել էր Հալեպ՝ մշակութային օջախը երկամյա ժամկետով ղեկավարելու, սակայն նվիրվելով գործին՝ մնացել է համայնքում և նման բարձր մակարդակի հասցրել ակադեմիան:

Սփյուռքում հայկական արվեստը տարածելու և ճանաչելի դարձնելու, ինչպես նաև իր ստեղծագործական գործունեությամբ Հայաստան¬Սփյուռք գործակցության զարգացմանը մեծ ներդրում ունենալու համար նախարար Հրանուշ Հակոբյանը Հրազդան Թոքմաջյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով:

Ինչպես նշեց տիկին Հակոբյանը, նախարարության աջակցությամբ և նախաձեռնությամբ  տպագրվել է Հալեպի հայ մանուկների աշխատանքների պատկերագիրքը:

ՀՀ սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց Հայկական բարեգործական ընդհանուր միությանը և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությանը՝ միջոցառման կազմակերպմանը սրտացավ և գործուն աջակցության, ինչպես նաև Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրինությանը՝ աջակցելու և սրահը տրամադրելու  համար:

Շնորհակալություն հայտնելով Սփյուռքի նախարարությանը՝ բարձր պարգևի արժանացնելու և ակադեմիայի սաների աշխատանքների ցուցադրությունը պատշաճ կազմակերպելու համար՝ Հրազդան Թոքմաջյանը նշեց. «Վերադառնալու եմ Հալեպ և  շարունակելու աշխատանքս՝ որպես արդեն Ձեր Հրազդան Թոքմաջյան: Այս նկարների հեղինակ հալեպահայ մանուկները արևմտահայերի 5-րդ սերունդն են, որ նորից հայտնվել են հրի ու սրի մեջ: Նրանք անչափ ուրախ կլինեն, երբ հեռուստացույցով տեսնեն իրենց աշխատանքները, եթե իհարկե հնարավորություն ունենան հեռուստացույց դիտել»:

ՀԲԸՄ Հալեպի մասնաճյուղի ատենապետ, գրող, մանկավարժ Հակոբ Միքայելյանը նշեց, որ 1955թ.  հիմնադրված ակադեմիայի արմատներն այնքան խորն են, որ նույնիսկ կրակի ու բոցերի, արյան ու մահվան ճիրաններում շարունակում է գործել, շարունակում է արվեստի ուժով մեղմացնել երեխաների տառապանքներն այս դժվար օրերին:

Մեծապես կարևորելով Հալեպի Մարտիրոս Սարյանի անվան ակադեմիայի սաների աշխատանքների ցուցադրությունը՝ Գեղագիտության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Լևոն Իգիթյանը նշեց. «Ես չգիտեմ մեկ ուրիշ ազգ, որ նման պայմաններում շարունակում է ստեղծագործել: Հենց այս հատկանիշն է, որ մեզ պահել է 5 հազար տարի շարունակ և հայ ժողովրդի այդ հատկանիշն առաջ է բերում այլ ժողովուրդների հարգանքը մեր հանդեպ»:

Հալեպահայ մանուկների աշխատանքների ցուցադրությունը բարձր գնահատեցին նաև  ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, հալեպահայ արվեստաբան Շահեն Խաչատրյանը, սիրիահայ արվեստագետ, դիզայներ Գևորգ Շադոյանը:

Համերգային համարներով հանդես եկան Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայրենիք տեղափոխված մանուկներ՝ Աննա Մարիա Մուբայեդը  և Սերլի Շեոհմելյանը:

Միջոցառման ավարտին մասնակիցները հնարավորություն ունեցան դիտելու ակադեմիայի սաների ողջույնի տեսաուղերձը՝  իրենց հայրենակիցներին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728