Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանին պարտադրում են վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Փետրվար 18,2015 11:05

Փետրվարի 15-ից մեկնարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցը: Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն օրերս Twitter-ի իր միկրոբլոգում նշել էր, թե «լուրջ բանակցություններ են ակնկալում Ադրբեջանի նախագահի ու պաշտոնատար այլ անձանցից»՝ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված քայլեր ձեռնարկելու առումով:

Փետրվարի 16-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Մինչ այդ հանդիպումն Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Իրանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց, թե անհրաժեշտ է սկսել աշխատանք Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ: Ըստ Մամեդյարովի՝ Մինսկի խմբի համանախագահներն արդեն հասկանում են, որ ժամանակն է սկսել աշխատանք՝ մեծ համաձայնության նպատակով: Ադրբեջանի ԱԳ նախարարը, մինչեւ համանախագահների հետ հանդիպումը, նշել էր, թե Լաչինում, Քելբաջարում հայկական զորքեր չպետք է լինեն. «Պետք է սկսել լուրջ բանակցություններ՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նպատակով»:

Հատկանշական է վերոնշյալ ասուլիսում Մամեդյարովի հետեւյալ միտքը` «համանախագահները պետք է աշխատեն Մադրիդյան սկզբունքների վեց հոդվածների վրա հիմնված խաղաղության պայմանագրի վրա»: Բաքուն փորձում է ցույց տալ, թե երկար ժամանակ մադրիդյան սառեցված սկզբունքները, որոնք դուրս էին մղվել բանակցությունների սեղանից պաշտոնական հենց Բաքվի սադրիչ եւ արկածախնդիր քաղաքականության արդյունքում, կրկին կարող են դառնալ քննարկումների առարկա: Բայց Ադրբեջանը կրկին խոսում է «խաղաղության համաձայնագրի» մասին, որը մինչեւ հիմնարար սկզբունքների համաձայնեցումը` անհնար է: Սրանից կարելի է եզրակացնել, որ միջնորդներին հաջողվել է Ալիեւին պարտադրել «բանակցային ֆորմատ» վերադառնալ: Հավանաբար, որոշ ժամանակ անց հնարավոր կլինի մտածել նաեւ նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպելու շուրջ:

Փետրվարի 17-ին միջնորդները Երեւանում էին: Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարը համանախագահների ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ հունվարի 27-ի համանախագահների հայտարարությունից, փետրվարի 7-ի ԵԱՀԿ գործող նախագահի եւ եռանախագահների հայտարարությունից հետո Բաքուն, բացահայտ արհամարհանք դրսեւորելով, շարունակել է հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումները, սադրանքները եւ եռանախագահների կողմից մատնանշված անթույլատրելի հռետորաբանությունը։ «Անդրադառնալով խաղաղության պայմանագրի մշակմանը, իբր, ձեռնամուխ լինելու մասին Բաքվի մտասեւեռմանը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտեց, որ Ադրբեջանի ղեկավարությունը իրականում նպատակ է հետապնդում ձախողել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման Հիմնարար սկզբունքների շուրջ տարիների բանակցային գործընթացի արդյունքները: Բաքուն փորձում է օգտագործել իր իսկ պատճառով հակամարտության չլուծված լինելը՝ արդարացնելու համար երկրի ներսում մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումները, ընդդիմախոսների դեմ բռնաճնշումները»,- նշվում էր ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։ «Երբ համաձայնություն ձեռք բերվի հիմնարար սկզբունքների վերաբերյալ, եւ դրան իր համաձայնությունը տա նաեւ Լեռնային Ղարաբաղը, այդ ժամանակ հնարավոր կլինի բանակցություններ սկսել Ադրբեջանի, Արցախի եւ Հայաստանի միջեւ՝ մշակելու խաղաղության համապարփակ պայմանագիրը»,- նկատել է Էդվարդ Նալբանդյանը։

Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Երեւանում՝ ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո, պատասխանելով «Ազատության» հարցին, թե ի՞նչ նոր առաջարկ են բերել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հակամարտության կողմերին, նշել էր. «Ոչ մի, սա ուղղակի հնարավորություն է խոսելու»:

Համանախագահները Երեւանում Ս. Սարգսյանին ներկայացրել են Բաքվում իրենց ունեցած հանդիպումների տպավորությունները, քննարկել են բանակցային գործընթացի այս փուլում առկա մտահոգություններն ու հետագա քայլերը: Սերժ Սարգսյանը ողջունել է հունվարի 27-ին Կրակովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որը, Ս. Սարգսյանի համոզմամբ` «որոշակիորեն տարբերվում էր նախորդ հայտարարություններից, որում ի վերջո կոչ արվեց Ադրբեջանին հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված իր հանձնառություններին»:

