Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ վիրավորական է, որ Սամոներն են հաշտեցնում…»

Փետրվար 18,2015 14:05

Լրագրող-հրապարակախոս Համլետ Մոսինյանը մեր երկրի պայմաններում բնական է համարում  Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հաշտեցումը: Ըստ նրա, եթե  մարդը չկարողանա երեսը պնդացնել, կուլ տալ անձնական վիրավորանքները, երբեք վերև՝ իշխանության աստիճաններ չի հասնի: Նա որպես օրինակ մեջբերում է Հայկ Բաբուխանյանին, որի «Իրավունք» պարբերականում ինչ ասես չի գրվել Սերժ Սարգսյանի հասցեին, նույնիսկ նարկոտիկների մասին հիշեցում է արվել, բայց այսօր, ըստ մեր զրուցակցի,  Հայկ Բաբուխանյանը Հանրապետականի համամասնական ցուցակով վայելում է ԱԺ պատգամավորին տրված արտոնությունները:

«Գագիկ Ծառուկյանը, իմ տպավորությամբ, նրան անձնապես չգիտեմ, մաքուր տղամարդ է, համարձակ է, բայց նժարին դրված են ոչ միայն իր բիզնեսները, տարիների քրտնաջան, չարչարանքով ստեղծված, թեկուզ մի մասը անօրինական, հարկերից խուսափելու ճանապարհով ստեղծված հարստությունը, այլ իր կողմնակիցների բիզնեսը, ապագան: Խնդրեմ, երկու օրվա մեջ Ծաղիկ Ռուբոյի հյուրանոցը, տարբեր օբյեկտներ խուզարկեցին, բերման ենթարկեցին ԲՀԿ-ականներին: Այս ամենը հաշվի առնելով՝ հնարավոր է փոխզիջման գնան, հատկապես երբ երկուսն էլ զգացին, որ մի սահման անցել են, որից այն կողմ արյունահեղություն է»:

Մեր հարցին՝ եթե Գագիկ Ծառուկյանը հաշտեցման գնա, ժողովրդի մոտ չի՞ կորցնի, արդյոք, իր համակրանքը, վստահությունը, Համլետ Մոսինյանը պատասխանեց, որ մեր ժողովուրդը բազմիցս արդեն հիացել ու հիասթափվել է: «Բայց եկեք մտածենք՝ ո՞րն է ճիշտ, ժողովուրդը հիասթափվի, թե՞ արյուն թափվի: Շատ դժվար հարց է, որովհետև ես կարծում եմ, որ երկու կողմն էլ սարսափեցին, թե ինչ արեցին էսքան ժամանակ:

Հիշո՞ւմ եք , թե ինչպիսի վախով էր խոսում Արմեն Աշոտյանը, նրա սիրտն այնպիսի արագությամբ էր աշխատում, չէր կարողանում շնչի, նա ինքն իրեն մտածում էր՝ էս ի՞նչ եմ խոսում… Շունչը կտրվելով՝ վիրավորում էր Գագիկ Ծառուկյանին, բայց հանձնարարություն էր ստացել: Էդպիսի վիճակում ես պատկերացնում եմ նաև երկրի ղեկավարությանը՝ Սերժ Սարգսյանից սկսած:

Երևի ոչ մեկը խելագար չէ, որ կողմնակից լինի արյունահեղության: Եթե փոխզիջման չեն գնում, ուրեմն նժարին դրված է արյունահեղությունը: Հատկապես սա պիտի գիտակցի հանրապետության նախագահը, բոլորս էլ հասկանում ենք, որ դա երկրի ղեկավարի ելույթ չէր: Երկրի ղեկավարը իրավունք չունի իր ամբողջ ելույթը նվիրել մի մարդու, որի հետ ինքը ձեռք-ձեռք է տվել, որի հետ բաժակ-բաժակ է խփել պաշտոնապես, երբ կոալիցիա էին կազմում: Եթե մարդն էնքան անխելք էր, էն ժամանակ չէի՞ր զգում, թեև անխելք մարդը չի կարող միլիարդատեր դառնալ: Կամ քո շրջապատում քիչ անխելք մարդ կա՞, և քեզ ո՞վ է ասել, որ դու իդեալական մակարդակի գրագետ ես, դու էլ շատ սովորական մի մարդ ես, էլի, ուղղակի քաղաքական ավելի փորձառություն ունեցող: Էդ օրվա ելույթը հենց խոսում էր էն մասին, որ էդքան մեծ փորձառություն ունեցող մարդը, Ստեփանակերտի կոմսոմոլից սկսած, քաղաքականության մեջ է եղել, իրան թույլ է տալիս էդպիսի արտահայտություններ անի: Միայն ԲՀԿ-ականները չէին բորբոքված, այլ հասարակ ժողովուրդը, թող մի հատ տրանսպորտ բարձրանար ու լսեր, թե մարդիկ ոնց էին ապշած…

