Լրահոս
Օրվա լրահոսը

ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեի հայտարարությունը Արեւելյան գործընկերության երկրներում բռնության էսկալացիայի կապակցությամբ

Փետրվար 18,2015 13:32

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեն իր խորը մտահոգությունն է հայտնում Արեւելյան գործընկերության երկրների տարածքում բռնության եւ ռազմական գործողությունների էսկալացիայի եւ, որպես դրա հետեւանք՝ բազմաթիվ զոհերի կապակցությամբ:

Մենք սգում ենք հազարավոր զոհերի համար, հատկապես՝ խաղաղ բնակչության շրջանում, որոնց խլում է մեզնից Ռուսաստանի կողմից Ուկրաինայի հարավ-արեւելքում սանձազերծած եւ ծավալվող ողբերգական պատերազմը: Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին եւ մտերիմներին, ամբողջ Ուկրաինայի ժողովրդին: Մենք նաեւ մեր համերաշխությունն ենք հայտնում իր անկախության եւ եվրոպական ընտրության համար պայքարող ուկրաինական ժողովրդին:

Նույն կերպ մենք տագնապով արձանագրում ենք լարվածության աճը Ղարաբաղյան հակամարտության շփման գծի վրա, որի արդյունքում 2014թ. կեսերից մինչեւ այժմ հակամարտության կողմերը ունեցել են տասնյակ զոհեր: Մեր ցավակցությունն ենք հայտնում հակամարտության էսկալացիայի զոհերի հարազատներին եւ մտերիմներին:

Լիովին պարզ է, որ Արեւելյան գործընկերության տարածքում ցանկացած ռազմական գործողություն խաթարում է համակարգային ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումների անցկացումը, որոնք ԱլԳ անկյունաքարային նպատակներից են:

Մենք խստորեն դատապարտում ենք բռնության էսկալացիային միտված ցանկացած գործողություն եւ.

§  Պահանջում ենք Ռուսաստանյան Դաշնությունից՝ անհապաղ դադարեցնել Ուկրաինայի հանդեպ իր ագրեսիան եւ նրա անկախության հանդեպ ցանկացած նկրտում, դուրս բերել Ուկրաինայի տարածքից իր բոլոր զորքերը:

§  Կոչ ենք անում միջազգային հանրությանը ու նախեւառաջ ԵՄ-ին՝ խաղաղության պարտադրանքի միջոցառումների շրջանակներում խստացնել իր պատժամիջոցները Ռուսաստանի հանդեպ՝ մինչեւ վերջինի կողմից Ուկրաինայի նկատմամբ նվաճողական քաղաքականության փոփոխումը, ահաբեկիչների աջակցության դադարեցումը եւ Ուկրաինայի տարածքից, այդ թվում՝ Ղրիմից իր բոլոր զորքերի դուրսբերումը. նաեւ կոչ ենք անում միջազգային հանրությանը եւ ԵՄ-ին՝ ավելացնել Ուկրաինային ուղղված ֆինանսական եւ մարդասիրական օգնությունը, որպեսզի վերջինս կարողանա հաղթահարել երկրի հարավ-արեւելքում հումանիտար աղետի հետեւանքները, ինչպես նաեւ արդյունավետ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային՝ ռուսաստանյան ռազմական ագրեսիայի կանխարգելման համար:

§  Կոչ ենք անում Ղարաբաղյան հակամարտության կողմերին՝ շփման գծից հետ քաշել բոլոր դիպուկահարներին, պահպանել զինադադարը եւ վերսկսել բանակցությունները Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:

§  Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ բազմապատկել դիվանագիտական ջանքերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, ինչպես նաեւ, խաղաղության պարտադրանքի շրջանակներում ներդնել զինադադարի ռեժիմը խախտող կողմի բացահայտման եւ մարդկային զոհերի պատճառ դարձած նման խախտումների համար պատասխանատվություն կրելու մեխանիզմներ:

§  Պահանջում ենք Ռուսաստանից՝ անհապաղ դադարեցնել սողացող ագրեսիան եւ բորդերիզացիան Վրաստանի՝ իր կողմից օկուպացված տարածքներում: Մենք կոչ ենք անում Ռուսաստանին՝ անվերապահորեն կատարել Մեդվեդեւ-Սարկոզի համաձայնագիրը եւ դուրս բերել իր զինված ուժերը օկուպացված տարածքներից: Օկուպացված տարածքների հետ Ռուսաստանի կնքած այսպես կոչված պայմանագրերը համարժեք են այլ երկրի տարածքների բռնակցմանը եւ միջազգային իրավունքի խախտում են:

§  Պահանջում ենք Ռուսաստանից՝ դուրս բերել իր զորքերն ու սպառազինությունները Մոլդովայի տարածքից: Դա խիստ կարեւոր նշանակություն ունի տարածաշրջանային անվտանգության առկա վտանգավոր եւ բարդ համալիրում:

§  Մենք նաեւ կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ատելության, այլատյացության, անհանդուրժողականության եւ պատերազմի քարոզչությունը Ռուսաստանում եւ Արեւելյան գործընկերության երկրների տարածքում:

5 փետրվարի, 2015թ.

Բրյուսել

Աղբյուրը ՝ ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի պաշտոնական կայք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728