«Նկատելի էր, որ Սերժ Սարգսյանին ոչինչ չի մնում, քան արագ ավարտել պարտիան, այսինքն՝ անել ամեն ինչ, որ մինչեւ փետրվարի 20-ը այդ հանրահավաքը բացառվի»,- փետրվարի 18-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ Ստեփան Սաֆարյանը:
Նրա կարծիքով՝ հանրահավաքը չեղյալ հայտարարելը խնդրի այն լուծումն էր, որի արդյունքում երկու կողմը դուրս են գալիս նվազագույն կորստով. «Հանուն արդարության պետք է ասել, որ այն ինչ արեցին՝ բացարձակապես խարակիրի էր երկու կողմի համար էլ: Տեքստերի փոխանակությունը հավասարապես վտանգավոր էր եւ հավասարապես երկուսին էլ հարվածեց»:
Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը ՝ նա ասաց, որ տպավորություն է ստեղծվում կարծես Գագիկ Ծառուկյանը դուրս է գալիս հրապարակից՝ արմատական ընդդիմության դաշտից. «Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը նշանակում է՝ ես չեմ մտնում այդ դաշտ, ես չեմ մտնում Ազատության հրապարակ, ես չեմ մտնում արմատական ընդդիմության դաշտ, իսկ դրանից հետո՝ ուր կլինի, դժվարանում եմ ասել: Փետրվարի 12-ից հետո նկատելի էր, որ Սերժ Սարգսյանը խնդիր էր դրել ընդհանրապես Գագիկ Ծառուկյանին հանել ընդդիմության դաշտից, դրա ապացույցն էր այն, ինչ տեղի ունեցավ, դնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում նոր առաջնորդի խնդիր եւ Գագիկ Ծառուկյանին հանել քաղաքական դաշտից, որպեսզի նա հրաժարվի քաղաքական հավակնություններից»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