Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՏՀԶԿ-ն կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ հիմնական գործընկերներից մեկն է

Փետրվար 17,2015 18:24

Փետրվարի 17-ին տեղի է ունեցել քննարկում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի անդամ երկրների մոնիթորինգի խմբի ներկայացուցիչներ Օլգա Սավրանի, Ռուսուդան Միկելիձեի, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի, պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, մասնավոր սեկտորի և միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ: Քննարկումից հետո տեղի է ունեցել մամուլի ասուլիս:

Քննարկման, ինչպես նաև մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացվել է ՏՀԶԿ Ստամբուլի հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի 3-րդ փուլի Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն բարեփոխումների վերաբերյալ զեկույցը: Սուրեն Քրմոյանը, բարձր գնահատելով այս կարևոր հարցի քննարկումը ներկաների հետ, նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի համար կարևոր նշանակություն ունի պատշաճ ձևով մշակված հակակոռուպցիոն ռազմավարությունն ու դրա հիման վրա կազմված գործողությունների ծրագիրը: «Մոնիտորինգային հանձնաժողովը կատարել է ռազմավարության իրականացման անկախ գնահատում, վեր է հանել նախորդ ռազմավարության թույլ կողմերը և բացթողումները, որոնք հաշվի են առնվել նոր հայեցակարգի և ռազմավարության մշակման ընթացքում»,- ընդգծել է նախարարի տեղակալը:

Խոսելով էլեկտրոնային կառավարման ինստիտուտի մասին՝ Սուրեն Քրմոյանը նշել է. «Բոլորդ քաջատեղյակ եք էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման գործընթացից, որի շնորհիվ մեր քաղաքացիները բազմաթիվ ծառայություններ ստանում են առանց պետական մարմիններ այցելելու, էլեկտրոնային եղանակով, ինչն էապես նվազեցնում է նշված բնագավառներում կոռուպցիոն ռիսկերը»:

Նրա խոսքով ՀՀ Կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի» ծրագրերի իրականացման գրասենյակի ջանքերով փոփոխվել կամ ուժը կորցրած է ճանաչվել շուրջ 1100 իրավական ակտ, որոնք խոչընդոտում էին կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությանը: Որպես կոռուպցիայի դեմ պայքարի կարևոր բաղադրիչ, Սուրեն Քրմոյանը կարևորել է դատավորների, դատախազների ու քննիչների մասնագիտական հմտությունների բարձրացման համար կազմակերպվող դասընթացները:

Մոնիթորինգի խմբի ներկայացուցիչների խոսքով ստեղծվել է բավական փոխշահավետ և արդյունավետ համագործակցային միջավայր ՀՀ կառավարության հետ: Եղել են բազմաթիվ քննարկումներ, թե ինչպես առաջ շարժվել, ինչպես իրականացնել հակակոռուպցիոն նոր ռազմավարությամբ սահմանված սկզբունքները:

Նրանք բարձր են գնահատել Կառավարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ և փորձագիտական հանձնախումբ ստեղծելու որոշումը և առաջարկել շարունակաբար կատարելագործել օրենսդրությունը, որպեսզի նոր ստեղծվող մարմինները կարողանան ճիշտ աշխատել և կարևոր դերակատարում ունենալ: Միջազգային գործընկերները հույս են հայտնել, որ նոր ռազմավարության գործի դրման ընթացքում կպահպանվի թափանցիկությունը՝ ներառելով քաղաքացիական հասարակության ինստիտուտներին: Ներկայացվեցին նաև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա խնդիրները՝ առաջարկելով շուտափույթ ընդունել հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը, կոռուպցիայի քրեականացման ոլորտում ապահովել իրավապահ մարմինների համագործակցությունը, պետական մարմիններում ապահովել էթիկայի հանձնաժողովների արդյունավետ գործունեությունը և այլն:

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության հիմնական գործընկերներից մեկն է:  Հայաստանը ներգրավված է կազմակերպության` նախկին խորհրդային 8 երկրների համար նախաձեռնված «Ստամբուլի հակակոռուպցիոն գործողությունների պլան» ծրագրում, որը կոչված է բարելավելու նշված երկրների հակակոռուպցիոն քաղաքականությունը միջազգային փորձագետների կողմից մշակված առաջարկությունների միջոցով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728