Լրահոս
Օրվա լրահոսը

Ամուսնուն «Նաիրիտից» են կրճատել, կնոջը՝ պոլիկլինիկայից

Փետրվար 18,2015 16:00

«Հայաստանը սոցիալական պետություն» է, «Հայաստանի բյուջեն սոցիալական ուղղվածությամբ է», «Դեպի ապահով Հայաստան». գրեթե ամեն օր՝ օրը մի քանի անգամ Մանյակ Խաչատրյանի ընտանիքի անդամները լսում են «լոզունգ» դարձած այս արտահայտությունները, սակայն սեփական ընտանիքի օրինակով փաստում են, որ իրենք ապրում են «անապահով ու անարդար Հայաստանում», սոցիալական բյուջեից էլ իրենք բաժին չունեն, սոցիալական պետություն ասվածն էլ միայն թղթի վրա է՝ ՀՀ Սահմանադրության մեջ:

Փետրվարի 6-ին հազարավոր նաիրիտցիների հետ աշխատանքից ազատվել է նաեւ Մանյակ Խաչատրյանի ամուսինը՝ համալրելով մեր երկրի գործազուրկների բանակը:
Օրերս էլ տիկին Մանյակն է աշխատանքը կորցրել: «Արմենիա» ՀԲԿ պոլիկլինիկայում, որտեղ նա 1994 թվականից աշխատել է, տնօրինությունը կանչել եւ հայտնել է, որ տիկին Մանյակի ծառայություններն այլեւս նրանց պետք չեն: Մանյակ Խաչատրյանը աշխատել է պոլիկլինիկայի էլեկտրասրտագրության կաբինետում՝ որպես բուժքույր: Ասում է, որ աշխատանքային պրակտիկայում չի եղել մի օր, որ տնօրինությունը դժգոհ լինի նրա աշխատանքից, անհարկի չի բացակայել եւ բարեխղճորեն փոխարինել է բացականերին: Սակայն, չգիտես ինչու, տիկին Մանյակի խոսքերով՝ աշխատելու մնացել են տիկնոջ այն կոլեգաները, որոնք անգամ մեկ տարով են բացակայել:

«Անարդար ձեւով ինձ ազատեցին, պահեցին այն նոր աշխատողին, որը 2013 թվականի հոկտեմբերի 1-ից գնացել է հերթական արձակուրդ եւ վերադարձել 2014 թվականի հունիսին: Նա մեկնել էր Սամարա՝ ամուսնու մոտ: Եկավ՝ սեպտեմբերին էլ մեկ շաբաթով գնաց հանգստյան տուն, եւ ես մենակ աշխատել եմ: Մի անգամ չեմ դժգոհել, մտածել եմ՝ կոլեգաներ ենք, բայց տնօրենը նրան պահեց՝ ինձ ազատեց»:

Պոլիկլինիկայի տնօրենի որոշումից դժգոհ Մանյակ Խաչատրյանը փորձել է աշխատանքից ազատման հարցը «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Գարիկ Գրիգորյանի հետ քննարկել: Պոլիկլինիկան այս հիվանդանոցի ենթակայությամբ է գործում: Սակայն տնօրենի գործավարուհին արգելել է, անգամ տնօրենին չի էլ տեղեկացրել տիկնոջ՝ տնօրենին տեսնելու ցանկության մասին՝ հորդորելով նախկին ղեկավարին՝ պոլիկլինիկայի տնօրենին դիմել:

«Ասացի՝ ղեկավարի մոտից եմ եկել, գնամ նրա մոտ՝ ի՞նչ անեմ, բայց թույլ չտվեց»,- մեզ հետ զրույցում պատմեց տիկին Մանյակը:

