Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինայի դեսպան. «Ռուսական գազից կախված լինելը ճնշման գործիք է ծառայում» (Տեսանյութ) 

Փետրվար 18,2015 13:50

Մամուլի ազգային ակումբն այսօր՝ փետրվարի 18-ին, «Աշխարհը և մենք» ծրագրի շրջանակներում հյուրընկալել էր ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային: Դեսպանը խոսեց Ուկրաինայում իրավիճակի եւ հնարավոր զարգացումների մասին:

Պարոն Կուխտան փաստեց, որ չնայած Մինսկում Նորմանդական քառյակի հանդիպմանը, Լուգանսկում մարտերը չեն դադարում: Նաեւ արձանագրեց, որ Մինսկյան համաձայնագիրը փաստորեն ուժը կարող է կորցնել ու այնպիսի կառույցներ, ինչպիսիք են ՆԱՏՕ-ն, ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, պետք է ջանքեր ներդնեն կոնֆլիկտը լուծելու համար:

ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանը հայտարարեց, որ Ռուսաստանի կողմից շարունակում են վարձկաններ կռվել եւ զինվել այդ երկրի աջակցությամբ, ու նրա ձեւակերպմամբ, Ուկրաինան էլ որպես անկախ երկիր պարտավոր է անել այնպես, որ իր երկրի մարտունակությունը լինի հավուր պատշաճի:

«Ռուսաստանը գերժամանակակից զենք է մատակարարում զինյալներին, մինչդեռ ռուսական ԶԼՄ-ները ցույց են տալիս ու մեկնաբանում, թե իբր կռվում են ածխահատները, բայց դժվար է պատկերացնել՝ թե ինչպե՞ս կարող է ածխահատը ձեռք բերել ժամանակակից զինվորական հանդերձանք եւ նման զինամթերք»,-տարակուսանք հայտնեց Իվան Կուխտան:

Լրագրողի հարցին՝ ռազմական առումով կա՞ ուկրաինա-ադրբեջանական փոխգործակցություն, դիվանագետը պատասխանեց, որ իր երկիրը վաղուց Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցություն ունի: «Մնացածից տեղյակ չեմ, ես Հայաստանում Ուկրաինայի դեսպանն եմ»,-հավելեց նա:

Իսկ պատրաստվո՞ւմ է Ուկրաինան հրաժարվել ռուսական գազից: Այս հարցի առնչությամբ էլ դեսպանը պատասխանեց, որ ԽՍՀՄ շրջանից սկսած, նաեւ անկախության տարիներից Ուկրաինան 90 %-ով կախված է եղել ռուսական գազից: Դեսպանի բառերով, այսօր այդ հանգամանքը շարունակվում է ծառայեցվել իբրեւ ճնշման գործիք, ու Ուկրաինան զուգահեռաբար փորձում է այլընտրանքային աղբյուրներ փնտրել էներգիայի ու էներգակիրների առումով:

Ապրիլի քսանչորսին Ուկրաինայի նախագահը կլինի՞ Երեւանում՝ հետաքրքրվեց լրագրողներից մեկը: «Մենք ստացել ենք հրավեր Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից՝ մասնակցելու Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ոճրագործության զոհերի 100-ամյա տարելիցին: Երկրի ղեկավարությունն այժմ քննարկում է հարցը, ինչի մասին անպայման կտեղեկացնենք»,-պատասխանեց պարոն Կուխտան:

Անդրադառնալով Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ ապրանքաշրջանառությանը, նա ափսոսանքով նշեց, որ ապրանքաշրջանառության ծավալները կրճատվել են, ինչը պայմանավորեց համաշխարհային տնտեսական ճգնաժամով, նաեւ հույս հայտնեց, որ ՀՀ-ի ՝Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը ու Ուկրաինայի՝ ԵՄ ուղղվածությունը կնպաստեն երկրու երկրների տնտեսական խնդիրները հաղթահարելուն:

Մանրամասները՝ տեսանյութում

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728