Ֆերմեր եւ բանկ հարաբերությունները Հայաստանում շատ ծանր են: Բանկերը հիմնականում առաջարկում են արտարժույթով վարկեր, մինչդեռ գյուղացին չի համաձայնում: Այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այս մտահոգությունը հայտնեց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:
Հրաչ Բերբերյանն ասում է, որ ինքը կոչով դիմում է վարչապետին, որպեսզի այդ գործընթացը նա վերահսկի. «Բանկերը, կոպիտ ասած, չարաշահում են վարկային ռեսուրսը»:
Բանախոսը նշեց, որ գյուղացիների համար գերխնդիր են նաեւ ոռոգման համակարգերի հետ կապված հարցերը եւ հայտնեց, որ գյուղատնտեսության նախարարությանը դիմել են հատուկ հանձնաժողով ստեղծելու խնդրանքով ՝ վերահսկելու համար գյուղացի- Ջրօգտագործման միություն հարաբերությունները:
Ջրամբարների ջրի քանակի լուրջ պրոբլեմներ եւ ջրի վաճառքի խիստ տարբերություն կա. «Այդ իսկ պատճառով ուզում ենք ստեղծել հանձնաժողովը, ուսումնասիրել ջրամբարներից դուրս եկող ջրի կորուստը եւ որքանով է այն վաճառվել գյուղացուն»:
Կարդացեք նաև
Հրաչ Բերբերյանը մեկ այլ խնդիր էլ է առանձնացնում. «Միջազգային նորմերի էներգատարներից ելնելով՝ 350 դրամ դիզվառելիքը գյուղացիների համար պետք է դառնա 300 դրամ: Միջազգային շուկայում դիզվառելիքի գները ընկել են եւ կարծում եմ, որ կառավարությունը այդ գինը պետք է վերանայի»:
«Գյուղացիներին պետք չէ գործից կտրել,-վստահեցնում է պրն Բերբերյանը,-շատ լավ գիտենք՝ ով է փորձում կտրել, մեր երկրին կայունություն է պետք, եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ այս տարի հաջող սկսենք գյուղատնտեսական տարին»:
Պրն Բերբերյանը նշում է, որ հայ գյուղացիները պետք է ռուսական շուկայում ընդլայնեն իրենց գործունեությունը: Հարցին, թե որքանո՞վ է հայ գյուղացուն հետաքրքիր ռուսական շուկան ռուբլու արժեզրկումից հետո, Բերբերյանը պատասխանեց, որ Ռուսաստանում գները բարձրացել են. «Ներկրված ապրանքների մասով կան գործարարներ, որ կրկնակի տուժել են: Ես դա համարում եմ մեր գործարարների թույլ իրավաբանական գործունեության արդյունք: Թող կնքեին այնպիսի պայմանագրեր, որ եթե տատանվեր կուրսը, որ այդ կուրսով վճարեին»:
Ինչ վերաբերում է ԵՏՄ շուկայում հայաստանցի գյուղացիների գործունեությանը, Հրաչ Բերբերյանը նշեց, որ արտահանումը շարունակելու են եւ փորձելու են ընդլայնել. «Կարեւոր է փաստաթղթաշրջանառության թեթեւացումը: Այս կերպ արտահանողների քանակը կշատանա»:
Պրն Բերբերյանը տեղեկացրեց, որ արդեն երրորդ տարին է՝ կարտոֆիլ է արտահանվում Հայաստանից, եթե ծիրանի բերքը լավ լինի, ապա ծիրան էլ կարտահանեն. «Ինչու ոչ՝ կսկսենք նաեւ թարմ բանջարեղենի արտահանումը: Պետք է ուղղակի աշխատել: Աշնանը Ռուսաստանում լինելու են գյուղատնտեսական տոնավաճառներ, պետք է մասնակցենք եւ պայմանագրեր կնքենք»:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