Աշխատանքը կորցնելով՝ տիկին Մանյակը հայտնվել է անելանելի դրության մեջ:
Ոչ թոշակի տարիքի է, որ գոնե թոշակով ապրի, ոչ էլ այն տարիքում, որ աշխատանք փնտրի: Աշխատանքից ազատելը պոլիկլինիկայի տնօրինությունը պատճառաբանել է բուժհիմնարկում ընթացող կրճատումներով, կրճատման ծանուցագրում էլ, տնօրինությունը հղում անելով «Աշխատանքային օրենսգրքի» 113 հոդվածի 1-ին կետի 2-րդ մասին եւ 115 հոդվածին, նշել է, որ մասնագիտական աշխատանք չլինելու կապակցությամբ Մանյակ Խաչատրյանին այլ աշխատանք չի առաջարկվել:

«Ինչպե՞ս պետք է ապրենք: Ամուսնուս «Նաիրիտից» են կրճատել, ինձ՝ պոլիկլինիկայից»,- կառավարության պատասխանատուներին հարց է ուղղում Մանյակ Խաչատրյանը: Նրա խոսքերով՝ իր հետ աշխատանքից ազատվել է նաեւ Սոսիկ Ղազարյանը, որը թաղամասի բուժքույրն է եղել եւ շատ ավելի ծանր սոցիալական պայմաններում է ապրում. ամուսին չունի, աղջիկն էլ չի աշխատում:

Մինչդեռ նույն կաբինետում մնացել են այնպիսի աշխատակիցներ, որոնք թոշակառու են: Տիկին Մանյակը նաեւ ասաց, որ հաշվապահությունից հայտնել են, որ, չգիտես ինչու, 12 օրվա վերջնահաշվարկ են տալու, մինչդեռ օրենքը ավելի շատ է նախատեսում:
«Առավոտի» հետ զրույցում պոլիկլինիկայի տնօրեն Ստելլա Հովհաննիսյանն ասաց, որ տիկին Մանյակին նախապես՝ երկու ամիս առաջ են կրճատման մասին տեղեկացրել, եւ բացի այդ՝ պոլիկլինիկայում կրճատումներ են գնում:

Մանյակ Խաչատրյանի խոսքերով՝ ոչ միայն իրեն, այլեւ բոլոր աշխատակիցներին են նման ծանուցում ուղարկել, բայց շատերի հետ պայմանագիրը վերակնքվել է: Տիկին Մանյակը չի բացառում, որ պոլիկլինիկայի տնօրենն իր փոխարեն նոր մարդ է ընդունելու, եւ եթե իսկապես այդպես լինի, ապա աշխատակիցների կրճատման, պոլիկլինիկայի սուղ բյուջեի մասին տնօրինության պատճառաբանությունները պարզապես հեքիաթներ են:
«Ղեկավարությունը գտնում է, որ աշխատակիցների քանակը շատ է, Մանյակ Խաչատրյանն ազատվել է օրենքի սահմաններում, «Աշխատանքային օրենսգրքի» հոդվածներով: Երկու ամիս առաջ էլ ծանուցվել է: Այս հիմնարկում անհիմն եւ անօրինական ազատում երբեւէ չի եղել»,- «Առավոտի հետ զրույցում ասաց «Արմենիա» ՀԲԿ-ի իրավախորհրդատու Գոհար Եսոյանը:

Նշենք, որ «Արմենիա» ՀԲԿ պոլիկլինիկան առողջապահության նախարարությանը մատուցած ծառայությունների համար աշխատավարձերի, դեղերի, բժշկական սպասարկման համար պետբյուջեից տարեկան միլիոններ է ստանում: Այս տարի պոլիկլինիկան պետպատվերի համար 373 միլիոն դրամ է ստացել, անցյալ տարի՝ 318 միլիոն: Չնայած այս պոլիկլինիկան մասնավոր է, եւ կադրային քաղաքականությունը բուժհիմնարկի տնօրինությունն է որոշում, սակայն, ինչպես առողջապահության ոլորտի պատասխանատուներն են նշում, բուժհիմնարկը պարտավոր է պետական գումարները ճիշտ կառավարել:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728