Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյանը՝ ԲՀԿ հայտարարության մասին. «Դա ամենահավանական քայլն էր»

Փետրվար 18,2015 15:11

Միջազգային եւ անվտանգության ինստիտուտի հիմնադիր նախագահ Ստեփան Սաֆարյանը փետրվարի 18-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հայտարարությանը, ասաց, որ Հայաստանում փորձ է արվել կատարել մի բան, որն ի սկզբանե հակասում է քաղաքագիտության կանոններին:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, լինելով հիմնադրված առավելապես իշխանական տիրույթներում 2007 թվականին, չգիտես՝ ինչու այլ ընդդիմադիր ուժերի պատկերացմամբ եւ քայլերով հայտնվեց քաղաքական դաշտի առանցքում, եւ սկսեցին հույսեր փայփայել, որ այդ քաղաքական ուժը, որը տնօրինում է լուրջ կազմակերպական, ֆինանսական ռեսուրսներ կկարողանա դառնալ ընդդիմադիր, արմատական փոփոխության լոկոմոտիվ կամ դրա առանցքային մասնակից: Ինձ հայտնի չէ նման մի դեպք, երբ այդպիսի միամիտ հույսեր փայփայվեն, այն էլ այն դեպքում, երբ այդ քաղաքական ուժը օբյեկտիվ պատճառներով իրեն չի կարող հայտարարել ընդդիմություն»,- ասաց նա:

Ստեփան Սաֆարյանի կարծիքով՝ մինչեւ փետրվարի 12-ը տեղի ունեցող գործընթացները բավականին շահեկան էին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար, քանի որ ինքը, չլինելով ընդդիմադիր քաղաքական կեցվածք ունեցող կուսակցություն, դարձել էր ընդդիմադիր դաշտում համախմբման առանցք, նրանից էր կախված օրակարգի ամբողջացումը: Բայց փետրվարի 12-ից հետո խաղի կանոնները փոխվեցին, որոնք ըստ նրա, առաջին հերթին անակնկալ էին Գագիկ Ծառուկյանի համար. «Ստեղծվել էր մի իրավիճակ, երբ «Բարգավաճ Հայաստանին» ոչինչ չէր մնում, քան իսկապես հայտարարել, որ ինքն ընդդիմադիր է եւ պատրաստ է կրել բոլոր զրկանքները, բայց այդ դեպքում նա ոչ միայն հալածյալ էր դառնում, այլ չափազանց ազդում էր իր կառույցների վրա:

Տեսանք, թե ինչեր տեղի ունեցան այս օրերի ընթացքում, եւ սա ամբողջը չէր, ընդամենը երկու օրվա ընթացքում ցույց տվեցին, թե ինչ կարող է կատարվել «Բարգավաճ Հայաստանի» հետ, եթե այս տեմպերով շարունակվի: Եվ իսկապես «Բարգավաճ Հայաստանը կորցնելու էր կազմակերպչական շատ լուրջ ռեսուրսներ՝ դառնալով շատ խոցելի, շատ թուլացած քաղաքական ուժ, հետեւաբար՝ Գագիկ Ծառուկյանին ուրիշ ոչինչ չէր մնում, քան լրջագույն որոշում ընդունել՝ կա՛մ շարժվում է դեպի առաջ՝ կորցնելով շատ բան, կա՛մ ետ քայլ է կատարում: Իմ կարծիքով՝ այն, ինչ որ նա արեց, դա ամենահավանական ճանապարհն էր»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728