Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ առաջարկներ են ներկայացրել համանախագահները կողմերին. բացառիկ հարցազրույց Ջեյմս Ուորլիքի հետ. artsakhpress.am

Փետրվար 18,2015 15:21

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը բացառիկ հարցազրույց է տվել «Արցախպրես» լրատվական գործակալությանը, որտեղ խոսել է վերջին շրջանի մի շարք աղմկահարույց հայտարարությունների և հիմնախնդրի կարգավորման ներկա փուլի զարգացումների մասին: Ի դեպ, նշենք, որ այն բացառիկ է նաև այն պատճառով, որ առաջին անգամն է համանախագահներից մեկը հարցազրույց տալիս արցախյան լրատվամիջոցի:

-Պարոն Ուորլիք, հայտնի է, որ անցած տարվանից ի վեր շփման գծի երկայնքով արձանագրվել է լարվածության աճ, ինչը զգալիորեն վտանգում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը: Տեսնու՞մ եք, արդյոք, հայտարարություններից բացի, որևէ գործնական մեխանիզմներ, որոնք կարող են նպաստել իրավիճակի կայունացմանը:

-Անցած տարվա ընթացքում շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով լարվածության աճը վտանգում է ոչ միայն համանախագահների միջնորդական ջանքերը, այլև նախագահների հանձնառությունը իրենց ժողովուրդների առջև՝ լուծելու ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով:

Գոյություն ունեն մեխանիզմներ, որոնք կարող են նվազեցնել ոչ դիտավորյալ պատահարների հավանականությունը հակամարտության գոտում, և մենք սատարում ենք դրանց իրականացումը՝ ուղղված տեղում իրավիճակի կայունացմանը: Համանախագահները հակամարտության կողմերին ներկայացրել են մի շարք առաջարկներ, որոնք այժմ քննարկվում են տարածաշրջան մեր այցի ընթացքում:

-Համանախագահներն այժմ գտնվում են տարածաշրջանում: Կա՞ն որևէ կոնկրետ առաջարկներ, որոնք քննարկվելու են բոլոր երեք կողմերի հանդիպումների ընթացքում:

-Նախ և առաջ, մենք կողմերի հետ խոսում ենք տարածաշրջանին սպառնացող վերջին լարվածության ու բռնության մասին: Բռնության շարունակման պայմաններում չի կարող առաջընթաց լինել դիվանագիտական հարթությունում: Մենք նաև բարձրացնում ենք նախագահների հանդիպումների վերականգնման անհրաժեշտության հարցը, ում ձեռքերում են գտնվում խաղաղության բանալիները: Բացի դրանից, կարևորում ենք տևական կարգավորման վերաբերյալ համապարփակ բանակցությունների սկսումը: Չափազանց կարևոր է ունենալ կայուն բանակցային գործընթաց, որը կարող է բերել խաղաղության մասին համաձայնագրի:

– Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Դուք նշել եք, որ Աստրախանի հռչակագրի համաձայն ՝ Ադրբեջանի երկու քաղաքացիների (որոնք դատապարտվել են ծանր հանցագործությունների համար) փոխանցումն Ադրբեջանին կլինի կարևոր մարդասիրական քայլ, որը կարող է նպաստել լարվածության նվազեցմանը և կողմերի միջև վստահության հաստատմանը: Արդյոք կարծո՞ւմ եք, որ Աստրախանի հռչակագիրը կիրառելի է հանցագործների պարագայում, և այս հանցագործությունների անպատժելիության հանգամանքը չի խորացնի Ադրբեջանում ամենաթողության կեղծ զգացումը, ինչը տեղի ունեցավ Ռամիլ Սաֆարովի դեպքում:

-Նախկինում կողմերը, որպես մարդասիրական քայլ, հիմնականում ճանապարհ գտել են վերադարձնելու բանտարկյալներին: Ներկայիս այս աստիճանի լարվածության պայմաններում, նման մարդասիրական մոտեցումը կարող է խթանել բանակցությունների համար առավել բարենպաստ միջավայրի ստեղծմանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728