Հատկանշական է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցը համընկավ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տարածաշրջանային այցի հետ: Բաքու կատարած այցից առաջ ԱՄՆ պետդեպարտամենտի տարածած հաղորդագրությունում նշվեց, որ Նուլանդի բանակցությունների օրակարգային թեմաների շարքում առեւտրային, ներդրումային, անվտանգության, ահաբեկիչների դեմ պայքարի, ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության հետ կապված հարցեր են, ինչպես նաեւ անդրադարձ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Նուլանդի այցի օրակարգային գլխավոր հարցը ադրբեջանա-ամերիկյան բավական լարված հարաբերություններն են։ Պաշտոնական Բաքուն գրեթե առիթ բաց չի թողնում՝ քննադատելու Վաշինգտոնի քաղաքականությունը Ադրբեջանի նկատմամբ, նույնիսկ մեղադրում է ԱՄՆ-ին Ադրբեջանում գունավոր հեղափոխություն նախապատրաստելու եւ իրավիճակն ապակայունացնելու մեջ:
«Մենք անհանգստացած ենք վերջին վեց ամիսներին շփման գծում տիրող իրավիճակից: Մեր ուղերձը Ադրբեջանին եւ Հայաստանին այն է, որ նրանք պետք է դադարեցնեն լարվածություն ստեղծել եւ նստեն բանակցությունների սեղանի շուրջ»,- ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը Բաքվում` ընդգծելով. «Մենք ուզում ենք, որպեսզի Դուք աջակցեք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում իրականացվող գործընթացներին»: Ըստ ադրբեջանական գործակալությունների` Նուլանդն ասել է, թե Հայաստանը պետք է որպես մարդասիրական քայլ վերադարձնի ադրբեջանցի գերիներ Շահբազ Գուլիեւին եւ Դիլհամ Ասկերովին. «Վաղը ես դա կասեմ Հայաստանում»:

Հիշեցնենք, որ 2014թ. հունիսի 29-ին Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիեւը, Դիլհամ Ասկերովը, ինչպես նաեւ սպանված երրորդ մասնակից Հասան Հասանովը՝ զինված, ապօրինաբար հատել էին ԼՂՀ պետական սահմանը եւ ներխուժել հանրապետության Շահումյանի շրջանի տարածք՝ հետախուզական գործողությունների նպատակով: Այս անձինք հատուկ առաջադրանքով տեղեկություններ էին հավաքել եւ լրտեսական գործունեություն իրականացրել: Նրանք զենքի գործադրմամբ հուլիսի 4-ին առեւանգել էին ԼՂՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 15-ին:

Անցյալ տարի դեկտեմբերի 29-ին Լեռնային Ղարաբաղի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն Ասկերովին դատապարտեց ցմահ ազատազրկման՝ առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի պետական սահմանը հատելու, ապօրինի կերպով հրազեն եւ ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առեւանգելու եւ սպանության համար։

Հունվարին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մամլո ասուլիսի ընթացքում ադրբեջանցի մի լրագրող ՌԴ արտգործնախարարից հետաքրքրվել էր Ասկերովի ճակատագրով՝ հայտարարելով, թե նա ՌԴ քաղաքացի է, եւ ինչո՞ւ ՌԴ-ն որեւէ հայտարարություն չի անում իր քաղաքացուն ազատ արձակելու վերաբերյալ։ Ի պատասխան՝ Լավրովը նշել էր, թե քանի որ նրան հայկական կողմն է ձերբակալել, այդ իսկ պատճառով հարցը կքննարկեն հայկական կողմի հետ. «Ինչպես ասացիք Դուք, նրան ձերբակալել է հայկական կողմը: Այդ դեպքում տվյալ հարցը մենք կքննարկենք նրա հետ: Մենք ունենք ոչ քիչ թվով քաղաքացիներ, որոնց ձերբակալել են աշխարհի տարբեր երկրներում: Մենք մշտապես հետաքրքրվում ենք նրանց ճակատագրով»: Մինչդեռ ամիսներ առաջ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինի՝ Միլի Մեջլիսի փոխնախագահ Բահար Մուրադովային ուղղված նամակում հայտարարվել էր, որ հայերի կողմից գերեվարված ադրբեջանցիների շարքերում ՌԴ-ի քաղաքացիներ չկան: Այս թեմայով պաշտոնական Ստեփանակերտի արձագանքը միանշանակ է: Ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի դիվերսանտ Դիլհամ Ասկերովի փոխանցման հարցը քննարկման ենթակա չէ՝ բազմիցս շեշտել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Երեւանում Նուլանդի հանդիպումները եւ նրա մամլո ասուլիսը նախատեսված են այսօր` փետրվարի 18-ին:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728