Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է

Փետրվար 18,2015 16:30

Կներկայացվի՞ նոր «քաղաքագիտական վերլուծություն»`
Քոչարյանի 10-ամյա իշխանավարման «պտուղները» մոռացության տալու

Փետրվարի 15-ին ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն» կուսակցության ղեկավարներ Գագիկ Ծառուկյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես ավելի վաղ էր հայտարարվել, հանդիպել են: Երեք կուսակցությունները պատվիրակությունների ընդլայնված կազմերով էին ներկայացել հանդիպման, որի ընթացքում քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական արտակարգ իրավիճակը եւ որոշել էին փետրվարի 20-ին Ազատության հրապարակում հրավիրել շտապ համազգային հավաք՝ «ՀՀ քաղաքացիների հետ միասին ստեղծված իրավիճակը հանգուցելու նպատակով որոշում կայացնելու համար»:

ՀՀԿ-ԲՀԿ առճակատումը դրսեւորվում է վերջին օրերին ողջ ուժով: Սերժ Սարգսյանի ելույթում Գագիկ Ծառուկյանին ուղղված քննադատությունը եւ անուղղակի «հանձնարարականը»՝ հանդես գալ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի, առանձնակի հետեւողականությամբ են իրականացնում ՀՀԿ-ականները: Եվ դա ունենում է կոնկրետ արդյունքներ: Նույնիսկ նրանք, ովքեր Գագիկ Ծառուկյանին միշտ ընկալել են որպես բարի գործարար, այլ ոչ թե քաղաքական գործիչ, այժմ սկսել են մտորել նրա քաղաքական կարիերայի մասին:

ՀՀԿ-ական գործիչների հակաքարոզչությունն ավելի է մեծացրել հետաքրքրությունը Ծառուկյան գործչի նկատմամբ, եւ եթե իշխանությունները նույն թափով շարունակեն «պաշտոնազրկել» Ծառուկյանին, «հարկային ուսումնասիրություններ» իրականացնեն նրան պատկանող ընկերություններում, նրա տարածքները հսկող պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակիցներին ազատեն եւ բանը հասնի մինչեւ պատգամավորական մանդատից զրկելուն, ապա Ծառուկյանի «հերոսացման» գործընթացն իսկապես կարելի է փայլուն իրականացված համարել: Այդ դեպքում եռյակի հանրահավաքները ապագայում, վստահաբար, զուտ հետաքրքրասիրությունից կարող են լինել ավելի մարդաշատ, քան կարելի էր ակնկալել:

Հնարավոր է՝ հենց սրան է ձգտում Սերժ Սարգսյանը՝ համարելով, որ Հայաստանի ներքաղաքական կյանքին անհրաժեշտ է ոչ թե «ոչ իշխանություն», այլ իսկական ընդդիմություն: Բայց չտրվենք վարկածների քննարկմանը, որովհետեւ առանց այն էլ Սերժ Սարգսյանի կոշտ ելույթի դրդապատճառների առիթով վերջին օրերին վերլուծությունների, տարբերակների պակաս չի զգացվում:

Փետրվարի 13-ին ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստում Գագիկ Ծառուկյանը, խոսելով անելիքների մասին, նշեց. «Երեկվանից ստեղծվել է մի վիճակ, որը պահանջում է հանգուցալուծում: Ես համոզված եմ, որ միակ հանգուցալուծումն ամբողջական իշխանափոխությունն է՝ արտահերթ նախագահական ընտրությունների միջոցով»: Ավելի վաղ՝ փետրվարի 5-ի համաժողովում Ծառուկյանը կարեւորեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունները, նշեց, որ պետք է լրջորեն պատրաստվեն բոլոր ընտրություններին, որովհետեւ քաղաքական մենաշնորհը վերանում է ընտրությունների միջոցով. «Մենք պետք է կարողանանք գրագետ եւ կազմակերպված աշխատանքով խափանել ընտրակեղծիքների մեքենան: Այդ նպատակի համար տասնյակ հազարավոր մարդկանց մենք ներգրավելու ենք ամենօրյա աշխատանքի մեջ: Ի վերջո, ընտրակեղծիքների չարաբաստիկ մեքենան մեր երկրում մի օր պետք է ջարդվի: Հավատացե՛ք, դրա համար մենք ունենք թե՛ մարդկային, թե՛ կազմակերպչական եւ թե՛ նյութական բոլոր անհրաժեշտ ռեսուրսները: Իսկ եթե իշխանություններն ընտրում են առաջարկվող տարբերակները մերժելու ճանապարհը, ապա նմանատիպ իրավիճակներում ժողովուրդն ունենում է մեկ քայլ՝ պարտադրել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ»:

