Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ժամանակները փոխվել են

Փետրվար 18,2015 10:10

Մեկը սրամտեց. «ԲՀԿ-ի ներսում հայտնաբերվել է «Էդո» գաղտնի կառույցը»: Երիտասարդ ընթերցողներին տեղեկացնեմ. ակնարկը վերաբերում է 1994 թվականին հայտնաբերված ՀՅԴ «Դրո» կառույցին, ինչը հիմք դարձավ այդ կուսակցության գործունեությունը կասեցնելու եւ դաշնակցականներին հետապնդելու համար: Այստեղ, իհարկե, թացն ու չորը խառնվել են, որովհետեւ «Դրոյի» անդամներն իսկապես կատարել են սպանություններ, որոնց համար նրանցից ոմանք առ այսօր ազատազրկված են: Ուրիշ հարց, որ դատավարություններից հետո հիմք չկար տարիներ շարունակ արգելված պահելու ամբողջ կուսակցությունը եւ նրա թերթերը: Ավելի ուշ նույնպես մենք հանդիպում էինք նման երեւույթների: Օրինակ՝ երբ Ստեփան Դեմիրճյանի կուսակցության անդամներին զանգվածաբար ենթարկում էին վարչական կալանքների: Կամ՝ հետապնդում էին Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին:

Այսօրվա վիճակը մի քիչ հիշեցնում է այս բոլոր պատմությունները: Ճիշտն ասած, ես կասկած չունեմ, որ ԲՀԿ-ականների մի մասը իսկապես ապօրինի զենք ունի, իսկապես հարկեր չի վճարում, իսկապես տարբեր տեսակի «որջեր» է պահում, իսկապես պատրաստ է ջարդել իրեն դուր չեկած մարդկանց քիթ-մռութը: Այդ «զանգվածում» ջութակի դասատուներ չկան, բոլորը «լավ տղերք են»: Բայց նույնը, եթե ոչ՝ ավելին, կարելի է ասել ՀՀԿ-ականների որոշակի զանգվածի մասին: Ընտրովի արդարադատություն չպիտի լինի:
Այդքանով հանդերձ՝ կան շոշափելի տարբերություններ: Երբ ներկայումս մեծ դեմոկրատ դարձած Ռոբերտ Քոչարյանը փակել էր «Ա1+»-ը, գրեթե բոլոր լրատվամիջոցները, փոխանակ այդ փակված հեռուստաընկերությանը աջակցություն հայտնեին, հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ պնդելով, որ Հայաստանում մամուլի ազատության հետ կապված խնդիրներ չկան: Որովհետեւ վախենում էին, որ երկրորդ նախագահը իրենց հերն էլ կանիծի: Հիմա` եթե, ենթադրենք, նախագահ Սարգսյանը փակի «Կենտրոնը» (հուսով եմ՝ դա տեղի չի ունենա), ինձ թվում է՝ լրատվամիջոցներից շատ քչերը կողջունեն այդ քայլը: Հասարակությունը փոխվել է` վախի մթնոլորտ չկա: Եվ դա դրական երեւույթ է:

Երբ նույն «դեմոկրատի» հրամանագրով 2008 թվականի մարտի 1-ից 20-ը գրաքննություն էր մտցվել, եւ լրատվամիջոցներին պարտադրում էին հայտնել միայն պաշտոնական տեսակետը (ի դեպ, ներկայիս «դեմոկրատները», այդ թվում` կարկառուն ԲՀԿ-ականները հենց այդ տեսակետն էլ հայտնում էին), «Առավոտը» եւ մնացած նորմալ լրատվամիջոցները չէին աշխատել: Եթե հիմա (Աստված մի արասցե) նման բան լինի, մենք էլի չենք կարողանա աշխատել: Ոչ թե այն պատճառով, որ ԲՀԿ-ին շատ ենք սիրում, այլ որովհետեւ համոզված ենք` եթե ներկայացվում է միայն մեկ կողմի կարծիքը, ուրեմն գործ ունենք ոչ թե լրատվամիջոցի, այլ քարոզչության գործիքի հետ:

Բայց այսօր թերթեր եւ հեռուստաընկերություններ փակելը առանձնապես իմաստ չունի, որովհետեւ Հայաստանի բնակչության կեսից ավելին կարող է օգտագործել համացանցը: Մենք ապրում ենք նոր դարաշրջանում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Ջիվան Նադարյան says:

    Համակարծիք եմ հարգելի Արամ:

  2. Տիգրան Ավետիսյան says:

    Հիմա` եթե, ենթադրենք, նախագահ Սարգսյանը փակի «Կենտրոնը» (հուսով եմ՝ դա տեղի չի ունենա), ինձ թվում է՝ լրատվամիջոցներից շատ քչերը կողջունեն այդ քայլը
    –Ինչից վերցրեցիք???
    հեռուստաալիքները չեն ողջունի???
    որ հեռուստաալիքները
    թե նկատի ունեք առհասարակ ԶԼՄ-երը, եթե վերջին -ապա այն ժամանակ էլ բազմաթիվ ԶԼՄներ ՝ մամուլը, նույնպես չէր ողջունում:
    ու առհասարակ անհասկանալի է- որևէ կերպ չհիմնավորված
    ինձ թվում է-ները

  3. Գալուստ Ենոքյան says:

    The times they are a changin,,,Bob Dylan

  4. Hayk says:

    Բայց Հայաստանում հենց հիմա կան լրատվամիջոցներ, որոնք զբաղված են հե՛նց Ձեր ասած քարոզչությամբ ու շատ վաղուց են զբաղված: Եթե լրատվամիջոցը ֆինանսավորվում է դրսից(իսկ այդպիսիք կան), նա չի կարող անկախ լինել ի սկզբանե: Նույնը վերբերում է նաև մյուս կազմակերպություններին: Այդպիսիք կա՛մ պետք է հրաժարվեն դրսի ֆինանսավորումից, կա՛մ պիտի փակվեն:

    • Գալուստ Ենոքյան says:

      Պարոն Հայկն, ուզում է որ լրատվամիջոցներն օգտվեն միայն իշխանական «կերակրատաշտի» փշրունքներից…

  5. gib.gibindus says:

    Je suis Gagulik.

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728