Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-ն պատերազմ չի հայտարարել, որ հաշտության գնա»

Փետրվար 18,2015 17:00

ՀՀԿ-ական պատգամավորը Ռոբերտ Քոչարյանի
խոսքում մտահոգություն է տեսել

«Շատ դրական միտումներ կային իր խոսքում, մտահոգություն նկատեցի` կապված տնտեսության, Ղարաբաղում շփման գծի իրավիճակի եւ Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների անցկացման առումով». սա ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի տպավորություններն են Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից` ի հեճուկս կուսակից Վահրամ Բաղդասարյանի, ով www.aravot.am-ի հետ զրույցում ասել էր. «Ինձ թվում է, որ պարզապես ուշացած կոչեր են դրանք: Ժամանակին չպետք է նրան դրդեին եւ նման ականներ դնեին Գագիկ Ծառուկյանի տակ»: Լեռնիկ Ալեքսանյանը համամիտ չէ դիտարկմանը, որ իր խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանն, ըստ էության, կողմերին` Սերժ Սարգսյանին եւ Գագիկ Ծառուկյանին, հաշտության կոչ է անում: «Կանգ առնել եւ չդիմել ոչ մի ակտիվ վարչական գործողության ԲՀԿ ղեկավարի նկատմամբ, մնալ բացառապես բանավոր մենամարտի սահմաններում, վերադառնալ ընդդիմախոսների հետ հակադրման քաղաքական հարթություն»,- երեկ 2-rd.am կայքին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը` ստեղծված ներքաղաքական իրավիճակից ելք առաջարկելով: Նա նկատել է, որ իշխող կուսակցության կողմից ՀՀԿ խորհրդի նիստին բարձրաձայնված մտադրությունները չեն տեղավորվում ՀՀ Սահմանադրության շրջանակներում եւ ԲՀԿ-ին ու ընդհանրապես՝ ընդդիմությանը բառացիորեն մղում են կազմակերպել մասսայական փողոցային գործողություններ, որոնց հետեւանքներն անկանխատեսելի են. «Ձերբակալություններն ու ռեպրեսիվ գործողությունները կտանեն երկիրը դեպի խորը ու երկարատեւ ճգնաժամ»: Լեռնիկ Ալեքսանյանն այսօր դեռ չի կարող ասել, թե ինչ զարգացումներ են սպասվում առաջիկայում: Բայց մի բան հաստատ գիտի. «ՀՀԿ-ն միշտ եղել է ավելի հանդուրժող: Ու հաշտության խնդիր էլ չկա: ՀՀԿ-ն պատերազմ չի հայտարարել, որ հաշտության գնա. կարծիքներ են ասվել, գնահատականներ են տրվել, նաեւ ասվել է, որ ԲՀԿ-ի հետ կապված որեւէ խնդիր չկա, խնդիրը քաղաքական դաշտի կարգավորման հետ է: Ես, ինչքան հասկանում եմ, Ծառուկյանի անձի հետ էլ կապված չի: Մեր քաղաքական դաշտը ընդհանուր մաքրվելու կարիք ունի: Ես այդպես հասկացա նախագահի շեշտադրումները: Մինչեւ այդ էլ մեր խորհրդի նիստերում այդ շեշտադրումներն ու մտահոգությունները կային»:

Այն, ինչ հիմա կատարվում է ԲՀԿ առաջնորդի հետ եւ շուրջ` նրան պատկանող հիմնարկներում ստուգումներ, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության շուրջ երկու հարյուր աշխատակիցների, որոնք ապահովում էին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ նրան պատկանող տարածքների անվտանգությունը, աշխատանքից ազատում եւ այլն, Լեռնիկ Ալեքսանյանը հավաստիացնում է, որ վաղուցվա հակասություն-հակադրություններ էին, որոնք հանդուրժում էին իշխող կուսակցությունում` հենց երկիրը ցնցումներից զերծ պահելու համար. «ՀՀԿ-ականներս միշտ էլ նախագահին նույնիսկ հանդիմանում էինք, որ այլընտրանք քաղաքական ուժի ներկայացուցիչները ՀՀԿ-ականների հասցեին ավելի շատ կոպիտ ու վարկաբեկիչ բաներ էին ասում, քան արմատական ընդդիմադիրները»: Ամեն դեպքում մեր զրուցակիցը համոզված է` հանրապետության նախագահը մտահոգ է այսօրվա մարտահրավերներով եւ զիջումների պատրաստ է գնալ, իհարկե՝ «ոչ սկզբունքային հարցերում, անձնական հարցերում»: Լեռնիկ Ալեքսանյանը ՀՀԿ-ԲՀԿ միջկուսակցական խնդիրներ էլ չի տեսնում, կարծում է, որ վերջին օրերի փոխադարձ վիրավորանքները կարելի է հաղթահարել ու գնալ երկխոսության:

