Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի՝ իշխանություն պահելու նոր ձևաչափը

Փետրվար 17,2015 18:17

«Սերժ Սարգսյանի՝ Գագիկ Ծառուկյանի հանդեպ իրականացրածի պատճառը իշխանության հարցն է, որը պետք է լուծվի սահմանադրական փոփոխություններով»,-այսօր «Մեդիա կենտրոնում» «Լարված ներքաղաքական իրավիճակ և սպասվելիք զարգացումներ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի նախագահ Ստեփան Դանիելյանը:

Նա հիշեցրեց, որ լրանում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետը և նա պետք է նոր ձևաչափ գտնի իշխանությունը պահելու համար: Այնուհետև հիշեցրեց, որ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը բացահայտ հայտարարել է, որ մոտակա տասը տարում իշխանության  դուռը գտնվում է Մելիք- Ադամյան փողոցում:

Ըստ Ստեփան Դանիելյանի՝ ԲՀԿ-ն ընդդիմանում է այդ փոփոխություններին և պահանջում է, որ համակարգը մնա նույնը, ուստի Սերժ Սարգսյանը դրա համար փորձում է պատժել Գագիկ Ծառուկյանին:

Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի վերլուծության համաձայն՝ իշխանության համար պայքարը տեղի է ունենում ինչպես ֆորմալ միջոցներով ու եղանակներով, այնպես էլ կան տարբեր համայնքներում նաև ոչ ֆորմալ մոտեցումներ իշխանական պայքարի համար:

Պարոն Մարկարովը հիշեցրեց. «2000-ականներից ՀՀ-ում մի միտում ենք տեսնում, երբ մի պահ ընդդիմությունը դառնում է ձևական և երբ ընդդիմությունը հավաքում է իր ուժը և կողմնակիցներին: Իշխանության համար կար մեկ խնդիր՝ ընտրական նոր փուլից առաջ պարզել, թե ինչ ներուժ ունի օրվա իշխանությունը, թե ում հետ կարող են շարունակել համագործակցությունը:

«Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վարդան Հարությունյանի կարծիքով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը դիմազերծեց ՀՀ իշխանությանը: Նա շարունակեց. «Շատերն էին ասում, որ ՀՀ իշխանությունները սահմանադրություն, օրենք հաշվի չեն առնում, այլ սեփական շահով են առաջնորդվում և նա, ով կհայտարարի, որ ընտրում է ընդդիմադիրի կեցվածքը, օրենքից դուրս կենթարկվի հալածանքների: Սերժ Սարգսյանի ելույթը ցույց տվեց, որ դա է իրականություն է: Դեռ 2007-ին ենք մենք տեսել, որ բոլոր նրանք, ովքեր հայտնվեցին ընդդիմադիր թեկնածուի թիմում, զրկվեցին բիզնեսներից, ովքեր էլ բիզնես չունեին, հայտնվեցին բանտերում՝ քաղբանտարկյալների կարգավիճակով: Այսօր ԲՀԿ-ում կան բազում մարդիկ, որոնք ունեն սեփական բիզնես՝ օրինական, թե զարտուղի ճանապարհով ձեռք բերված, սակայն դա հատկապես Սերժ Սարգսյանի ելույթից հետո դառնում է իմաստազուրկ: Սերժ Սարգսյանի ելույթից հետո հասկանալի դարձավ, որ օրենքների մասի խոսել չի կարելի, այլ կարելի է խոսել  հնարավորությունների մասին: Իսկ ներկայիս զարգացումները արդեն իշխանությունների կողմից մկանների ցուցադրման գործընթաց է, երբ փորձում են ԲՀԿ-ի շրջանակներում սարսափ տարածել, որ լինելու են անողոք, որ չեն հետևելու օրենքին, այլ վերևից իջեցված հանձնարարություններ են կատարվելու»:

«Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ի անդամ, փաստաբան Տիգրան Եգորյանն անդրադարձավ ներքաղաքական նման զարգացումների գլխավոր դրդապատճառին ու նշեց. «Դա սահմանադրական փոփոխություններն են: ՀՀ սահմանադրությունը հնարավորություն չի տալիս մեկ անձի երկու անգամ անընդմեջ նախագահ ընտրվել, հետևաբար 2018-ին սպառվում է Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ շրջանը, ապա ակնհայտ է, որ նա էլ նախագահ չի կարող ընտրվել: Հաշվի առնելով, որ գոյություն ունի իշխանության գերկենտրոնացում, և առանցքային պետական ինստիտուտները ենթարկվում են Սերժ Սարգսյանին, ինչպես բացահայտվեց ելույթով, սրանց քաղաքական դիրքերը փոփոխվելու են՝ հաշվի անելով, որ Սերժ Սարգսյանն էլ չի լինելու նախագահ: Իրավական արգելքը առաջացնում է քաղաքական վերադասավորումներ, որոնք կենսական վտանգ են ներկայացնում Սերժ Սարգսյանին: Դրա համար նրանց թիվ մեկ խնդիրը սահմանադրական փոփոխություններն էին»:

Եզրափակելով՝ Տիգրան Եգորյանը նկատեց,  եթե այս մկանները և բոլոր բացասական երևույթները հաջողության չհասնեն, նշանակում է, որ ապահովված կլինի իշխանափոխությունը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728