Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիրք նվիրել միմյանց և շատ կարդալ». վաղը Գրքի տոնն է

Փետրվար 18,2015 16:15

«Գիրք նվիրելու օրվան ընդառաջ՝ գրախանութներում հերթեր են: Նշանակում է՝ այս տոնը մտել է մեր ժողովրդի մեջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Էդիտ պրինտ» հրատարակչության տնօրեն, Հրատարակիչների ազգային ասոցիացիայի նախագահ Մկրտիչ Կարապետյանը:

«Երբ նոր էինք սկսել նշել այս տոնը, մարդիկ դեռ ամբողջությամբ չէին հասկացել նրա խորհուրդը. գալիս էին հրատարակչություններ, որ մենք իրենց գիրք նվիրենք: Բայց հիմա, կարծես թե, ամեն ինչ իր տեղն է ընկել, արդեն ընկալումն այլ է՝ գիրք նվիրել միմյանց ու շատ կարդալ»,- ասաց Մ. Կարապետյանը՝ ուրախությամբ փաստելով, որ գնալով մեծանում են ընթերցանության ծավալները հատկապես երիտասարդության շրջանում: Վերջիններս ակտիվորեն մասնակցում են գրքերի շնորհանդեսների, քննարկումների, շատ են օգտվում նաև գրքերի էլեկտրոնային տարբերակներից:

Հիշեցնենք, որ փետրվարի 19-ը՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2008 թվականից Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր՝ Գրքի տոն:

Տոնի շրջանակներում, Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանը և Հրատարակիչների ազգային ասոցիացիան, Մշակույթի նախարարության աջակցությամբ, փետրվարի 19-21-ը կազմակերպում են Մանկապատանեկան գրքի երևանյան 11-րդ տոնավաճառը, որի ընթացքում Հայաստանի հրատարակիչները կներկայացնեն վերջին տարիների իրենց լավագույն հրատարակությունները:

Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանն ասում է, որ ավանդաբար կազմակերպվող տոնավաճառը մանուկների և պատանիների շրջանում գրքի և ընթերցանության հանդեպ սեր և հետաքրքրություն սերմանելու նպատակ ունի:

«Հատկապես վերջին տարիներին բավականին հետաքրքիր գրքեր են հրատարակվում: Տոնավաճառի միջոցով մենք ներկայացնում ենք այդ գրքերը հանրությանը, հատկապես երեխաներին՝ ամրապնդելով գիրք-ընթերցող կապը»,- ասաց Ռ. Տոնոյանը:

Նրա տեղեկացմամբ՝ եռօրյա տոնավաճառի ընթացքում նախատեսվում են բազմաբնույթ միջոցառումներ՝ գրքերի ցուցահանդես-վաճառք, բարձրաձայն ընթերցանությունների շարքեր, հայկական մուլտֆիլմերի դիտում, տիկնիկային ներկայացումներ, գրքերի նվիրատվություններ, վիկտորինաներ և այլն:

Հարցին՝ արդյոք այսօր ժամանակակից գրականությունը պահանջարկ ունի՞, «Էդիտ պրինտ» հրատարակչության տնօրենն ասաց, որ վաճառվում են, բայց ոչ այն քանակությամբ, որքան ցանկալի է:

«Զանգակ» հրատարակչության տնօրեն Էմին Մկրտչյանն էլ հակադարձեց, որ ընդհանրապես, ընթերցանության մակարդակը պետք չէ չափել գրքերի սպառման ծավալով, քանի որ շատերը կարդում են գրադարաններում, վերցնում են այլ մարդկանցից կամ էլ կարդում են էլեկտրոնային տարբերակով:

«Մանկական գրականություն հրատարակելն ու այն վաճառելը բավականին բարդ գործընթաց է,- հավելեց Է. Մկրտչյանը,- քանի որ ծնողները հաճախ նախընտրում են իրենց երեխաների համար այն գրքերը, որոնք իրենց ծանոթ են կամ որոնք իրենք կարդացել են: Այդ պատճառով էլ մի կողմ են դնում ժամանակակից հեղինակների գրքերը: Դրա համար մենք շուտով կունենաք մի կայքէջ, որը կօգնի ծնողներին՝ իրենց երեխաների համար գիրք ընտրելու հարցում»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728