Նա պիտի մեկընդմիշտ հիշի, օրինակ՝ Լֆիկ Սամո անունը ժողովուրդն է ասում, նախագահը չի ասում: Լևոն Տեր-Պետրոսյանը երբ իրենց վիրավորում ու մականուններով էր դիմում, նա նախագահի աթոռին նստած ժամանակ չէր ասում: Նա նախագահի թեկնածու էր, նա այդ ժամանակ պաշտոն չուներ: Նախագահի աթոռին նստած մարդը իր չափանիշներն ու իր խոսքի կշիռը պիտի ունենա: Նա ինքը սխալվեց ու տղամարդավարի պիտի ընդունի, Գագիկի խոսքի մեջ էլ սպառնալիքներ կային, նա էլ պիտի հաշտեցման եզրեր գտնի…»:

Մեր հիշեցմանը, թե մամուլում տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, որ հաշտեցման համար Մոսկվայից գործարար Սամվել Կարապետյան է եկել, ՀՅԴ-ն իր հերթին է հայտարարում, որ ինքն է միջնորդել այս երկու առաջնորդների հանդիպման կազմակերպմանը, մեր զրուցակիցն ասաց. «Եթե հաշտեցումը Կալուգայի Սամոն է կազմակերպել, դա ինձ համար՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու, շատ վիրավորական է: Եթե Դաշնակցությունը լինի, ես իրենց ճակատը կհամբուրեմ, որովհետև նրանք քաղաքական ուժ են: Իսկ եթե Սամոներն են կարողանում երկրի նախագահին համոզել, երկու խոշոր կուսակցությունների ղեկավարներին հաշտեցնել, էնքան էլ հաճելի չէ: Մենք պետություն ենք, սա երկու հարևանների կռիվ չէ, որ մյուս հարևանը գա, սեղանի շուրջ նստեցնի, հաշտեցնի, ասի բաժակ բաժակի տվեք, համբուրվեք, վիրավորական է, իհարկե, ո՞վ է Սամոն: Գոնե եթե նա լիներ Արա Աբրահամյանի փոխարեն ասենք Ռուսաստանի հայերի միության նախագահ, հասկանալի կլիներ: Իսկ եթե կաթողիկոսը լիներ, լրիվ հասկանալի կլիներ, սա ավելի շատ կսազեր Վեհափառին…Եթե նախկին նախագահներից մեկը չեզոք դիրքորոշում ունենար, նրանք ևս կարող էին հաշտեցնել, բայց երկու նախկին նախագահներն էլ Գագիկ Ծառուկյանի կողմնակիցներ են: Իսկ ամենաճիշտը կլիներ Վեհափառի հաշտեցումը, բայց, ցավոք, մեր Վեհափառը քաղաքական հարցերում չեզոք է մնում»:

Ըստ Համլետ Մոսինյանի, ԲՀԿ-ից հրաժարված պատգամավորները մանդատները վայր պիտի դնեն ու հեռանան ԱԺ-ից, քանի որ անբարոյականություն է ԲՀԿ-ի համամասնական ցուցակով պատգամավոր դառնալ ու դավաճանել: Ըստ նրա, նրանք այնքան ցածր են, որ անգամ մի օր չհամբերեցին: Ըստ նրա, ժողովրդին նման պատգամավորներ պետք չեն, թող նրանք դառնան հասարակ քաղաքացի՝ մանդատները վայր դնելով:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728