Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն հանրահավաքներ կանցկացնի՞, թե՞ կբավարարվի խորհրդակցություններով

Փետրվար 18,2015 16:21

«Ընթանում են քաղաքական գործընթացներ հայկական ուժերին բնորոշ առանձնահատկություններով»,-Aravot.am-ի հարցին` ինչպե՞ս կգնահատի ներքաղաքական վերջին զարգացումները, այսպես պատասխանեց ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը,  որտեղ Ծառուկյանն իրար չվիրավորելու, համերաշխության կոչեր էր անում, պարոն Բադալյանը քաղաքակիրթ է համարում ու նշում. «Նորմալ է, որ քաղաքական ուժերը պետք է իրենց առջև դրված նպատակներին հասնեն քաղաքակիրթ հայտարարություններով ու ճանապարհով»:

ԲՀԿ-ի` փետրվարի 20-ի հանրահավաքը չեղյալ համարելու մասին հայտարարությունը  Արմեն Բադալյանը ճիշտ քայլ է բնորոշում ու նշում. «Հանրահավաքից հրաժարվեցին, դա ճիշտ էր, քանի որ դրա անցկացումը թույլ չէր տրվել Երևանի քաղաքապետարանի կողմից, իսկ եթե դու համաձայն չես այդ որոշման հետ, ապա պետք է ոչ թե ուժով գնաս, այլ դատական համակարգով չեղյալ հայտարարես քաղաքական այդ որոշումը: Որևէ խնդիր չկա. այդ հանրահավաքը այսօրվա փոխարեն այլ օր կարող են անցկացնել` մարտի 1-ին, փետրվարի 25-ին և այլն: Համապատասխան իրավական գործընթաց կա, որը կարող են հանգիստ իրականացնել ու հանրահավաք անցկացնել»:

Արմեն Բադալյան

Արմեն Բադալյան

Մեր այն դիտարկմանը`գուցե ԲՀԿ ղեկավարի հայտարարությունը եւ հանրահավաքը չեղյալ հայտարարելը,պայմանավորված է երեկ Գագիկ Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի հանդիպմա՞մբ, պարոն Բադալյանն արձագանքեց. «Ոչ ՀՀԿ-ն, ոչ ԲՀԿ-ն, ոչ էլ նախագահականը պաշտոնապես հայտարարություն չեն տարածել, հետևաբար այդպիսի իրադարձություն պաշտոնապես տեղի չի ունեցել: Երբ հայտնի լինի, թե ինչ են քննարկել ու ինչ եզրահանգման եկել, այդ ժամանակ կքննարկենք այդ հարցը»:

Կարծիքներ հնչեցին այն մասին, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` փետրվարի 12-ի ՀՀԿ խորհրդի նիստում հնչեցրած ելույթը վայել չէր նախագահին, մյուս կողմից էլ դիտարկումներ եղան, թե այդ ելույթով նա վարկաբեկեց Գագիկ Ծառուկյանին: Հետաքրքրվեցինք` ի վերջո այս պատմությունից ո՞ւմ վարկանիշն ընկավ, ո՞ւմը բարձրացավ, պարոն Բադալյանը պատասխանեց. «Այդ հարցին կարող են պատասխանել սոցիոլոգները` համապատասխան սոցիալական հետազոտության դեպքում: Բայց քանի որ ՀՀ-ում վստահություն ներշնչող այդպիսի կազմակերպություններ չկան` սոցիոնկարիչներ են, այդ հարցին չեն կարող պատասխանել: Իսկ իմ տպավորությունները կարող են սուբյեկտիվ լինել»:

Հարցին` ի՞նչ ներքաղաքական զարգացումների սպասենք` ԲՀԿ-ն հանդես կգա՞ ակտիվ քաղաքական պայքարով` հանրահավաքներով, թե՞ պայքարը կընթանա խորհրդակցությունների մակարդակով, պարոն Բադալյանը պատասխանեց. «Քաղաքական գործընթացները կունենան նորմալ զարգացումներ: Երբ խորհրդարանում ընդդիմադիր եռյակի պատգամավորները քննադատում են ՀՀԿ-ի օրինագծերը, դա նույնպես ակտիվ քաղաքական պայքար է: Ինչ վերաբերում է հանրահավաքներին, ապա դա ԲՀԿ քաղխորհրդի որոշման հարց է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728