Բազմավաստակ մանկավարժն այսօր էլ
չի պատկերացնում իր կյանքն առանց աշակերտների
Բոլոր ժամանակներում ուսուցիչը միշտ էլ հասարակության ամենահարգված անդամն է եղել: Անվանի մարդկանց հաջողություններում, բնականաբար, ներդրում ունի նրանց ուսուցիչը: Այս նախաբանը յուրովի շնորհավորական խոսք է Լերա Գումեդինայի ծննդյան 90-ամյակի առիթով, որը կարողացել է լինել ոչ միայն ռուսաց լեզվի եւ գրականության բարձրակարգ ուսուցիչ՝ ակադեմիական առումով, այլեւ իր սաներին տվել է առանց չափազանցության ազնվական դաստիարակություն: Այլ կերպ լինել չէր կարող. նա ինքը ազնվական ընտանիքից է: Լերա Գուրգենի Գումեդինայի սաները տարբեր առիթներով, օրերս էլ՝ հոբելյանի, մշտապես այցելում են իրենց ուսուցչին:
«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ մենք փաստեցինք, որ դժվարին մանկություն ու պատանեկություն ունենալով հանդերձ, Լերա Գուրգենովնան պահպանել է իր ազնվական կեցվածքը: Հայրը՝ Գուրգեն Մելիք-Դադայանը, կրթություն է ստացել Մոսկվայում, այնուհետեւ որոշ ժամանակ աշխատել Անդրկովկասյան Ֆեդերացիայի հողի նարկոմ (գյուղատնտեսության նախարար): Ցավոք, նրան 1937-ին գնդակահարել են, կնոջն էլ աքսորել Ղափան (ներկայումս՝ Կապան): Բազմավաստակ ուսուցիչը հիշում է, որ երբ ինքը 11 տարեկան էր, եղբայրը՝ 4, իրենց հանձնել են մանկատուն, եւ միայն մորաքրոջ շնորհիվ են դուրս եկել այդ հաստատությունից ու տեղափոխվել Թիֆլիս: Մեր զրուցակցի ուսումը, սակայն, ավելի քան բարեհաջող ընթացք է ունեցել: Նա Թիֆլիսում ստացած հանրակրթական կրթությունը (1940-ականներ) շարունակում է Լվովի Ֆրանկոյի անվան համալսարանում, որտեղ 2 տարի ուսանելուց հետո, 1950թ. վերադառնում է Երեւան, սովորում Երեւանի պետական համալսարանում: Հիշում է, որ իր ետեւից հաճախ է լսել «ժողովրդի թշնամու աղջիկ» արտահայտությունը: Հարցին, թե ի՞նչ մեղք էին գործել ծնողները, մեր զրուցակցի պատասխանը հակիրճ էր՝ «դրան երբեք բացատրություն չի տրվել»:
Տիկին Գումեդինան աշխատել է Թելմանի անվան թիվ 13, ապա 34 եւ 122 դպրոցներում: Լերա Գուրգենովնան փոքր-ինչ սրտնեղում է, թե հիմա երիտասարդ մասնագետները ցանկություն չունեն դպրոցում աշխատելու. «Այո, ցածր է աշխատավարձը, բայց բոլոր ժամանակներում է այդպես եղել: Չգիտես ինչու, ուսուցիչը մշտապես համեստ է վարձատրվել: Կերազեի, որ մեր օրերում նախ ուսուցիչները սիրով մուտք գործեն դպրոց, նվիրվեն իրենց աշխատանքին»: Մեր զրուցակիցը հայտնեց, որ բոլոր սաներին հիշում է անուն առ անուն: Ասում է՝ կուզենար այդ առումով տարիները հետ գային:
Զրույցի ընթացքում պարզեցինք, որ Լերա Գուրգենովնայի մասնագիտական ճանապարհով գնացել է նրա մեծ դուստրը, եւ 5 թոռից ու 6 ծոռից միայն մեկն է մանկավարժ: Ափսոսանք հայտնեց, որ իր ամուսնու՝ Միքայել Անդրեասյանի մասնագիտությանը (երկրաբան) մեծ ընտանիքից ոչ մեկը չի հետեւել:
Կարդացեք նաև
Իսկ թե պետությունն ինչպե՞ս է գնահատել շուրջ 5 տասնամյակ ձգված նրա մանկավարժական գործունեությունը, ունի՞ վաստակավոր ուսուցչի կոչում, պարգեւներ, տիկին Գումեդինան ասաց, որ պարգեւատրվել է միայն «Աշխատանքի վետերան» շքանշանով, հետո էլ հավաստիացրեց, թե երբեք չի մտածել վաստակավորի կամ այլ կոչումների մասին. «Ես սիրել եմ իմ աշխատանքը: Ամեն օր սիրով եմ մտել դպրոց: Առանց իմ աշակերտների՝ կյանքս չեմ պատկերացրել: Գոհ եմ նրանցից: Մինչ օրս էլ խորհրդի կամ այլ հարցերով նրանք դիմում են ինձ: Սրանից ավելի բարձր գնահատական չկա»:
Զրույցի ընթացքում խոսք գնաց նաեւ մերօրյա կրթական համակարգի եւ ծրագրերի մասին: «Ժամանակն իրենն է թելադրում: Խորհրդային ուսման համակարգը, ծրագրերն իսկապես հիանալի էին: Տարբեր ոլորտների լավագույն մասնագետների անուններն ուղղակի թնդում էին աշխարհով մեկ: Իսկ հայ գիտնականների հայտնագործությունները, գյուտերը կիրառվում էին ոչ միայն մեզանում, այլեւ արտերկրում»,- փաստեց Լերա Գուրգենովնան:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.02.2015