Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոշորներից տարեկան 1 միլիարդ դոլար ստվերից կարելի է հանել» (Տեսանյութ)

Փետրվար 17,2015 16:15

Փոքր ու միջին ձեռնարկատերերին (ՓՄՁ) հարկավոր է հանգիստ թողնել: Այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նրա ներկայացմամբ`կառավարության ներդրած շրջանառության հարկի մասին փոփոխության նախագիծն իր էությամբ լավն է, քանի որ այն ընդհանրապես միտված է խթանել ՓՄՁ զարգացմանը` արտադրության ոլորտում մինչեւ 58.3 միլիոն դրամ շրջանառության դեպքում վճարելու են` 3.5% հարկ, սա, ըստ Մակարյանի, շատ դրական մոտեցում է եւ որեւէ երկրում նման դասակարգում չկա:

Ինչ վերաբերում է առեւտրի ոլորտի արտոնությանը, ըստ որի հարկը իջեցվել է 1%, սակայն պարտադիր փաստաթղթաշրջանառությունը պիտի ցույց տան, պարոն Մակարյանը կարծում է, ու այս պահանջը պետք է վերացնել:

«Փաստաթղթերը ցույց տալու պահանջը հիմնավորում են, իբր խոշորներին վերահսկելու խնդրով: Կարծում, եմ խոշորներին վերահսկելու այլ ճանապարհներ կան, եւ այս մեթոդը պետք է ավելի ճկուն ձեւ ընդունի: Մենք պետք է հաշվի առնենք, որ այդ միկրոձեռնարկությունները կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք իմ նշած չափանիշների մեջ են, մինչեւ 10 աշխատող էլ չունեն, ընտանիքի ընդամենը 1, 2, 3 անդամներով իրենք փորձում են գոյատեւել: Կան տեսակետներ, որ գուցե իրականում նրանց շրջանառությունն ավելի մեծ է, դրա համար էլ նրանք ուղղակի պատճառաբանում են, որ փաստաթղթավորումը խոշորների հետ կոնֆլիկտ կառաջացնի, կամ դժվարություն կլինի, կամ խոշորները չեն տրամադրում թղթեր, որ իրական շրջանառությունը չերեւա: Իմ կարծիքով չպետք է ընկնել ու փնտրել ով է ճիշտ, ով է սխալ: Իմ կարծիքով, նրանց պետք է հանգիստ թողնել, որ փոքր ու միկրո բիզնեսը զարգանա, որովհետեւ դրանով գործազրկության նվազեցման եւ աղքատության հաղթահարման հարց կարող են լուծել: Այսինքն` թողնել հարկը 1%, բայց փաստաթղթավորում չպահանջել»:

Մանրամասն` տեսանյութում

Aravaot.am-ի այն հարցին, արդյոք պետք չէ՞ ՓՄՁ-ում եղած ստվերն էլ հանել, իհարկե խոշորում եղածը նույնպես, թե՞ ՓՄՁ-ում ստվերը քիչ է, եւ էական հարց չի լուծի, պարոն Մակարյանն ասաց. «Բյուջեի հարկերի առյուծի բաժինն ընկնում է խոշորին, փոքրերին քիչ է ընկնում: Փոքրերն ունեն այլ կարեւոր նշանակություն` զբաղվածություն եւ աղքատության հաղթահարում: Հիմա, եթե մենք ասում ենք եկեք մեր աղքատությունն ու զբաղվածությունը լուծենք, դա ավելի կարեւոր է, կրիտիկական է մեր պետության համար ուրեմն եկեք այս մասը թողնենք հանգիստ, մյուս մասի հարցը լուծենք, սրանց էլ մի 2 տարուց կանդրադառնանք: Բյուջեի խնդիրը լուծենք խոշորի հաշվին»:

Պարոն Մակարյանի ներկայացմամբ` որոշ միջազգային փորձագետների զեկույցներով` տնտեսությունում տնային պայմաններում ինքնազբաղվածության եւ անհատ ձեռնարկատիրության շրջանում արտադրանքների արդյունքում մոտ 1.2 միլիարդ դոլարով ՀՆԱ-ն կարող է ավելանա. «Այսինքն` կան չձեւակերպված ձեռնարկություններ, բայց եթե մենք պայքարենք չգրանցված ձեռնարկությունների դեմ, սա ճիշտ է, ապա տնային ինքնազբաղվածության մասով մենք պայքարելու բան չունենք: Դրանք այլ սոցիալական խնդիր են լուծում` զբաղվածություն, աղքատության կրճատում: Իսկ խոշորներից 1 միլիարդ դոլար տարեկան կարելի է ստվերից հանել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728