Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշիկ Ալավերդյան. «Միջազգային մրցահարթակ կմտնեն միայն միջազգային մակարդակի, կամ դրան մոտ ծանրորդները»

Փետրվար 18,2015 13:00

Ավարտվեցին ծանրամարտի հանրապետության տղամարդկանց եւ կանանց առաջնությունները: Ուրվագծվեցին ազգային հավաքականներ, որոնք կնախապատրաստվեն մրցաշրջան 2015-ի կարեւորագույն մեկնարկներին:

Ի՞նչ ցույց տվեցին առաջնությունները նախաօլիմպիական տարում: «Առավոտը» զրուցել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանի հետ:

– Արձանագրված կիլոգրամները գոհացնո՞ւմ են ֆեդերացիայի ղեկավարությանն ու մարզիչներին:

– Բոլոր մասնակիցների պատրաստականության աստիճանը համարում եմ 60 տոկոս: Դա բնական է ու տարվա այս ժամանակահատվածի համար նորմալ, քանի որ մարզական տարվա սկիզբն է ու ծանրորդները մարզավիճակ աստիճանաբար են հավաքում: Տարվա առաջին գլխավոր քննությունը ծանրորդները պետք է հանձնեն ապրիլ ամսին՝ Թբիլիսիում կայանալիք Եվրոպայի առաջնությունում:

– Մեր մի քանի առաջատար ծանրորդներ չմասնակցեցին Հայաստանի առաջնությանը:

– Մենք նախապես տեղյակ էինք: 77 կգ քաշային կարգում Տիգրան Մարտիրոսյանը վնասվածքից դեռ ապաքինվում է: Նա առաջին ուսումնամարզական հավաքի ժամանակ արդեն նորմալ կիլոգրամներ է ցույց տվել: Չենք շտապում, որպեսզի չվնասենք: Նա մարզվում է եւ հույս ներշնչում, որ առաջին լուրջ մրցմանը կներկայանա պատշաճ վիճակով: Չմասնակցեց Առաքել Միրզոյանը, որն անհատական ծրագրով պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը: Մենք չենք խոչընդոտում: Բայց մոտավորապես մարտի 20-ին մենք ընտրություն ենք կատարելու այս երկու ծանրորդների եւ Անդրանիկ Կարապետյանի միջեւ, թե որ երկուսն ավելի պատրաստ կլինեն Եվրոպայի առաջնությանը: Գերծանր քաշային Ռուբեն Ալեքսանյանը առաջին հավաքի սկզբին բողոքում էր դաստակի ցավերից: Երկրորդ հավաքին արդեն դժգոհեց, որ ցավը կրկին ուժգնացել է: Հիմա նա թիմի բժիշկ Դավիթ Մոսինյանի ուղեկցությամբ Թբիլիսիում հետազոտվում է: Տեսնենք, թե մասնագետ բժիշկներն ինչ կասեն, ըստ այդմ էլ կկողմնորոշվենք:

Ինչ վերաբերում է աղջիկներին, Էլեն Գրիգորյանն էլ ուսի վնասվածք ունի եւ պետք է բուժվի: Կարծում եմ, նա չի հասցնի Եվրոպայի առաջնությանը: Ավելի ճիշտ կլինի, որպեսզի Էլենը նախապատրաստվի աշխարհի առաջնությանը, որը այս տարվա մեր կարեւորագույն մեկնարկն է: Մելինե Դալուզյան: Ծնկահոդի լուրջ խնդիրներ ուներ դեռ անցած տարվանից: Ցավոք, երեւանյան վիրահատությունը հաջող չէր անցել եւ նրան աշխարհի առաջնությունից հետո ուղարկեցինք Մոսկվա՝ երկրորդ վիրահատության: Հիմա Մելինեն վերականգնման փուլում է: Եվրոպայի առաջնությանը նա հաստատ չի մասնակցի, բայց ուզում ենք հավատալ, որ կհասցնի աշխարհի առաջնությանը: Մյուսները, ոմանք թեթեւ խնդիրներով, մյուսները նորմալ վիճակով մարզվում են ու աստիճանաբար արդյունքները բարելավում:

– Մենք գիտենք, որ Նազիկ Ավդալյանն էլ է սկսել մարզվել:

– Այո, մարզվում է՝ բժիշկների հսկողության ներքո: Նազիկը, որքան լսել եմ, աստիճանաբար բարձրացնում է կիլոգրամները: Բայց հատկապես նրա հարցում պետք է շատ զգույշ լինել: Եթե ամեն ինչ լավ ընթանա, Նազիկը կվերադառնա մեծ սպորտ ու բացառված չէ, որ կմասնակցի աշխարհի առաջնությանը:

– Անցած եւ այս տարվա աշխարհի առաջնությունների հանրագումարով պարզ կդառնա, թե 2016 թվականին օլիմպիական խաղերի քանի՞ մասնակից կունենանք: Ձեր կարծիքը:

– Աղջիկների հարցում մի փոքր բարդ է: Անցած առաջնությունում մեր թիմը զբաղեցրել էր 19-րդ հորիզոնականը: Իսկ երկու մասնակցի ուղեգիր տալիս էր 18-րդ թիմային տեղը: Այսինքն, մենք մոտ էինք: Բայց այս տարի, լիահույս եմ, որ երկու ուղեգիր կնվաճենք: Տղաներն անցած տարվա արդյունքներով հինգ վարկանիշ ունեն: Պետք անենք այնպես, որպեսզի այդ թիվը պահպանենք: Միջազգային ասպարեզ գործուղվելու են միայն միջազգային մակարդակի կամ դրան մոտ գտնվող ծանրորդները:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728