Այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը վերլուծեց վերջին շրջանում երկրում ընթացող ներքաղաքական իրադարձությունները:
«Այսօր բոլորն ամեն ինչ գիտեն: Լակոնիկ լինելու համար ասեմ հետեւյալը: Իրավիճակն, իրոք, պայթյունավտանգ էր: Այսօր, եթե հետ ենք նայում, շատ կարեւոր էր հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, որում երեւաց նախկին նախագահի խոսք: Եվ շատ կարեւոր էր, որ այդ խոսքը ցույց էր տալիս, որ ինքը մտահոգված է պետության անվտանգությամբ, Արցախի հարցով եւ Հայաստանին ուղղված մարտահրավերներով: Եթե հիշում եք, հարցազրույցի մեջ ինքը, դիմելով իշխանություններին, ասում էր կանգ առնել, չդիմել ակտիվ վարչական գործողությունների ԲՀԿ ղեկավարի նկատմամբ, մնալ բացառապես բանավոր մենամարտի սահմաններում, վերադառնալ ընդդիմախոսների հետ հակադրման քաղաքական հարթություն: Մենք Գագիկ Ծառուկյանի ելույթի մեջ էլ տեսանք այդ մտահոգությունը»:
Արամ Հարությունյանի համոզմամբ, երկրորդ նախագահի վերջին հորդորն ազդել է նաեւ իշխանությունների վրա: «Չնայած իշխանությունները վերջին մի քանի օրերի ընթացքում փորձեցին, այսպես ասած, մանկական քայլեր անել, ինչ-որ մարդկանց Բարգավաճի ցուցակից հանել, բայց դրանք ընդամենը վերջին ճիգերն էին: Հիմնական հարցն այն էր, որ առճակատում, իրոք, պետք չէ, թեեւ առճակատման վտանգը կախել էին իշխանությունները` նախագահի ելույթով, որին Ծառուկյանը շատ արժանապատիվ պատասխան է տվել: Երբ տեսնում ենք, որ իշխանությունը, թող ներվի ասածս, խաղամոլի պես արդեն վերջին սպիտակեղենի վրա է խաղում, փառք Աստծո, «Բարգավաճ Հայաստանի» ղեկավարը ավելի բարձր գտնվեց եւ նրա հայտարարությունը Գագիկ Ծառուկյան ոչ միայն քաղաքական, այլ արդեն պետական գործչի հայտարարություն էր», – ասաց բանախոսը:
Արամ Հարությունյանի համոզմամբ, այս գիշեր կայացած Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման եւ հնարավոր «հաշտեցման» գործում ամենակարեւոր դերակատարությունն ունեցել է Ռոբերտ Քոչարյանի հայտնի հարցազրույց հորդորը, այլ ոչ թե Մոսկվայից Կարապետյանների գալը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