Երեք օր խորհրդակցելուց հետո եռյակի ղեկավարները` Գագիկ Ծառուկյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը, որոշեցին ամսի 20-ին համազգային հանրահավաք հրավիրել: Ինչո՞ւ հանրահավաքն ավելի շուտ չպլանավորվեց, արդյոք եռյակի լիդերները նո՞ւյնպես նպատակ են հետապնդում լարվածությունը հարթելու՝ մեր հարցին ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Ես դրանում համոզված եմ, հավատացած եմ: Քաղաքականությամբ զբաղվող մարդն այսօր պիտի հասկանա, որ ցնցումներն այսօր շատ բացասական ազդեցության կբերեն»: Ամեն դեպքում մեր զրուցակիցը կատարվածում իշխանության մեղավորությունը չի տեսնում: Նա կարծում է, որ Գագիկ Ծառուկյանն իր անհնազանդության կոչերով իշխանությանը մղել է կոշտ քայլերի: Բայց նկատի ունենալով ԲՀԿ-ականների վերջին, իր կարծիքով, առավել մեղմ կարծիքները՝ իշխող կուսակցության ներկայացուցիչը իրավիճակից առանց ցնցումների ելք տեսնում է: «Քաղաքական ցնցումները մեզ ոչ մի լավ բան չեն կարող տալ: Ճանապարհը երկխոսությունն է: Այս առումով Ռոբերտ Քոչարյանի հարցադրումների ու մտահոգությունների հետ համաձայն եմ»,- ասաց Լեռնիկ Ալեքսանյանը:

Հետաքրքրվեցինք` ե՞րբ է մաքրվելու ՀՀԿ քաղաքական ուժը: «Ես կարծում եմ՝ դա ընդհանուր կոնտեքստում է: Այնքան ԲՀԿ քաղաքական ուժը մաքրելու խնդիրը չի: Հո ԲՀԿ-ի մեջ ուրիշների մասին չի՞ խոսվում: ԲՀԿ-ում էլի կան, չէ՞, մարդիկ, որոնք հարուստ են, ունեւոր են: Ծառուկյանի մասին խոսվեց նրա համար, որ Ծառուկյանը քաղաքականության մեջ հայտ ներկայացրեց: Հայտ, որը բացասական հետեւանքներ կարող էր ունենալ»: Հարցին` ԲՀԿ-ն, որը խորհրդարանում ներկայացված երկրորդ քաղաքական ուժն է, քաղաքականությամբ չի՞ զբաղվում, Լեռնիկ Ալեքսանյանը պատասխանեց. «Դրանք տարբեր բաներ են: Դեռ երեք տարի առաջ մեր կուսակցության հոբելյանական համագումարում խոսվեց այն մասին, որ պիտի մաքրվի մոնոպոլիան, ստվերը պիտի վերանա, եւ դա վերաբերում է եւ ՀՀԿ-ին, եւ ԲՀԿ-ին, եւ ընդդիմադիր մյուս ուժերին: Սա քաղաքական ու կուսակցական չի, խոսքը նրա մասին է, որ ստվերը պիտի մաքրվի, գործարարներն իրենց գործով պիտի զբաղվեն, քաղաքականությամբ զբաղվողները` քաղաքականությամբ: Ամեն մեկն իր գործով պիտի զբաղվի, եւ սա ընդհանուր է»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728