Լրահոս
Օրվա լրահոսը

Պոլիտեխնիկը նվեր կստանա 100 ակադեմիական լիցենզավորված ծրագիր Design Suite ծրագրային ապահովման շարքից

Փետրվար 17,2015 16:57

Փետրվարի 17-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորատի նիստերի դահլիճում ՀԱՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը և «Honeywell» ընկերության ռուսաստանյան ներկայացուցչության փոխնախագահ, տնօրենների խորհրդի նախագահ Լեոնիդ Սորկինը ստորագրեցին համագործակցության պայմանագիր։

Հանդիպմանը ներկա էին «Honeywell» ընկերության փոխնախագահ Արթուր Սիմոնետին, վաճառքի գծով տնօրեն Ալեքսանդր Ռադիոնովը, բարձր տեխնոլոգիական լուծումների վաճառքի խմբի ղեկավար Լուսինե Մխիթարյանը, «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը, ՀԱՊՀ ղեկավարությունը և պրոֆեսորադասախոսական կազմը։

Համաձայն պայմանագրի՝ ընկերությունը Պոլիտեխնիկին անհատույց կնվիրի 100 ակադեմիական լիցենզավորված ծրագիր «Honeywell»-ի UniSimTM Design Suite ծրագրային ապահովման շարքից։ Դրանք էապես բարելավում են օնլայն և օֆլայն նախագծման մոդելավորումն ու միավոր գործընթացի ծրագրերի օպտիմալացումը, օգնում են ճշտել աշխատանքային գործընթացը, սարքավորումների պահանջարկը և ցանկացած գործընթացի իրականացման պահանջները։  Ծրագրերից օգտվողները կարող են հեշտությամբ յուրացնել և փոխանցել գիտելիքներ տեխնոլոգիական գործընթացի, գործարանի շահութաբերության աճի վերաբերյալ՝ առավելագույնի հասցնելով մոդելավորման ներդրումներից ստացվող հասույթը։

Այդ ծրագրերի շնորհիվ ուսանողները կարող են ձեռք բերել «Honeywell»-ի չափանիշներին ու պահանջներին համապատասխան գիտելիքներ և հետագայում աշխատել ընկերության հետազոտական կենտրոններում։

Ողջունելով ներկաներին՝ պրն Թոքմաջյանը կարևորեց բուհի համագործակցությունը «Honeywell» ընկերության հետ։ «Այս ծրագրերի շնորհիվ մեր բուհում գործող ՏՏ ոլորտի ամբիոնների աշխատակիցների աշխատանքները կներդրվեն արդյունաբերության այլ ոլորտներում, ինչպիսիք են՝ քիմիականը, լեռնամետալուրգիականը, մեքենաշինականը և այլն»,- նշեց Հ. Թոքմաջյանը։ Ընկերության փոխնախագահ Արթուր Սիմոնետին շնորհակալություն հայտնեց հյուրընկալության համար և նշեց, որ բուհի ընտրությունը պատահական չէր, քանի որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը ինժեներներ պատրաստող առաջատար բուհն է հանրապետությունում։ ««Honeywell» ընկերությունն ամբողջ աշխարհում ունի մոտ 132000 աշխատակից, որոնցից 22 000-ը ինժեներներ և գիտնականներ են։ Նրանց մեծամասնությունը մշակում է ծրագրային արտադրանք։ Իմ ներկայությամբ ես հավաստում եմ այս իրադարձության կարևորությունը մեր ընկերության համար»,- ասաց Ա. Սիմոնետին։ «Ընկերության ներկայությունը տարբեր երկրներում առաջին հերթին բուհերի հետ համագործակցությունն է»,- ասաց Լ. Սորկինը։

«Honeywell» ընկերությունը մշակում և ներդնում է անվտանգությամբ ու էներգաարդյունավետությամբ թելադրված բարդ խնդիրների լուծման տեխնոլոգիաներ։ Այն առաջարկում է տարբեր կառույցների, տների, արդյունաբերության բոլոր ճյուղերի էներգախնայողության և ավտոմատացման խնդիրների լուծումներ։  Ընկերությունը համագործակցում է աշխարհի գրեթե բոլոր մայրցամաքների բազմաթիվ երկրների հետ։ Այն ձգտում է ակտիվացնել իր գործունեությունը նաև Հայաստանում և այդ նպատակով  առաջին քայլն է կատարում։

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728