Լրահոս
Օրվա լրահոսը

«Արձանագրությունները հետ կանչելով ՀՅԴ-ին կոալիցիա են ուզում վերադարձնել»

Փետրվար 17,2015 21:21

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթից տպավորություն է ստացել,  որ նախագահը  բոլոր մեղքերի, բոլոր ձախողումների մեջ մեղադրում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:

«Հարց է առաջանում՝ այդ ո՞վ է ելույթ ունենում, երկրի նախագա՞հը, թե մի դատավոր, որը հանցանքների մեջ է բռնել Գագիկ  Ծառուկյանին»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց պատգամավորը:

Նրա խոսքով, Սերժ Սարգսյանն իր այդ ելույթով հասավ փողոցային խոսակցությունների մակարդակի ու տղայական մարտահրավեր նետեց Գագիկ Ծառուկյանին. «Երբ խոսվեց Ծառուկյան չարիքի մասին, չեմ կարող չասել, որ մեր երկրի միակ չարիքը գործող համակարգն է, որի գլխին Սերժ Սարգսյանն է կանգնած: Եթե բացթողումների մասին է խոսում ու մեղադրում Ծառուկյանին, ապա Ծառուկյանի վարած տնտեսական քաղաքականության արդյունքում չէ, որ մեր երկիրը լքել են 300.000 –ից ավելի քաղաքացի, ու ժողովուրդը ունեզրկվել է»:

Թե ինչու ԲՀԿ-ն այս պահին ընդդիմացավ իշխանությանը, տիկին Սարգսյանը շարունակեց. «ԲՀԿ-ն ամենակոնստրուկտիվն է եղել քաղաքական դաշտում՝ ի տարբերություն ՀԱԿ-ի, որը մշտապես արմատական փոփոխություններ էր պահանջում, նախագահի հրաժարական: Գագիկ Ծառուկյանը փորձել է ամեն կերպ զուսպ կեցվածք ընդունել, բայց եկավ մի պահ, երբ դա այլեւս շարունակել հնարավոր չէր: Համաժողովում քննարկվեց երկրում ստեղծված վիճակը, իշխանության նպատակների մասին խոսվեց, թե ինչ նպատակ է հետապնդում Սերժ Սարգսյանը  սահմանադրական փոփոխություններով, հստակեցվեցին քայլերը»:

Նրա համոզմամբ, Սերժ Սարգսյանը կայացած անձ չէ, իսկ այ Գագիկ Ծառուկյանն իր ելույթով ցույց տվեց, որ կայացած մարդ է ու Սերժ Սարգսյանի ճանապարհին լրջագույն խոչընդոտ:

Թե ինչու նախօրեին ԱԺ-ից հետ կանչեց հայ-թուրքական արձանագրությունները, տիկին Սարգսյանը չբացառեց, որ դա անում է ՀՅԴ-ին կոալիցիա բերելու համար. «ՀՅԴ-ի քայլերը մոտ մի քանի ամիս է՝ տանում են կոալիցիա: Արձանագրությունների հետ կանչման քայլը խոսում է այն մասին, որ փորձում են գոհացնել ՀՅԴ-ին: Ծիծաղելի է այդ քայլը, որովհետեւ Սերժ Սարգսյանը ամեն ինչ արեց ժամանակին այն վավերացնելու համար, որ իրականում կասկածի տակ դնի ցեղասպանության փաստը, կանխի ցեղասպանության ճանաչումը: Չեմ կարող ասել, որ նպատակային է արել, պարզապես նա պետական հասուն գործիչ չէ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գարեգին says:

    ՀՅԴ-ին ուզո՞ւմ են կոալիցիա վերադարձնել…
    որովհետեւ, ան՝ չի՞ ուզում, եւ կարիքը ունի համոզվելո՞ւ

    այս ի՞նչ տեսակ քաղաքական «դիտորդներ» են…
    երեւի մի քիչ կոֆեյի պակասը ունեն…

    ՀՅԴ-ի վերադարձը կառավարության ծոցը շուտվանից նախատեսված է,
    դաշնակ նախարերն ել արդեն որոշված եւ պատրաստխած են

    մնացյալը միայն կինո է

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728