Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ում տեղյակ չեն Սարգսյան-Ծառուկյան հանդիպումից

Փետրվար 18,2015 12:45

Տիգրան Ուրիխանյանի կարծիքով՝
իշխանությունը ժողովրդի հետ հաշտվելու խնդիր ունի

– Մամուլում հրապարակումներ եղան, որ գործարար Սամվել Կարապետյանը, նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը Երեւան են ժամանել՝ Գագիկ Ծառուկյանին եւ Սերժ Սարգսյանին հաշտեցնելու համար: Նաեւ ՀՅԴ-ն էր միջամտել հաշտեցման գործընթացին: Երեկ տեղի է ունեցել Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը, նրանք առանձնազրույցի արդյունքում եկել են ընդհանուր հայտարարի: Այդ լուրը հաստատել էր ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Տեղյա՞կ եք այդ հանդիպումներից, ի՞նչ մանրամասներ կարող եք փոխանցել:

– Ես կոմպետենտություն չունեմ այդ մարդկանց առնչությամբ տեղեկություններ որոնելու եւ տրամադրելու: Եվ, առհասարակ, առնչություն էլ չունեմ այդ մարդկանց հետ: Հետեւաբար ձեր հարցերը պիտի ուղղեք իրենց կամ իրենց կողմից լիազորված անձանց:
Ինչ վերաբերում է հաշտվել-չհաշտվելուն, ապա այդ ձեւակերպումն ինձ համար այդքան էլ ընդունելի չէ, որովհետեւ մենք երբեւէ չենք ձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք կարող է տանեն մարտի, «պատերազմական հակադրման» եւ տրամաբանությունից դուրս հակամարտության: Մեր գործը քաղաքական, բովանդակային պայքարի ու մրցակցության շրջանակներում է: Հետեւաբար իշխանությունն ինքը պիտի ժողովրդի հետ հաշտվելու միջոցներ գտնի: Մեր անելիքն ու ասելիքը եղել է հետեւյալը` Հայաստանում պիտի լինեն համակարգային փոփոխություններ, Հայաստանում պիտի լինի իշխանափոխություն, Հայաստանը չի կարող գնալ սահմանադրական իբր բարեփոխումների ճանապարհով եւ վերջ: Իշխանությունն է, որ քաղաքական դիսկուսիայի ու դեբատների տիրույթից իր գործողությունները տեղափոխել է ագրեսիվ հակամարտության դաշտ` թշնամանքի երանգներով:

– Դուք շարունակում եք պնդել, որ ԲՀԿ-ն քաղաքական պայքար է մղում, մինչդեռ պայքարը քաղաքական տրամաբանությունից դուրս եկավ այն պահից, երբ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանն անցան անձնական որակումների ու վիրավորանքների դաշտ: Դուք բացառո՞ւմ եք Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան անձնական հարաբերությունների հարթումը:

– Կարծում եմ՝ դուք հարցը տալիս եք, որ ես հերթական անգամ հիշեցնեմ, որ Գագիկ Ծառուկյանը երբեւէ իրեն թույլ չի տվել որեւէ մեկի առհասարակ, այդ թվում ձեր նշած անձի հասցեին անձնական վիրավորանք կամ ձեւակերպում: Իր պատասխան ելույթը բաղկացած էր բացարձակապես լուրջ, քաղաքական, հիմնավոր խնդիրների նկատմամբ իր եւ ԲՀԿ-ի մոտեցումներից: Սա ակնհայտ, ակնառու, ճչացող է` ԲՀԿ-ն ու նրա առաջնորդը երբեւէ անձնական վիրավորանքներով, անձնական հարաբերությունների ձեւաչափից բխող ինչ-որ պատճառներից դրդված որեւէ գործողություն չեն իրականացրել:

– Սերժ Սարգսյանին Բադեն-Բադենում մսխած գումարները հիշեցնելը քաղաքակա՞ն ոլորտից է:

