Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենակարդացվող գիրքն արդեն լույս է տեսել հայերեն տարբերակով

Փետրվար 17,2015 21:12

Այսօր Հայաստանի Խնկո-Ապոր անվան ազգային-մանկական գրադարանում տեղի ունեցավ «Էդիթ Պրինտ» հրատարակչության կողմից տպագրված Սպենսեր Ջոնսոնի «Ո՞ւր է իմ պանիրը» գեղարվեստական գրքի շնորհանդեսը-վաճառքը:

«Ո՞ւր է իմ պանիրը» գիրքը հրատարակվել է պատմության ստեղծումից երկու տասնամյակ անց՝ 1998 թվականին: Ավելի քան 1 միլիոն տպաքանակ թողարկվել է առաջին 16 ամիսների ընթացքում, իսկ հաջորդ հինգ տարիների ընթացքում՝ 21 միլիոն տպաքանակով: Վերջին տեղեկությունների համաձայն էլ այն անցել է արդեն 100 միլիոնի սահմանը: Հայաստանում ստեղծագործությունը տպագրվում է առաջին անգամ և թողարկման հեղինակային իրավունքը պատկանում է միայն «Էդիթ Պրինտ» հրատարակչությանը:

Շնորհանդեսին ներկա էին ոչ միայն գրքի հրատարակման հեղինակները, այլ նաև մշակույթի գործիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ ու գրքասեր երիտասարդներ, ովքեր բաց չէին թողել առիթն ու եկել էին առաջինը տեղեկանալու աշխարհահռչակ գրքի հայերեն լեզվով հրատարակման մասին:

«Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի բաժնի տնօրեն Շավարշ Կարապետյանն անդրադառնալով պատմության ֆենոմենին՝ նշեց, որ «Ո՞ւր է իմ պանիրը» պատմությունը Սպենսեր Ջոնսոնը գրել է կյանքի բարդ փոփոխություններից մեկը հաղթահարելու նպատակով. «Երբ ընկերները նկատում էին, թե ինչքան էր նրա կյանքը բարելավվել, և հարցնում էին պատճառը, նա պատմում էր իր «պանրի» պատմությունը: Նրանցից մի քանիսը տարիներ անց ասում էին, թե որքան է այդ պատմությունն օգնել իրենց պահպանել հումորի զգացումը, փոխվել և իրենց համար ինչ-որ ավելի լավ բան ձեռք բերել: Նրա «Մենեջեր՝ մեկ վայրկյանով» գրքի համահեղինակ Քեն Բլանչարդը հորդորեց Սպենսեր Ջոնսոնին վերջապես այդ պատմությունը հրատարակել, որպեսզի այն շատերին հասու լինի»:

Շավարշ Կարապետյանը հավաստեց նաև, որ «Ո՞ւր է իմ պանիրը» ստեղծագործությունը սեղանի գիրք է, իսկ թարգմանությունը կատարվել է հասկանալի և պարզ ձևով, քանի որ գրքի ամբողջ արժեքը հենց իր պարզության մեջ է. «Այս ստեղծագործությունը կարելի է կարդալ ոչ միայն տարվա, ամսվա, այլև շաբաթվա մեջ մի քանի անգամ: Այս գիրքը հնարավորություն է տալիս ընթերցողին երբեք չհանձնվել, մշտապես շարժի մեջ գտնվել, պայքարել, փնտրել սեփական «պանիրը» և առաջ շարժվել: Յուրաքանչյուր ընթերցումից հետո ընթերցողը որոշելու է կյանքի մեջ կարևոր փոփոխություն մտցնել»:

Հարկ է արձանագրել, որ այս գրքի հետ կապված ֆենոմենն այսքանով չի սահմանափակվում: Բանն այն է, որ տարբեր երկրների հարյուրավոր գործարարներ տասնյակ տպաքանակներով գնել են գիրքն ու այն նվիրել իրենց աշխատողներին, որպեսզի ստեղծագործությունը մի քանի անգամ ընթերցեն: Պատճառը հասկանալի է ու հետաքրքիր՝ այս գիրքն օգնում է բարելավել կարիերան, բիզնեսը, առողջությունը և ամուսնական կյանքը: Պանրի պատմությունը ուղի է հարթել տներ, ընկերություններ, դպրոցներ, եկեղեցիներ, զինվորական հաստատություններ և մարզական ակումբներ ստեղծելու համար: Այն տարածվել է ողջ աշխարհով, թարգմանվել բազմաթիվ օտար լեզուներով, ունի համամարդկային պատգամ:

Գրքի թարգմանիչ՝ Նազելի Կարապետյանն էլ նշեց, որ պատմության հիմքում փոփոխությունն է, իսկ այն յուրաքանչյուրի կյանքում անխուսափելի գործոն է. «Սպենսեր Ջոնսոնն ավելի շատ ցույց է տալիս, որ կյանքում կատարվող փոփոխություններն անկանխատեսելի են լինում: Այդ պարագայում անհրաժեշտ է ճկունություն ցուցաբերել ու պատրաստ լինել, որ օրերից մի օր այսպես թե այնպես կյանքի որևէ փուլում դրանք տեղի են ունենալու»:

Տեղեկացնենք նաև, որ գիրքը կարելի է փնտրել ոչ միայն «Էդիթ Պրինտ» գրախանութների ցանցերում, այլև հանրապետության տարբեր գրախանութներում:

Հովհաննես ՎԱՐԴԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728