Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու Սերժ Սարգսյանին այլևս պետք չեն հայ-թուրքական արձանագրությունները. է՞լ ինչ է նա ծրագրել

Փետրվար 17,2015 17:06

«Հայ-թուրքական արձանագրությունները ի հայտ եկան, երբ ՀՀ այսօրվա իշխանությունները շատ թույլ էին. 2008-ից հետո, երբ Սերժ Սարգսյանը մարտի 1-ի կրակոցների և արյան արդյունքում եկել էր իշխանության, այդ ժամանակ այդ արձանագրությունները նրան պետք էին` դրսում լեգիտիմություն ձեռք բերելու համար: Հիմա արդեն դրանք պետք չեն, ոչ Սերժ Սարգսյանին, ով ամրացրել է դիրքերը, ոչ էլ Թուրքիային», – այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ պատասխանելով հարցին` արդյոք հայ-թուրքական արձանագրությունների` ԱԺ-ից հետ կանչելուց հետո ՀՅԴ-ն կմտնի՞ կոալիցիա, այսպես պատասխանեց «Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վարդան Հարությունյանը:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԱԺ-ից հետ կանչեց Հայաստան-Թուրքիա արձանագրությունները վավերացնելու մասին իր որոշումը:

Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովն այս առիթով ասաց. «Հայ-թուրքական հարաբերություններ կամ ֆուտբոլային դիվանագիտություն. սկզբում մենք տեսանք բավականին կառուցողական դիրքորոշում, որը ցուցաբերել է հայկական կողմը`իր պատրաստակամությունը հայտնելով և գնալով այն բանակցային գործընթացներին, որի ավարտը տեսանք Ցյուրիխում: Բայց ակնկալվող դրական արձագանքը, որ կարող էր գալ Թուրքիայից, չեղավ: Արձագանքը եղավ այն, որ թուրքական կողմը սառեցրեց գործընթացը»: Ըստ պարոն Մարկարովի` ՀՀ նախագահի այս որոշումը տրամաբանական էր. «Այս քայլը համարժեք եղավ ՄԱԿ-ում սեպտեմբերին ՀՀ նախագահի ելույթին և հանդես եկավ որպես Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հռչակագրի տրամաբանական շարունակություն»:

Դառնալով ՀՅԴ-ի` կոալիցիա կազմելու հավանականությանը, պարոն Մարկարովն ասաց. «Նրանք ողջունեցին այդ քայլը, բայց չեմ կարծում, որ այս քայլը բավարար է, որ նրանք անդամակցեն և մտնեն ֆորմալ կոալիցիայի մեջ. դեռ շուտ է խոսել այդ մասին: Մյուս կողմից համագործակցության համար անպայման չէ, որ այս կամ այն ուժը կոալիցիայի համաձայնագիր ստորագրի»: «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ Ստեփան Դանիելյանի կարծիքով` Սերժ Սարգսյանը հենց այս պահին այդ քայլին դիմեց ուշադրություն շեղելու նպատակով. «Այդ արձանագրությունները վաղուց էր պետք հետ կանչել խորհրդարանից, մանավանդ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրյակին, որ Թուրքիան չշահարկի: Ըստ երևույթին դա արվում է հիմա, որ ստեղծվի ինֆորմացիոն իրադարձություն, ուշադրություն շեղելու համար: Ուստի մոտ ժամանակներս նույնպես նման իրադարձություններ կարող են կատարվել` իշխանության կողմից նախաձեռնված»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728