– Չեմ կարողանում վերհիշել` ի՞նչն եք հիշեցնում: Գագիկ Ծառուկյանի հայտարարության մեջ խոսվում էր ԵԽԽՎ-ում տրվող հարցերի մասին, իսկ ԵԽԽՎ-ում ՀՀ նախագահին տրվող հարցերը քաղաքական տիրույթի բովանդակություն պարունակող են:

– Նախօրեին հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Ռոբերտ Քոչարյանը, ում կոչն ուղղված էր բացառապես իշխանություններին, որպեսզի զերծ մնան բռնություններից: Ինչպե՞ս եք մեկնաբանում Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը: Արդյոք նա այդ հարցազրույցում ի ցույց չդրե՞ց այն իրողությունը, որ ԲՀԿ-ին ստվերային ուղղորդող դեմքերից մեկն է:

– ԲՀԿ-ն ստվերում դեմքեր չունի: ԲՀԿ-ի դեմքերը մի քանի հարյուր հազար են. այս պահին, թույլ տվեք առանց ավելորդ անհամեստության խոսել միլիոնավոր դեմքերի մասին, որոնք ՀՀ քաղաքացիներն են, որոնք մեզ հետ կիսում են այն դժգոհությունն ու անհանգստությունը, որը չի կարող ադեկվատ չընկալվել որեւէ մարդու կողմից` հաշվի առնելով ծայրահեղ արտագաղթը, տնտեսական ճգնաժամը եւ այլն: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի դիտարկումներին` առաջարկում եմ իր կողմից լիազորված անձանց դիմեք: Բայց, այնուհանդերձ, իրավիճակի ցանկացած մեկնաբանություն եւ գնահատական կարելի է համադրել իրողության հետ. եթե այն ադեկվատ է, ուրեմն համապատասխանում է օրվան, եթե ադեկվատ չէ` ուրեմն չի համապատասխանում: Ռոբերտ Քոչարյանի գնահատականները, կարծում եմ, ցանկացած անկողմնակալ մարդու տեսանկյունից ադեկվատ են նրան, ինչ տեղի է ունենում:

– Երեկ Սերժ Սարգսյանին բաց նամակով դիմել է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը` դեմ առ դեմ հանդիպման առաջարկով: Առիթն, իհարկե, Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին մեր երկիրը պատշաճ ներկայացնելն է, բայց ակնհայտ է, որ այս լարված իրավիճակում ներքաղաքական հարցերը չեն կարող շրջանցվել: Ի՞նչ է ցանկանում ասել առաջին նախագահն իր այդ քայլով: Հնարավո՞ր է, որ եռյակը լուծարվում է:

– Երրորդ անգամ հիշեցնում եմ, որ ես ԲՀԿ խոսնակն եմ ու կոմպետենտ եմ պատասխանելու ԲՀԿ-ին վերաբերող ցանկացած հարցի: Այնուհանդերձ, առաջին նախագահն իր նախաձեռնության դրդապատճառը հիմնավորել է: Չեմ կարծում, որ արժե ենթադրել որեւէ լրացուցիչ բան ու դրա հիման վրա վերլուծություն անել:

– Ամսի 20-ին հանրահավաք լինելո՞ւ է:

– Հայտնի է, որ 23-28-ի համար լրացուցիչ հայտ է ներկայացվել քաղաքապետարան` հանրահավաքներ կազմակերպելու նպատակով: Տեսնենք, թե ի՞նչ կպատասխանի քաղաքապետարանը: Իսկ ամսի 20-ի հանրահավաքի վերաբերյալ կարծիքս մեկն է` այն հանրային պահանջ է, հանրային պատվերի շրջանակում է, եւ ես կարծում եմ, որ այն այլեւս քաղաքական ուժերինը չէ, ժողովրդինն է, ընդ որում՝ բավականին լայն զանգվածինը: Եթե հիպոթետիկ ենթադրենք, որ քաղաքական ուժերը չկազմակերպեն այդ հանրահավաքը, ժողովուրդը այն կկազմակերպի: Տեսնենք, թե ինչ պաշտոնական որոշում կլինի:

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
18.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728