Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ պետական մարմիններում 80 եւ ավելի խորհրդական է աշխատում

Փետրվար 18,2015 13:30

Ոմանք նույնիսկ օգնականների թվով են ռեկորդակիր

Վերջին շրջանում շատ են դժգոհությունները, թե պետական կառույցներն անհարկի ուռճացված են: Մենք էլ որոշեցինք փոքրիկ «էքսկուրս» կատարել պետական կառույցների պաշտոնական կայքերով՝ պարզելու համար, թե որ պաշտոնյային քանի հոգի է խորհուրդ տալիս:

Ըստ president.am կայքի, ՀՀ նախագահն ունի 9 խորհրդական, հաջորդ հորիզոնականը «կիսում» են վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ 8-ական խորհրդականներով: Ճիշտ է, բոլոր պաշտոնյաները, բացի խորհրդականներից, ունեն նաեւ օգնական(ներ), բայց այդ առումով ամենահարուստը ԱԺ նախագահն է: Նա, ըստ parliament.am կայքի, բացի մեծաթիվ խորհրդականներից, ունի նաեւ 7 օգնական եւ 4 ռեֆերենտ: Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ըստ գերատեսչության կայքի՝ 5 խորհրդական ունի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ 6, գյուղնախարար Սերգո Կարապետյանը՝ 3, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ 2, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ 2, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը՝ 3, տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը` 1:

Քաղաքաշինության եւ ֆինանսների նախարարների խորհրդականները «արտացոլված» չեն գերատեսչությունների պաշտոնական կայքերում, բայց դա չի նշանակում, թե Նարեկ Սարգսյանը եւ Գագիկ Խաչատրյանը խորհրդականներ չունեն, կամ այնպես չէ, որ այլ նախարարների՝ պակաս թվով խորհրդականներ նշելը իրականությանը համապատասխանում է:

Հավելենք, որ 4 խորհրդական ունի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, 3 խորհրդական ունի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, 3 խորհրդական՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, 2-ը՝ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Ըստ gov.am-ի, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունը կայք չունի, կառավարության կայքում էլ զետեղված է միայն Վաչե Գաբրիելյանի կենսագրությունը: Ըստ նույն աղբյուրի՝ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը 2 խորհրդական ունի, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ 3, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ 3, տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ 2, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ 7 խորհրդական:

Ի դեպ, պաշտոնյաների խորհրդականների ցանկում կա՛մ արդեն հայտնի պաշտոնյաների, կա՛մ նրանց զավակների ու մերձավորների անուններն են:

Կառավարությանն առընթեր մարմինների ու պաշտպանության նախարարի խորհրդականներին չհաշված, ստացվում է, որ շուրջ 80 մարդ զբաղված է բարձրաստիճան «շեֆերին» խորհուրդ տալով: Հետաքրքիր է, եթե նրանց թիվը նվազի, երկրի վիճակը կվատանա՞, թե՞ ընդհակառակը կթեթեւանա՝ ավելորդ աշխատավարձերի վճարումից: Չմոռանանք նաեւ, որ փոխնախարարներն էլ ունեն ոչ միայն խորհրդականներ, այլեւ օգնականներ: Բայց դա, մեկ ուրիշ առիթով:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur says:

    Փաստորեն մեր ամբողջ իշխանության ու կառավարության ներկայացուցիչներն ունեն մտավոր ունակության հետ կապված խնդիրներ,ինչպես հայտարարեց նախագահը իր հայտնի ելույթում:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728