«Ընդհանուր առմամբ, Լեւոն Տեր-Պետրոսյանի նամակը մտահոգություն է այսօր ստեղծված իրավիճակի մասին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը:
Նրա կարծիքով՝ բաց նամակի դրական կողմն այն է, որ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահը բարձր է դասում պետության անվտանգության, արտաքին մարտահրավերների խնդիրները ներքաղաքական իրավիճակից. «Մի քիչ ուշացած է, կարող էր ավելի շուտ՝ Համահայկական հռչակագրի նախօրեին իր խնդիրներն ասել: Անկախ այդ նամակի արձագանքից, թե նախագահն ինչպես կպատասխանի՝ նամակն ինքը դրական միտումներ է պարունակում, հատկապես՝ մտահոգություն պետության անվտանգության հետ կապված: Իսկ ընդհանուր առմամբ՝ միշտ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Հանրապետական կուսակցության, այդ թվում նաեւ նախագահի կարծիքները գաղափարային առումով՝ Ղարաբաղի, հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված, տարբեր են եղել»:
Լեռնիկ Ալեքսանյանը տեղին չի համարում Համահայկական հռչակագրի մասին Լեւոն Տեր-Պետրոսյանի մտահոգությունները. «Ես համարում եմ, որ Համահայկական հռչակագիրը պարունակում է այն խնդիրները, որոնք այսօր կանգնած են մեր երկրի առջեւ: Այն կետերը, որոնք նշվել են որպես մտահոգություն, ես մտահոգություն չեմ համարում, բայց ես գնահատում եմ իր մտահոգությունները»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