Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմությանը նպաստող եւ խանգարող գործոնները

Փետրվար 18,2015 12:00

Եթե 24 տարի չի հաջողվել, դա չի նշանակում, որ երբեք չի ստացվի

Հայաստանի ներքաղաքական կյանքում վերջին 1,5-2 տարում սխալը մեթոդոլոգիական էր: Բոլոր քաղաքական ուժերը, մեկնաբանները եւ մենք՝ լրագրողներս, սկսեցինք կիրառել «ոչ իշխանական ուժեր» եզրը, որը քաղաքագիտական տեսանկյունից անհեթեթ էր: Աշխարհի ժողովրդավարական եւ կիսաժողովրդավարական երկրներում կան երկու տեսակի քաղաքական ուժեր՝ իշխանական եւ ընդդիմադիր: Բռնապետություններում, որպիսիք են ԵՏՄ մեր բոլոր գործընկերները, կա միայն իշխանություն:

Մյուս կողմից՝ հասկանալի է, թե ինչու ԲՀԿ-ն իրեն չէր ներկայացնում որպես ընդդիմություն: 24 տարվա փորձը վկայում է այն մասին, որ ընդդիմությունից ոչ ոք իշխանություն չի դառնում: Իշխանություն են գնում միայն իշխանությունից: 1998 թվականի պալատական հեղաշրջման արդյունքում վարչապետ Ռոբերտ Քոչարյանը դարձավ նախագահ: 2008 թվականին նախագահ դարձավ վարչապետ Սերժ Սարգսյանը: Այլ «իշխանափոխություններ» Հայաստանում չեն եղել: ԲՀԿ-ն, հետեւաբար, ցանկանում էր «կիսաիշխանություն-կիսաընդդիմություն» լինելով՝ օգտագործել երկու տեսակի լծակներ՝ իշխանության գալու համար: Չհարկվող կամ վատ, «արտոնյալ» հարկվող բիզնեսը, բնականաբար, նույնպես մտնում է իշխանական լծակների մեջ:

Իշխանությանը, որին, հասկանալի է, այդ իրավիճակը դուր չէր գալիս, հստակեցրեց քաղաքական դաշտը՝ հիմա կա իշխանություն եւ ընդդիմություն: Սա է, իմ կարծիքով, Սերժ Սարգսյանի հինգշաբթի օրվա ելույթի իմաստը, եթե մի կողմ դնենք բոլոր զգացմունքային դրսեւորումները: Այժմ ԲՀԿ-ն արմատական ընդդիմություն է՝ ճիշտ այնպես, ինչպես նրա արբանյակ կուսակցությունները:

Քանի որ «ոչ արմատական» ընդդիմություն Հայաստանում չի լինում, պարզ է՝ ԲՀԿ-ն իրականացնելու է միակ առաքելությունը, որը նույն 24 տարում կատարում էր ընդդիմությունը՝ պահանջել նախագահի անհապաղ հրաժարական եւ արտահերթ նախագահական ընտրություններ: Փաստարկները, որոնք բերվում են այդ ոչ օրիգինալ պահանջի օգտին, կրկնվել են նշված ժամանակահատվածում՝ իշխանավորները գող-ավազակ են, թալանչի են եւ այլն: Դա, իհարկե, չքավոր զանգվածին մոբիլիզացնելու լավ միջոց է, իշխանափոխություն անելու անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման:

24 տարում ընդդիմությանը չի հաջողվել իրականացնել իշխանափոխություն, հեղափոխություն, հեղաշրջում՝ ինչպես ուզում եք անվանեք: Բայց եթե չի հաջողվել, դա չի նշանակում, որ երբեք չի հաջողվի: Այսօր կան դրան նպաստող եւ դրան խանգարող հանգամանքներ: Նպաստողներից են՝ 1/ ԲՀԿ-ն ունի բավականաչափ ռեսուրսներ, որոնք, ճիշտ է, ընդդիմության կարգավիճակում սահմանափակվելու են, 2/ ԲՀԿ-ն ունի հեռուստաալիք եւ բազմաթիվ կայքեր՝ գումարած ՀԱԿ-ի կայքերը, 3/ համացանցը Հայաստանում կատարելապես ազատ է, 4/ ԲՀԿ-ի կողքին են առաջին նախագահը՝ իր քաղաքական փորձով, եւ երկրորդ նախագահը՝ իր նյութական ռեսուրսներով եւ իրավիճակը սրելու իր յուրահատուկ մեթոդներով: Խանգարողներից այն է, որ իշխանությունը փետրվարի 12-ից հետո կիրառելու է բոլոր տնտեսական, վարչական եւ, եթե պետք լինի, ուժային միջոցները՝ ընդդիմությանը «խեղճացնելու» համար:

Բայց կա եւս մի «խանգարող հանգամանք»: Վերեւում ես գրեցի, որ 24 տարի իշխանափոխություն տեղի չի ունեցել: Բայց դա կատարվել է դրանից առաջ՝ 1988-90 թվականին: Ինչո՞ւ: Պատճառները բազմաթիվ են, բայց ամենակարեւորներից մեկն այն է, որ այն ժամանակ Ազատության հրապարակի հարթակում կանգնած էին անբիծ, մաքուր կենսագրությամբ մարդիկ, որոնց բոլոր հավաքված մարդիկ անվերապահորեն վստահում էին: Այսօրվա ԲՀԿ-ի մասին դա հնարավոր չէ ասել: Չխորանամ այդ կուսակցության պատմության մեջ՝ դա անում են ՀՀԿ-ական քարոզիչները: Անդրադառնամ միայն մեկ խնդրի՝ այսօր ԲՀԿ-ականները իրավամբ խոսում են «37 թվի ոճի» մասին, որով ելույթ են ունենում իշխանության ներկայացուցիչներից ոմանք: Իսկ 2007-08 թվականներին այդ կուսակցության ներկայացուցիչները նույն ոճով հանդես չէի՞ն գալիս, երբ Տեր-Պետրոսյանն էր ընդդիմության առաջնորդը, եւ մարտի 1-ից հետո իրենց հեռուստաալիքով չէի՞ն «պտտեցնում» ոստիկանության նկարահանած vox-pop-երը, որտեղ «աշխատավորները միահամուռ դատապարտում էին» առաջին նախագահին:

…Հրաշք գործելու համար որոշակի պայմաններ են պետք: 13-րդ դարի սկզբում Հռոմի պապը Սուրբ Դոմինիկուսին ցույց է տվել իր շքեղ պալատն ու ասել՝ «Հիմա Պետրոս առաքյալը չէր կարողանա ասել, որ չունի ոսկի եւ արծաթ»: Դրան իսպանացի վանականը պատասխանել է. «Այո, եւ չի կարողանա անդամալույծին ասել՝ վեր կաց եւ գնա»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Ասել, թե էն տիկնիկն ավելի լավն էր, քան էս տիկնիկը՝ միամտություն է, նրանք բոլորն էլ լավ տիկնիկներ են, տիկնիկներից խելք թե կամք չի պահանջվում, նրանցից պահանջվում է ընդամենը ենթարկվել ուրիշի՝ տիկնիկավարի կամքին: Այն, որ մենք՝ հայ ժողովուրդը միասնական կամք չունենք, դա տիկնիկների մեղքը չի, ոչ էլ նրանց այսօրվա վարողների մեղքն է: Եկեք սկզբից միավորենք մեր կամքն ու հզորանանք ու փորձենք նույն այսօրվա տիկնիկներին մենք վարենք: Մեր մտավորականությունը նոր մասնագիտություն պետք է յուրացնի՝ տիկնիկավարություն:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728