ԲՀԿ-ականներն այս օրերին նշում են, թե վարում են «քաղաքական պայքար»: Եթե նրանք իսկապես վարում են «քաղաքական պայքար», «ամբողջական իշխանափոխության» են ձգտում եւ պարտադրելու են «արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ», ապա պետք է անկեղծ լինեն եւ առաջիկայում հայտարարեն, թե ո՞վ է լինելու եռյակի միասնական թեկնածուն արտահերթ նախագահական ընտրություններում: Կամ՝ եթե դա այս պահին հնարավոր չէ ասել, ապա գոնե բացահայտեն, թե ո՞վ է ԲՀԿ-ի կողմից առաջադրվող հավանական նախագահի թեկնածուն՝ Գագիկ Ծառուկյա՞նը, թե՞ Ռոբերտ Քոչարյանը:

Ինչո՞ւ է սա կարեւոր: Եթե ոչ իշխանական ուժերն արդեն հայտարարում են, թե քաղաքական «լայն կոնսոլիդացիան» կայացել է կոնկրետ իշխանափոխության գաղափարի շուրջ, ապա հասարակությունը պարտավոր է իմանալ, թե իշխանափոխության դեպքում ո՞վ է փոխարինելու Սերժ Սարգսյանին:

Դատելով Ռոբերտ Քոչարյանի վերջին մի քանի հարցազրույցների բովանդակությունից՝ նա, մեղմ ասած, բավական դժգոհ է գործող իշխանությունների աշխատանքից եւ սպասում է որոշ «հանգամանքների», որոնց արդյունքում կորոշի՝ քաղաքական ակտիվ գործունեության հրապարակային հայտ ներկայացնո՞ւմ է, թե՞ ոչ: Փետրվարի 16-ին հրապարակված հերթական հարցազրույցում, սակայն, ուշագրավ էր Քոչարյանի՝ ՀՀԿ-ԲՀԿ լարվածության վերաբերյալ հետեւյալ հատվածը. «Կանգ առնել եւ չդիմել ոչ մի ակտիվ վարչական գործողության ԲՀԿ ղեկավարի նկատմամբ, մնալ բացառապես բանավոր մենամարտի սահմաններում, վերադառնալ ընդդիմախոսների հետ հակադրման քաղաքական հարթություն: Իշխող կուսակցության կողմից ՀՀԿ խորհրդի նիստին բարձրաձայնված մտադրությունները չեն տեղավորվում ՀՀ Սահմանադրության շրջանակներում եւ ԲՀԿ-ին ու ընդհանրապես՝ ընդդիմությանը բառացիորեն մղում են կազմակերպել մասսայական փողոցային գործողություններ, որոնց հետեւանքներն անկանխատեսելի են: Ձերբակալություններն ու ռեպրեսիվ գործողությունները կտանեն երկիրը դեպի խորը ու երկարատեւ ճգնաժամ»: Ինչպես նկատում ենք, Քոչարյանը նույնիսկ չի փորձում թաքցնել ԲՀԿ-ին «պապայություն» անելու իր ձգտումը, եւ դա միանգամայն բնական է, եթե հիշենք, թե ով է ստեղծել ԲՀԿ-ն:

Եթե քաղաքական «լայն կոնսոլիդացիան» Գագիկ Ծառուկյան թեկնածուի շուրջ է, ապա սա այլ թեմա է: Կարելի է քննարկել նրա՝ քաղաքական, պետական գործիչ լինելու հատկանիշները կամ ավելի ճիշտ՝ այդ հատկանիշների բացակայությունը: Բայց եթե նախագահի թեկնածուն, այնուամենայնիվ, Ռոբերտ Քոչարյանն է, ապա բարդություններ չկան, որովհետեւ Քոչարյանի տասնամյա իշխանավարումը եղել է հայաստանցիների աչքի առջեւ՝ տնտեսականով, քաղաքականով, արտաքին քաղաքականով, Ղարաբաղյան կարգավորմամբ եւ ընդհանրապես՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության, մամուլի գործունեության հանդեպ իրականացրած նրա հետեւողական «ջանքերով» եւ դրանց «պտուղներով»: Դրանք վերհիշելու համար կարելի է վերընթերցել օրինակ՝ 1998-ից մինչեւ 2008-ը Տեր-Պետրոսյանի թիմակիցների, ապա նաեւ իր հոդվածները: Քոչարյանի իշխանավարման շրջանի ամենաջախջախիչ հիմնավոր գնահատականները հենց այդ թեւից են տրվել: Այդ ամենը մոռացության տալու հրամայականը ներկայացնելու համար, թերեւս, կպահանջվի մի նոր «քաղաքագիտական վերլուծություն»:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728