«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի համակիր Հայկ Կյուրեղյանն այսօր դատարան էր ուղարկել իր հայտարարությունը` տեղեկացնելով, որ հրաժարվում է հանրային պաշտպան Անժելա Հակոբյանի պաշտպանությունից, ծանոթանա իր քրեական գործին, կատարի որեւէ գործառույթ, ներկայացնի միջնորդություն կամ որեւէ ճառ:
Կյուրեղյանի այս հայտարարությունը ընթերցելուց հետո պաշտպանը նաեւ ասաց, որ ինքը իրավունք չի վերապահում մասնակցել դատաքննությանը, սակայն Կենտրոն եւ Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշեց դատաքննությունը սկսել առանց Կյուրեղյանի ներկայության:
Հիշեցնենք, որ դատարանի որոշմամբ նա զրկվել է դատական նիստերին ներկա գտնվելու հնարավորությունից: Դատարանն իր այս որոշումը հիմնավորել էր Կյուրեղյանի կողմից դատական նիստի կարգուկանոնը խախտելու հանգամանքով:
Այսօր հանրային պաշտպանը նաեւ նկատեց, որ դատարանը խախտում է դատական նիստին մասնակցելու Կյուրեղյանի իրավունքը: Նա պնդեց, որ այս ու նախորդ նիստերին Կյուրեղյանը պետք է մասնակցեր. «Առանց նրա մասնակցության դատական նիստը չի կարող շարունակվել»:
Կարդացեք նաև
Չնայած Հայկ Կյուրեղյանի ու պաշտպանի հայտարարություններին, դատարանը որոշեց սկսել դատաքննությունը ու լսեց տուժողներին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