Հունվարի 14-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը Տավուշի մարզպետարանում աշխատանքային խորհրդակցության ժամանակ մարզպետարանի աշխատակիցներին հանձնարարել է զբաղվել ճանապարհների մաքրության խնդրով: Տավուշի մարզի ճանապարհների եզրերին թափված են ցելոֆանի տոպրակներ, ծխախոտի տուփեր, դատարկ շշեր եւ տարատեսակ այլ աղբ: Իջեւանի տարածաշրջանի Սարիգյուղ համայնքի վարչական տարածքում միջպետական ճանապարհին հաճախ կարելի է տեսնել աղբ հավաքող, ճանապարհային աշխատողի արտահագուստով 2 բանվորի:
Իսկ Սարիգյուղից Սեւքար տանող միջհամայնքային ճանապարհին իսկական աղբավայր է: Սեւքար համայնքի ղեկավար Թաթուլ Թելոյանը հայտնեց, որ աղբավայրը գտնվում է Սարիգյուղի վարչական տարածքում, երկու համայնքների բնակիչներն էլ այդտեղ աղբ են թափում: Նա ասաց, որ ինքը պայմանավորվածություն է ձեռք բերելու Սարիգյուղի համայնքապետարանի հետ՝ օրերը տաքանալուց համատեղ ուժերով աղբավայրը մաքրելու համար:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.02.2015